Եթե որևէ հարց առնչվում է Ռուսաստանին ու Թուրքիային, զիջողի դերում կլինի ռուսական կողմը

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց է, որ Թուրքիան Իդլիբը չի թողնի Ասադի ռեժիմի ներքո: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, սա իրական սպառնալի՞ք է, թե՞ պարզապես մեսիջ՝ ինչ–որ բան ստանալու համար: Թուրքիան շարունակ վկայակոչում է Սոչիի համաձայնագիրը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը խախտում է այն, քանի որ չի կասեցնում Բաշար Ասադի բանակի գրոհը: Ռուսաստանն էլ հայտարարում է, որ ինքը չի կարող ամբողջովին վերահսկել Բաշար Ասադի գործողությունները, ինչին Թուրքիայում բնականաբար չեն հավատում: Այլ կերպ ասած՝ Էրդողանը չի ցանկանում հրաժարվել այն ամենից, ինչը նախկինում ստացել է Պուտինի համաձայնությամբ: Ես Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը գնահատում եմ իրական սպառնալիք և հավատում եմ, որ նա ունակ է նոր ռազմական գործողություն սկսել Բաշար Ասադի բանակի դեմ, որը շրջապատել է Իդլիբում թուրքական մի շարք ռազմական հենակետեր: Էրդողանը ցանկանում է ամեն գնով պահպանել այդ հենակետերը, թույլ չտալ, որ Բաշար Ասադի բանակը մոտենա Աֆրինի շրջանին, որը Թուրքիան օկուպացրել է 2018թ․, ինչպես նաև Թուրքիայի Հաթայ նահանգին, որը մինչև վերջերս Սիրիան համարում էր իր տարածքը: Իդլիբը Թուրքիայի համար կարևոր է նաև նրանով, որ նա այդպիսով անգամ հետագայում կարող է արգելափակել Սիրիայի քրդերի հնարավոր ելքը դեպի Միջերկրական ծով: Թուրքիայում թերևս համարում են, որ Սիրիան այլևս չի լինի նախկինի նման և չեն բացառում, որ մի օր Սիրիայի քրդերը վերստին խոշոր հաջողություններ կարձանագրեն և կփորձեն դուրս գալ Միջերկրական ծով: Այնպես որ, իրատեսական եմ համարում, որ Էրդողանն առաջիկա օրերին կարող է մասշտաբային ռազմական գործողություններ սկսել Բաշար Ասադի բանակի դեմ: Նկատենք, որ մինչ այս Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում միմյանց դեմ պատերազմում էին միջնորդավորված՝ Բաշար Ասադի բանակի ու ապստամբական/ահաբեկչական խմբավորումների միջոցով: Մինչդեռ ներկայում Էրդողանը կարող է բավական հանգիստ ռազմական գործողություններ սկսել Բ․ Ասադի դեմ, իսկ Պուտինը չի կարող նույն հանգստությամբ ռազմական գործողություններ սկսել թուրքական բանակի դեմ: Այնպես որ, Էրդողանն այստեղ լուրջ առավելություն ունի: Պետք է հաշվի առնել նաև այն, որ Թուրքիան կարող է արագորեն Սիրիայում ապահովել բավական մեծ ռազմական մեծ ներկայություն, մինչդեռ Սիրիայից շատ ավելի հեռու գտնվող Ռուսաստանի նման հնարավորությունները սահմանափակ են: Էրդողանը նաև հայտարարել է, որ չնայած Իդլիբի շուրջ բանակցությունները ՌԴ–ի հետ շարունակվում են, սակայն իրենք դեռևս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց: Ձեր կարծիքով ի՞նչ արդյունք կարող են տալ այդ բանակցությունները և որը կարող է լինել փոխզիջումը: Այո՛, կողմերը հայտարարում են, որ համաձայնության չեն եկել: Իմ կարծիքով՝ այստեղ հնարավոր է երկու սցենար, որոնցից յուրաքանչյուրի դեպքում զիջողի դերում ավելի շատ լինելու է ոչ թե Թուրքիան, այլ՝ մյուս կողմը (Սիրիա, ՌԴ): Դրանցից մեկի համաձայն՝ թուրքական բանակը մասշտաբային ռազմական գործողություն է սկսում Բաշար Ասադի բանակի դեմ և նրան դուրս է մղում Իդլիբի նահանգից, վերականգնում է ոչ վաղ անցյալի ստատուս քվոն: Երկրորդ սցենարի համաձայն՝ ձեռք է բերվում փոխզիջում, ըստ որի՝ Պուտինն ու Ասադը համաձայնվում են Թուրքիայի վերահսկողության տակ թողնել Աֆրինին ու Հաթային սահմանակից Իդլիբի նահանգի շրջանները: Մոսկվան հայտարարում է, որ Թուրքիայի կողմից Իբլիդում ռազմական գործողությունը վատագույն սցենարը կլինի: Եթե իսկապես Թուրքիան դիմի նման քայլի, ի՞նչ զարգացումներ կարող են լինել, Մոսկվան ինչպես դրան կարձագանքի՞: Ընդհանրապես, Ռուսաստանի ու Թուրքիայի փոխհարաբերություններում շատ կարևոր են նրանց առաջնորդների անձնական շփումներն ու երազանքները: Ըստ իս՝ Էրդողանն աշխարհի մասշտաբով թերևս միակ մարդն է, ով ունակ է ի կատար ածել Պուտինի երազանքը․ ի պատասխան ԽՍՀՄ (Վարշավյան բլոկ) փլուզման՝ սկսել ՆԱՏՕ-ի փլուզման գործընթաց (Էրդողանը Թուրքիան դուրս է բերում ՆԱՏՕ-ից՝ միգուցե միջուկային զենք ստանալու դիմաց): Ելնելով այս մեկնակետից և վերջին տարիների զարգացումներից՝ հակվել եմ այն մտքին, որ եթե որևէ հարց առնչվում է Ռուսաստանին ու Թուրքիային, ապա առաջին հերթին զիջողի դերում կլինի ռուսական կողմը (Պուտին): Այս պատճառով էլ չեմ կարծում, թե Մոսկվան ռազմական համատեքստում կարող է լրջորեն հակազդել Իդլիբին առնչվող Թուրքիայի ռազմական պլաններին: Ճիշտ է՝ Ռուսաստանը կարող է ձգձգել թուրքական լոլիկի ներկրման գործընթացը, բայց դա քիչ է մտահոգում Էրդողանին, որի համար նեոօսմանյան հավակնությունները, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին հասնելու ու անցնելու, պատմության մեջ շատ ավելի խորը հետք թողնելու անձնական մղումները զբաղեցնում են շատ ավելի կարևոր տեղ: Ընդհանրապես, Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սիրիայի հարցում ի՞նչ փոխզիջումներ են հնարավոր: Իդլիբի մասով հնարավոր փոխզիջման մասին արդեն նշեցի, կողմերը չեն կարողանա փոխզիջման գալ Բաշար Ասադի հետագա կառավարման մասով, իսկ բուն Սիրիայի մասով բոլոր փոխզիջումները, ըստ էության, արդեն կայացվել են: Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցության պայմաններում Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրել է մի շարք ռազմական գործողություններ, դրանով իսկ իր ռազմական ներկայությունն է հաստատել ու մեծացրել Սիրիայում, «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով վերահսկողության տակ է առել մոտ 8200 կմ2 տարածք (տնտեսական համատեքստում շահագործում այն), մեծացրել է հետպատերազմյան Սիրիայում իր՝ ձայնի իրավունք ունենալը, սեպ է խրել Թուրքիայի ու Սիրիայի քրդերի միջև, զգալիորեն նվազեցրել է Սիրիայի քրդերի տարածքային և ռազմական ձեռքբերումները, հնարավորություն է ստացել հետ վերադարձնելու միլիոնավոր սիրիացի փախստականներին, նրանց համար Սիրիայի հյուսիսում բնակավայրեր կառուցելու և այդպիսով իր շինարարական ոլորտին նոր շունչ հաղորդելու համար, հնարավորություն է ստացել փոխելու ժողովրդագրական պատկերը Սիրիայի հյուսիսում, այն վերաբնակեցնելու իրեն հավատարիմ թուրքոմաններով, ստեղծելու թուրքոմանական աղեղ (կամար), ինչպես նաև հեռանկարում հանրաքվե կազմակերպելու Սիրիայի հյուսիսում, և տարածքը միացնելու իրեն: Ռուսաստանում կարծես թե գտնում են, որ Սիրիայի հարցում բավական մեծ օգուտներ են տվել Թուրքիային, որը պետք է երախտապարտ լինի դրա համար, սակայն, ինչպես ասում են, «ախորժակն ուտելիս է բացվում», և Թուրքիան ձգտում է քաղել առավելագույնը ստեղծված իրավիճակից: Թուրքիան չի ցանկանում լքել Սիրիայի հյուսիսը, առավել ևս հիմա, երբ նա դեռ չի ավարտել ժողովրդագրական պատկերի փոփոխման գործընթացը: Թուրքիայում հասկանում են, որ մի օր հարկադրված են լինելու լքել Սիրիայի հյուսիսը, և բոլոր գործողությունները տարվում են նրան, որ սահմանի առաջին 5 կիլոմետրում բնակեցվեն թուրքմենները, ապա՝ հավաքագրում ու մշակում անցած սիրիացի (արաբ) փախստականները և հետո նոր Սիրիայի քրդերը: Այդպիսով, Թուրքիան առնվազն երկշերտ (թուրքոմաններ, արաբ փախստականներ) սեպ կամ պատվար է կառուցում Սիրիայի հետ սահմանին: Հեռանկարում էլ հենց թուրքոմանների զբաղեցրած տարածքները կարող են դառնալ Թուրքիայի 82-րդ նահանգը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
20-02-2020 23:39