Արամ Ավագյանի նոր մենեջերը մեծ ակնկալիքներ ունի հայ բռնցքամարտիկի առաջիկա մենամարտից

19-02-2020 17:56

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը մարտի 13-ին ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում կանցկացնի հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Փետրվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հայտարարեց, որ նոր պայմանագիր է կնքել «Սալիտա» պրոմոութերական ընկերության հետ: Ավագյանի նոր մենեջերը Խաչատուր Խաչատրյանն է, ով էլ հենց զբաղվել է Ավագյանի պայմանագրի և մենամարտի հարցերով: «Արմենպրես»-ը հետ զրույցում Խաչատրյանը խոսել է մենամարտի և համագործակցության մանրամասների մասին: -Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունն Ավագյանի հետ: -Արամին առաջին անգամ տեսել եմ նրա վերջին մենամարտի ժամանակ: Տպավորված էի նրանով: Այնուհետև սոցիալական կայքի միջոցով ծանոթացանք: Սկզբում ընկերական հարաբերություններ ունեինք, իսկ հիմա արդեն գործնական: Ինձ դուր եկավ Արամի մոտեցումը բռնցքամարտին: Նրա համար կարևորը չեմպիոնական ճանապարհն է, ժառանգությունը, անունը, որը կթողնի իրենից հետո: Այսպիսի բռնցքամարտիկները ոգեշնչում են: Մոտ մեկ ամիս առաջ Արամի հետ արդեն անցանք գործնական հարաբերությունների դաշտ: Նա չուներ գործող պայմանագիր և մենեջեր: Ես իմացա դրա մասին և առաջարկեցի նրան օգնել: Իհարկե օգնություն ասվածը պրոֆեսիոնալ մակարդակով և օրենքի ուժով: -Քանի՞ տարվա համագործակցության պայմանագիր եք կնքել: -Իմ և Արամ Ավագյանի միջև կա մենեջերական պայմանագիր՝ 7 տարի ժամկետով: Ինչպես նաև աշխատանքային պարտավորությունների պայմանագիր՝ հաստատված նոտարով: Նույն տևողության պայմանագիր էլ Արամը ստորագրել է «Սալիտա» պրոմոութերական ընկերության հետ՝ 5+2: -Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ ընկերությունը: -Երբ Արամը դիմեց ինձ՝ մենամարտի համար ես ասացի նրան, որ մեկ մենամարտ անցկացնելու հնարավորություններ կան՝ լավ հոնորարով: Սակայն ինքներդ էլ հասկանում եք, Ավագյանը այն բռնցքամարտիկը չէ, որ նախ մնա առանց պայմանագրի, մեկ անգամ գումար վաստակի և ամիսներով սպասի: Նրա մոտիվացիան գումարը չէ, այլ, ինչպես ասացի, չեմպիոնական ուղին է և գոտիները:  «Սալիտա» պրոմութերական ընկերությանն էլ հենց Արամի նման բռնցքամարտիկներն են հետաքրքրում: Նրանք, այսպես ասած, չեմպիոններ աճեցնելու քաղաքականություն ունեն: Երբ նրանք ճանաչեցին Արամին, միանգամից մեկ մենամարտի փոխարեն առաջարկեցին ռեալ պայմանագիր՝ 5+2 տարի ժամկետով: Կարծում եմ հասկանում եք, թե ինչի մասին է սա խոսում: Ինքս համագործակցում եմ շատ հայտնի ընկերությունների հետ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Եվ Արամի համար լավագույն տարբերակն ենք ընտրել: -Մարտի 13-ին կկայանա մենամարտը, որտեղ Ավագյանի մրցակիցը կլինի դոմինիկացի Դագուբետրո Ագուերոն: Ինչպիսինն են Ավագյանի շանսերը ըստ Ձեզ՝ հաշվի առնելով մրցակցի  հաղթանակները (15/0) և Ավագյանի՝ գրեթե մեկ տարի չմենամարտելը: -Ես ոչ մի վայրկյան կասկած չունեմ, որ Արամը հաղթելու է այդ մենամարտում: Ոչ միայն ես, այլև «Սալիտա» պրոմոութերական ընկերությունում են վստահ, որ այստեղ հաղթողը Արամն է: Նա հրաշալի բռնցքամարտիկ է, մենք նրա մեջ տեսնում ենք չեմպիոնի: Նա շատ աշխատասեր է և կարող է դառնալ չեմպիոն՝ տիրանալով բոլոր գոտիներին: Մենամարտին նա կնախապատրաստվի Դետրոյթում՝ աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ:

Lragir.am,
19-02-2020 17:56