Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկն ՌԴ-ի ամենահարուստ կինն է դարձել

20-02-2020 00:45

Wildberries առցանց-ռեթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը: Այդ մասին փետրվարի 20-ին գրում է Forbes հանդեսը: Հրատարակության վարկածով՝ նրա կարողությունը հասել է 1,4 մլրդ դոլարի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այսպիսով, Բակալչուկն առաջ է անցել ցուցակի՝ անցյալ տարիների անփոփոխ առաջատար Ելենա Բատուրինայից, որի կարողությունը կազմում է 1,2 մլրդ դոլար: Նշվում է, որ Բակալչուկի կարողության նոր գնահատումը դարձել է այն փոփոխությունների հետեւանքը, որոնք տեղի են ունեցել նրա հիմնական ակտիվի՝ Wildberries ինտերնետ-խանութի հետ: Հանդեսի տվյալներով՝ 2019 թվականին Wildberries-ի շրջանառությունն աճել է 88 տոկոսով եւ կազմել 223,5 մլրդ ռուբլի: Ինչպես գրում է Forbes-ը, առաջին անգամ Բակալչուկը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2018 թվականին. այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 600 մլն դոլար: Մեկ տարի անց այն աճել է գրեթե կրկնակի, ինչը նրան թույլ էր տվել երկրորդ տեղն զբաղեցնել Բատուրինայից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
20-02-2020 00:45