Հրայր Թովմասյանը սկսել է. շարքային, թե լիդեր

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Արցախի Վերածննդի օրվա կամ պարզապես արցախյան շարժման տարեդարձի առիթով շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ուղերձ հղել այդ կապակցությամբ: ՍԴ նախագահի կարգավիճակում Արցախի շարժման տարեդարձի առիթով շնորհավորանքը Հրայր Թովմասյանի ոչ թե արարողակարգային, այլ քաղաքական քայլ է: ՍԴ  գործընթացն, անկախ իր շարժառիթից կամ հանգուցալուծման տրամաբանությունից, Հրայր Թովմասյանից կերտել է քաղաքական գործիչ կամ ավելին՝ քաղաքական առաջնորդ: Այդ եզրը գուցե հարաբերական հնչի, քանի որ խոսքն իհարկե առավելապես նախկին համակարգի ուժերի շրջանում առաջնորդության մասին է, բայց ինքնին հանգամանքը կարող է լինել բավական հետաքրքիր քաղաքական իրողությունների արգասիք: Դրա հեռանկարը կախված է այն բանից, թե ինչպես կավարտվի սահմանադրական հանրաքվեն, Հրայր Թովմասյանը կմնա՞ ՍԴ նախագահի պաշտոնին, թե կհեռանա: Բայց, եթե նա հեռանա, ապա նրան շատ դժվար է լինելու հեռանալ այլ տեղ, քան քաղաքականություն: Համենայն դեպս ՍԴ շուրջ զարգացումները, նաեւ պայքարի մասին հայտարարությունները, կամքի, վճռականության մասին հավաստիացումները նրան դրել են կամ-կամ-ի առաջ: Բայց իհարկե ոչ մահ կամ ազատություն, այլ ՍԴ կամ քաղաքականություն: Իսկ այդ հանգամանքն իր հերթին արդեն բավական երկիմաստ իրավիճակ է ստեղծում հենց այն թիմերի շրջանակում, որոնք այս գործընթացում սատարում էին Հրայր Թովմասյանին, եւ որոնք միեւնույն ժամանակ չէին էլ կարող նրան չսատարել, թեեւ տեսնում էին, որ կերտվում է նոր «քաղաքական առաջնորդ»: Բայց, չկար այլընտրանք, քան կամա, թե ակամա մասնակցել դրա կերտմանը, թեկուզ պատկերացնելով, որ այդ «առաջնորդությունը» հետո դառնալու է լուրջ մրցակցություն քաղաքական դիրքավորումների առումով: Նախկին իշխող համակարգում բավական սուր է պայքարը «ընդդիմության առաջնորդի» համար: Հրայր Թովմասյանն այդ պայքարում դառնում է առաջատարի լուրջ թեկնածու, եթե իհարկե նրան ինչ-ինչ ճանապարհներով հենց ներքին սուբյեկտները չարգելեն զբաղվել քաղաքականությամբ եւ ՍԴ պաշտոնը թողնելուց հետո առավելագույնը վերադառնալ հասարակական գործունեության, կամ այլ կերպ ասած՝ դառնալ «շարքային», իհարկե ոչ ընդդիմադիր, այլ իրավապաշտպան:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
20-02-2020 21:32