Բանակի թիվ մեկ թշնամին «դավադրությունների տեսությունն» է

23-02-2020 14:36

Ոչ մարտական պայմաններում զինվորների` հաճախակի դարձած կորուստները հասարակությանը ցնցակաթվածի մեջ են գցել: Ինքնասպանությունները, դժբախտ դեպքերը, «դեռեւս չբացահայտված հանգամանքներում» կատարված սպանությունները, կարծես թե, պատահականություններից վերածվում են օրինաչափության, եւ այդ երեւույթի կողքով անտարբեր անցնելն անհնար է: Այս օրերին զինծառայողի մահվան պատճառների մասին տարբեր տեսակետներ ու վարկածներ են հնչում` սկսած «դավադրությունների տեսության» ոգով համակված դատողություններից, վերջացրած պրոֆեսիոնալ առումով եւ բարոյահոգեբանորեն անպատրաստ հրամանատարական կազմի թույլ աշխատանքով: Մատնանշվում են զինվորների շրջանում ծաղկող ոչ կանոնադրական, քրեական ենթամշակույթ մարմնավորող հարաբերությունները, «սեւերի» եւ «սպիտակների» ներազգային լարվածության դրսեւորումները, որոնք հասարակությունից բանակ են ներմուծում առանձին զորակոչիկներ: Ինչ վերաբերում է «դավադրությունների տեսությանը», ապա այն, ըստ որոշ լուրերի, հատուկ է արվում շահագրգիռ շրջանակների կողմից, որպեսզի «հեղափոխական» իշխանության» դեմ հանրային դժգոհություններ սկսվեն: Կամ էլ` ընդհակառակը, սա իշխանությունների ձեռքի գործն է, որպեսզի Արցախի հարցում զիջումների գնան, եւ ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ լինի դրան: Մենք բերեցինք հասարակության մեջ շրջանառվող ամենատիպական տեսակետները, բայց` ոչ բոլորը: Եվ այսպես` հանրության խորը զայրույթի ու սոցցանցերի բուռն արձագանքի հենքին, երբ ամեն ինչ արդեն քաղաքական երանգ էր ստանում` ընդհուպ մինչեւ Հայաստան-Արցախ հակադրություն, կառավարությունը ստիպված եղավ «օպերատիվ» կերպով մի քանի քննարկումներ կազմակերպել, եւ արդյունքում որոշ բարձրաստիճան զինվորականներ հրաժարական ներկայացրին: Այսինքն` «մեղավորները» գտնվեցին, եւ հանրային տիրույթում բորբոքված կրքերը հետզհետե սկսեցին մարել: Սակայն դժվար է կանխատեսել, թե ինչպիսի համընդհանուր ընդվզում կարող է կրկին բարձրանալ, եթե, Աստված մի արասցե, բանակում խաղաղ պայմաններում նոր ողբերգություններ տեղի ունենան: Կառավարությունն իսկապես որոշակի քայլեր ձեռնարկեց, սակայն հանրությանը չներկայացվեց Զինված ուժերում եղած խնդիրների եւ դրանց լուծումների որեւէ համապարփակ ուսումնասիրություն, ոչ մի հստակ եզրակացություն չարվեց: Լավ, «ռազմական գաղտնիք» համարվող հարցերը մի կողմ թողենք եւ կենտրոնանանք բացառապես հասարակությանը վերաբերող հիմնախնդիրներին` չէ՞ որ բանակ-հասարակություն շղթայում վերջինս իր բաժին անելիքներն ունի: Զինված ուժերում առկա հարաբերությունները չի կարելի համարել զուտ բանակին վերաբերող խնդիր: Սոցիալական ցանցերում տարբեր լուծումներ են առաջարկվում: Քննարկվում է, օրինակ, այն հարցը, թե որքանով է նպատակահարմար զինվորին երկու տարի ընտանիքից կտրելու պրակտիկան: Ոմանք` իբրեւ արդյունավետ լուծում, բերում են իսրայելական բանակի փորձը, որտեղ արձակուրդներն ավելի հաճախակի են լինում, եւ ընտանիքի ու հասարակության հետ ակտիվ կապը մեղմում է ծառայության հետ կապված հոգեբանական խնդիրները, օգնում է լիցքաթափել կենցաղային հողի վրա առաջացող միջանձնային լարվածությունը եւ հաղթահարել բարոյահոգեբանական խոչընդոտները: Սրանք հարցեր են, որոնց հանգուցալուծման գործում մեծ դեր է վերապահված ընտանիքին եւ հասարակությանը: Բանակն իր հերթին պետք է հանրության առջեւ հնարավորինս բաց լինի, իսկ զինվորի ու սպայի պատվի գեղագիտական շարժառիթների կանոնավորման հարցում` ավելի կրեատիվ: Իհարկե, բանակում խնդիրներից, այդ թվում` անցանկալի դիպվածներից չես խուսափի: Խոսքը մեր դեպքում ռիսկերը նվազեցնելու մասին է` այն հաշվով, որպեսզի հայոց բանակի եւ պետականության կորուստներ չունենանք: Այդ իմաստով` ամենավտանգավորը «դավադրությունների տեսությունն» է, որը կարող է հոգեբանորեն քայքայել ե´ւ պետականության գաղափարը, ե´ւ բանակի կայունությունը: Acnis.am խմբագրական

Lragir.am,
23-02-2020 14:36