Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել. Փաշինյան

20-02-2020 23:13

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում բացառում է սուպերվարչապետական համակարգի հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինեն, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը կարևոր համարեց արձանագրել, որ ժողովրդավարությունը Հայաստանում կասկածի տակ լինել չի կարող: «Մենք հիմա վստահ ասում ենք, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար որևէ՝ արտերկրից ներմուծված երևույթ չէ: Դա մեր ժողովրդի արժեհամակարգի մասն է, և դրա համար մենք ունենք ապացույց: Մի ապացույցը 1988թ. ժողովրդավարական շարժումն է, որն առաջիններից էր ողջ սոցիալիստական ճամբարի հատվածում, երկրորդը 2018թ. հեղափոխությունն է, որն էլի աննախադեպ էր»,- նշեց վարչապետը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ևս վերահաստատել էր, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող: «Հայաստանում սուպերվարչապետական համակարգ այսօր գոյություն չունի, որովհետև այնտեղ, որտեղ ժողովուրդն իշխանություն է, որտեղ համակարգային կոռուպցիան ջախջախված է, և ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ»,- նշել էր Փաշինյանը:

Lragir.am,
20-02-2020 23:13