Երևանում ներկայացվել են ստորերկրյա ջրերի կառավարման էլեկտրոնային գործիքներ

20-02-2020 19:06

Երևանում փետրվարի 20-ին տեղի ունեցած «Առցանց հարթակներ և խելացի մոտեցումներ» խորագրով միջոցառման ներկայացվել են մի շարք էլեկտրոնային գործիքներ՝ մշակված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացրին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամից, այդ  էլեկտրոնային գործիքները կնպաստեն տեղական և ազգային մակարդակներում ստորերկրյա ջրային ռեսուրսների առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը: »Գործիքները նախատեսված են տարաբնույթ խնդիրների լուծման համար: ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ջրօգտագործողներին տրամադրվող թույլտվությունների գործընթացը կդառնա առավել դյուրին և արդյունավետ: Վեդի քաղաքի բնակիչներն այսուհետ կկարողանան գնահատել ջրի հետ կապված ծառայությունների մատուցումը, անհրաժեշտության դեպքում բողոքել և առաջարակություն ներկայացնել ծառայություն մատուցողներին: Արմավիր ջրօգտագործողների ընկերության հարթակը նպաստում է ջրային ռեսուրսների մասնակցային կառավարմանը՝ ջրօգտագործողներին հնարավորություն տալով հաշվարկել ոռոգման համար իրենց անհրաժեշտ ջրաքանակը և տեղեկատվություն ստանալ ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ: Մշակվել է հեռախոսային հավելված, որը ցույց է տալիս մոտակա ցայտաղբյուրի ճշգրիտ վայրը և հեռավորությունը: Որպես թափանցիկ էլեկտրոնային կառավարման միջոց՝ ծրագրի գործընկեր 10 համայնքներն կիրառում են համակարգչային հեռախոսային գործիքը, որը արձագանքման և վերհասկման մեխանիզմ է ջրօգտագործողների համար: Այս էլեկտրոնային հարթակները և գործիքները հնարավոր է դարձել ստեղծել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Նպատակն է՝ նպաստել  Արարատի և Արմավիրի համայնքներին մշտապես դիտակետում պահել ստորերկրյա ջրերի նվազման խնդիրը և ապահովել ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ կառավարումը:

Lragir.am,
20-02-2020 19:06