Ինչ է անհրաժեշտ իմանալ ժառանգության և այն ընդունելու վերաբերյալ

20-02-2020 22:57

Հանրության իրավագիտակցության բարձրացման նպատակով հաճախ հնչող հարցերին պատասխաններ կտրվեն «Արմենպրես»-ի նոր հատուկ նախագծի միջոցով: «Քո իրավական խորհրդատուն» պարբերաբար կներկայացնի հանրության շրջանում իրավունքներին, օրենքների կիրառությանն առնչվող խնդիրների վերաբերյալ մասնագետների պարզաբանումները: Նախագծի առաջին՝ «Ինչ է անհրաժեշտ իմանալ ժառանգության և այն ընդունելու վերաբերյալ» թեմային անդրադառնում է iLawyer  իրավաբանական ծառայություն հիմնադիր-տնօրեն փաստաբան Իրինա Հակոբյանը. «Հաշվի առնելով ժառանգության իրավունքին վերաբերող հարցերի շուրջ առաջացած հասարակության մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև լայն քննարկումները, iLawyer փաստաբանական գրասենյակը անդրադառնում է ժառանգության իրավունքը  ընդունման կարգին և ժամկետներին: Այսպիսով՝ Ժառանգության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-79 գլուխներում ներառված նորմերով: Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չլինելու դեպքերում, ժառանգությանը վերաբերող որոշ հարաբերություններ կարող են կարգավորվել նաև այլ օրենքներով: Ժառանգատուն այն մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված քաղաքացին է, որին պատկանող սեփականության նկատմամբ բացվել է ժառանգություն: Ժառանգատու կարող է լինել յուրաքանչյուր ֆիզիկական անձ` անկախ տարիքից, գործունակ կամ անգործունակ լինելուց, քաղաքացիությունից, սեռից, ռասայից, սոցիալական ծագումից: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է երկու կարգի ժառանգներ` ժառանգներ ըստ օրենքի և ժառանգներ ըստ կտակի: Ըստ օրենքի ժառանգներ են հանդիսանում մահացածի /ժառանգատուի/ հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, իսկ ըստ կտակի ժառանգ կարող են լինել նաև կտակարարի հետ հարազատական որևէ կապ չունեցող անձինք: Ժառանգության դեպքում մահացածի ամբողջ գույքն անփոփոխ վիճակում անցնում է այլ անձանց: Ժառանգության զանգվածն այն ամենն է, ինչը կենդանության օրոք պատկանել է մահացածին և պահպանվել նրա մահից հետո: Այն կարող է իրենից ներկայացնել շարժական կամ անշարժ գույք,  դրամ, արժեթղթեր, գույքային իրավունքներ  և պարտավորություններ, որոնք չեն դադարում նրա մահվամբ և կարող են փոխանցվել նրա ժառանգներին: Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում և ժառանգման կարգով չեն փոխանցվում ժառանգատուի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես՝ ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքները, այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում օրենքով: Ժառանգական զանգվածի մեջ են մտնում, հետևաբար ժառանգման առարկա են հանդիսանում և ժառանգներին են փոխանցվում ոչ միայն ժառանգատուի սեփականությունը համարվող գույքը (բնակարան, մեքենա, կենցաղային իրեր, դրամ և այլն), այլև նրա գույքային իրավունքները և պարտավորությունները: Ժառանգատուն իր կենդանության օրոք կարող է կնքած լինել մի շարք գործարքներ և այլ անձանց հետ հարաբերություններում հանդես գալ որպես պարտատեր կամ պարտապան: Ժառանգատուի պարտավորություններով պահանջները ենթակա են բավարարման ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի արժեքի սահմաններում, և դրանք բավարարելու պարտավորությունը ժառանգատուի ունեցած գույքի հետ միասին փոխանցվում է այն ժառանգներին, ովքեր ընդունել են ժառանգությունը:   Եթե ժառանգման ենթակա գույքը բաժանվել է մի քանի ժառանգների, ապա ժառանգներից յուրաքանչյուրը ժառանգատուի պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն է կրում ժառանգության՝ իր ստացած բաժնի արժեքի սահմաններում: Այսպիսով, ժառանգության զանգվածն իրենից ներկայացնում է ժառանգատուի մահվան պահին գոյություն ունեցող իրավունքների և պարտականությունների ամբողջությունը, որոնք իրենց բնույթով ժառանգման կարգով կարող են փոխանցվել այլ անձանց: Ըստ կտակի և օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները: Եթե չկա կտակ, ապա ժառանգությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով: Ժառանգությունը ընդունելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը: Օրենքը թույլ է տալիս նաև ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով, պայմանով, որ լիազորագրում հատուկ նախատեսված լինի այն ընդունելու լիազորությունը: Ժառանգությունն ընդունելու համար դիմումը ժառանգի կողմից պետք է ներկայացվի ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում:  Եթե վեցամսյա ժամկետում ժառանգը չի ընդունում ժառանգությունը, ապա նա կորցնում է ժառանգությունն ընդունելու իրավունքը: Սակայն, եթե ժառանգության ընդունման ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով, օրինակ՝ հիվանդություն, արտասահմանում գտնվելը և այլն, ապա ժառանգի դիմումի հիման վրա ժառանգությունը կարող է ընդունվել դատական կարգով: Մինչև ժառանգության բացումը՝ ըստ օրենքի մահացածի բաժինն անցնում է նրա երեխաներին ներկայացման իրավունքով ժառանգություն և նրանց միջև բաշխվում հավասարապես: Ներկայացման իրավունքով չեն կարող ժառանգել ժառանգությունից մեկուսացված կամ ժառանգատուի կողմից ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգները երեխաները: Անձին ժառանգությունից մեկուսացնելու, այսինքն՝ ժառանգման իրավունքից ժառանգին զրկելու հիմքերն ու պայմանները սահմանված են ՀՀ Քաղաքացիական  օրենսգրքի 1191 հոդվածով, համաձայն որի..․․ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգությունից մեկուսացվում են այն անձինք, ովքեր՝ դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը, դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին, մահափորձ են կատարել ժառանգատուի կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկի նկատմամբ: Բացառություն են կազմում այն անձինք, որոնց նկատմամբ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո: Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը դատարանով քաղաքացուն մահացած ճանաչելը առաջացնում է նույն իրավական հետևանքները: Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է, իսկ եթե ժառանգատուի բնակության վերջին վայրը արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում՝ շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը: Ամփոփելով վերոգրյալը՝ ավելացնենք, որ եթե ժառանգատուն մինչև մահը բնակվել է Երևանում, ապա վերջինիս ժառանգները կարող են ժառանգության իրավունքի վկայականները ձեռք բերել Երևան քաղաքի ցանկացած նոտարական տարածքում»:

Lragir.am,
20-02-2020 22:57