Իրանում Հայաստանի դեսպանությունը դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

23-02-2020 14:02

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը, նշված է «Ֆեյսբուք»-ում դեսպանության էջում: «Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախօրեին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորել է է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: «Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին: ՀՀ դեսպանության հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509, բջջային հեռախոսահամար՝ +989121051639 Էլ. փոստ` [email protected]»,- նշվել էր տեղեկատվության մեջ: Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից մահացածների թիվն Իրանում փետրվարի 23-ին հասել է 18-ի: Ինչպես տեղեկացրել է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի աղբյուրներին: Փետրվարի 22-ին Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը տեղեկացրել էր նոր տիպի կորոնավիրուսով վարակման 28 և դրանից մահվան 5 դեպքերի մասին: Այդ վարակից Իրանում հիվանդացության առաջին դեպքերի մասին առաջին հաղորդումները հայտնվել են փետրվարի 19-ին: 2019-nCoV նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019թ. դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ընդունել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ այն բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: ՉԺՀ սահմաններից դուրս վարակվելու դեպքեր են գրանցվել 27 երկրում: Փետրվարի 23-ի առավոտի դրությամբ՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2 442-ի, առողջացել է 22 888 մարդ, հիվանդացածների քանակը հասել է 76 936-ի:

Lragir.am,
23-02-2020 14:02