Վիեննայում Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց է կայացել

23-02-2020 17:46

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 22-ին Վիեննայում տեղի է ունեցել քայլերթ և ցույց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցը մեկնարկել է Վիեննայի «Հոֆբուրգ» կայսերական պալատի մոտ՝ մասնակիցների կողմից գերմաներեն և անգլերեն լեզուներով Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող հայտարարություններով: Այնուհետև Հայաստանի, Արցախի և Ավստրիայի դրոշներով և Ադրբեջանին դատապարտող պաստառներով ցուցարարները շարժվել են դեպի Վիեննայի կենտրոնում գտնվող Սուրբ Ստեֆանի (Stephansplatz) հրապարակ: Ցուցարարները պաստառներ են բարձրացրել` «Մենք արդարություն ենք պահանջում Բաքվի և Սումգայիթի ջարդերի զոհերի համար», «Բաքվի և Սումգայիթի ջարդերը՝ անպատիժ հանցագործություն», «Ադրբեջանը մեղավոր է էթնիկական զտումների համար» և այլ կոչերով: Բազմաքանակ անցորդներին, զբոսաշրջիկներին բաժանվել են թռուցիկներ, գրքեր և տեսաերիզներ՝ Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին:

Lragir.am,
23-02-2020 17:46