Շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների առումով դրական շարժընթաց է դիտվում կրթական հաստատություններում

20-02-2020 18:18

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը: Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Չնայած իրավիճակը կայունանում է, սակայն հատկապես Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են աշխատել գերծանրաբեռնված: Բուժում ստացողների 91․7%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Դրական շարժընթաց է դիտվում նաև կրթական հաստատություններում` շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով. եթե փետրվարի 17-ին բացակայությունները կազմում էին 7,1%, ապա այսօր` 4.4% է: Ինչպես գիտեք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝  Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 142, իսկ մարզերում՝  209 երեխա: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն`    հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա H1N1 ենթատեսակի (դիտվում է նահանջ), եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա, խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային:

Lragir.am,
20-02-2020 18:18