Պոպլավոկ

23-02-2020 19:50

Վերատպված է «Հայք» թերթից (40(140)) 11.07.1992թ. Երևան կոչվող փոքր քաղաքում, ուր կան Բանգլադեշ և Հաղթանակ զբոսայգիներ, ուր երբեմն կանգ է առնում մետրոյի գնացքներից մեկը, իսկ մյուս գնացքն աշխատում է կրկնակի ծանրաբեռնվածությամբ, ուր կինոթատրոն Ռոսիան կարծես բոլորի աչքի փուշն է (անունն էլ հենց սկզբից ժողովրդի սրտով չէր, և ծայրահեղականների մի խումբ՝ դեռ էն գլխից կտրտում-փչացնում էր կաշեպատ նստարանները), ցույցեր, գործադուլներ, նստացույց, հացադուլներ և էլի ամեն տեսակ բաներ տեսած տեսած այս քաղաքում եթե երկու անծանոթ մարդ են հանդիպում ու զրուցում դեսից-դենից, վերջում պարզվում է, որ այսինչի այսինչը զրուցակցի այսինչի այնինչն է: Երևան կոչվող փոքր քաղաքում ի վերջո համարյա բոլորն էլ իրար ճանաչում են: Ճանաչելու համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին հատկապես 1988 թվականի փետրվարյան օրերին, երբ միտինգների հզոր ալիքը մի թիզ՝ մի քանի քառակուսի մետր տարածքի վրա էր համախմբում հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց: Այդ օրերին, քնաթաթախ ու մտազբաղ, նրանք չէին կասկածում, որ հետո ասելու են. «Ես կանգնած էի այնտեղ, այսինչի կողքին, իսկ այնինչը գնացել էր մի կտոր բան բերելու»: Ո՞վ էր հյուրասիրում. էական չէր: Թվում էր՝ կատարվել է կարևոր, շատ կարևոր մի բան և պետք է որ այդպես էլ շարունակվի, բայց նրանցից ոչ ոք չէր կարող ենթադրել անգամ, որ կարող են լինել և այնպիսի օրեր, երբ հենց էդ մի կտոր բանի պատճառով շատ-շատերը չեն ցանկանա ճանաչել միմյանց:  Այս գիտակցությունը գալու էր հետո: Իսկ մինչ այդ, 1990 թվականի դեկտեմբերն էր, ամանորյա գիշեր: Բազմաքանակ մի ժողովուրդ  պարում էր Ազատության հրապարակում, գույնզգույն խաղալիքներով տոնածառի շուրջ: Պարում էին Երևան կոչվող փոքր քաղաքի բնակիչները, որոնք անցած երկու տարիների ընթացքում արդեն ճանաչել էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին: Այդ պայծառ գիշերվա ընթացքում շատ-շատերը ընդունեցին միմյանց: Նրանք, ովքեր դեռ անծանոթ ու օտար էին, ընդունեցին միմյանց, քանզի ասացին նույնը. «Լևոնը եկավ, Վազգենը եկավ…»: Հեռուստատեսությունը հաստատեց. նրանք իրոք եկել էին: Այդ անմոռանալի գիշերը ազատ էր տանկերից, զրահամեքենաներից, պահակատուն ընկնելու, պարետային ժամը խախտելու վտանգներից, այնինչ Ազատության հրապարակում զվարճացող մարդիկ լուսադեմին համտեսեցին տտիպ գազի հեղձուկն ու տարակուսեցին: Համախմբելու ժամանակը, և համախմբվածը պառակտելու ժամանակը: Ոմանց տարան շտապբուժօգնության ավտոմեքենաներով, ոմանք տուն հասան թունավորման ակնհայտ նշաններով ու դեռ քանի օր սոդայաջուր էին խմում: Դա ևս միմյանց ճանաչելու համար էր: Այս ամենը ես հիշեցի՝ որպեսզի համախմբեմ վերջին տարիների իմ տպավորությունները, որոնք միատեղվում են Պոպլավոկ կոչվող սրճարանում: Հետաքրքիր հատկություններ ունի այս քաղաքի ժողովուրդը: Կա՛մ զոսայգիների անցուղիները հարմար չեն, կ՛ամ էլ դա բոլորովին նշանակություն չունի, և մարդիկ էլի կգնան այնտեղով, որտեղով հարկ կհամարեն՝ խոտերի մեջ նոր արահետներ բացելով: Կա՛մ փողոցների անցումներն ու գետնանցումները ճարտարապետական խառնիճաղանջություն են, կա՛մ էլ խաթարում են քաղաքի ինքնատիպությունը, քանզի եթե ամեն ոք փողոցն անցնում է այնտեղով, որտեղով ինքն է ուզում, ուրեմն քաղաքին անցումներ ընդհանրապես հարկավոր չեն: Աշխարհում այդպիսի քաղաք հո կարող է լինել: Եվ էլի՝ մենք քմահաճ ենք նաև անունների հարցում, քմահաճ ու սրամիտ, որովհետև Երիտասարդական պալատը դարձնում ենք Կրծած կուկուռուզ, Սուրեն Հարությունյանին՝ Սիրանուշ, Առագաստ սրճարանը՝ Պոպլավոկ: Սա ես չեմ հորինել: Այդպես է ու վերջ: Թաղումներ կազմակերպելու հարցում էլ վարպետ ենք: Հարսանի՞ք: Խնդրեմ: Լավ քեֆ կանենք: Բայց եթե մենք մահվան և ծնունդի միջև միջակություն չենք ճանաչում, ուրեմն «Ժամանակ» ինֆորմացիոն ծրագիրը մեզ ծայրահեղական կոչելով՝ արդարացի էր: Ինչպե՞ս: Ամբողջ մի ազգ և ծայրահեղակա՞ն: Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել՝ ապացուցելով, որ սա հերյուրանք է, բայց հոգնել եմ. մի բաժակ դառը սուրճ կխմեմ Պոպլավոկում, կգնամ իմ գործին: Թող ուրիշները վիճեն: Գնացեք Ազատության հրապարակ: Այնտեղ կան մարդիկ, ովքեր առավոտից իրիկուն վիճում են, բացատրում ու հաստատում են, գոռում են, կաշվից դուրս են գալիս: Ո՞րն է ճշմարտությունը: Ահա դեռ հեռավոր 1988-ի փետրվարին, երբ հարյուր հազարավոր մարդիկ նույն հարյուր քառակուսի մետրի վրա ճանաչում էին միմյանց և ճանաչում էին նրանց, ովքեր դեռ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ չէին, ոչ ոք կասկածել անգամ չէր կարող, որ գալու է օրը, և իրենց թևաթափ խմբերը անվերջ վիճելու են՝ մեռցնելով դատարկ-հրապարակային օրեր: Այս ամենը վերջացավ: Հավաքվող աթոռների սուր ծղրտոցն ուղեկցեց Պոպլավոկից հեռացող մտավորականներին, որոնց համար մնացածը դատարկ խոսակցություն է, քանզի նրանք գիտեն, որ մեզանում կա Պիղատոս անունով մեկը, և նա արդեն հարցրել է. «Ի՞նչ է ճշմարտությունը»: Այս ամենը վերջացավ: «Լրաբեր» ինֆորմացիոն ծրագիրը երեկոյան կհայտնի Ղարաբաղում, Ղափանում, Մեղրիում, ես ինչ գիտեմ էլ որտեղ զոհվածների թիվը, որ իրապես Աստծուն է հայտնի: Այդ թիվը մայրերի համար չէ: Նրանք իրենց որդիներին են ճանաչում և իրենց որդիների Հայրենիքը: Երևան կոչվող քաղաքն իր նվիրական հիշողություններն է վստահել Պոպլավոկ սրճարանին, որն այժմ լռում է: Լռում է այն տղերքի պես, որոնք նստել են այս աթոռներին, մեզ հետ խմել են սրճաջուրը և հիմա չկան: Լռում է այն մտավորականների ու արվեստագետների պես, որոնք մերժում են Երևանի մեծ առուծախը՝ իրենք իրենց հավատարիմ մնալով: Այդ մարդիկ այլընտրանք չունեն: Մարտիրոս Սարյանի արձանի մոտ եռուզեռ է: Գունատ մի երիտասարդ ֆլեյտա է նվագում. պայուսակը՝ փողի համար: Այստեղ վաճառվում են նկարներ, արծաթեղեն, Ղարաբաղի գորգեր… Հասկացե՛ք, սա քաղաքական պայքար է, պատերազմ է, պտուտախաղ է. անիվին՝ ամբողջ մի ժողովուրդ: Դիմացե՛ք: Դատարկվում է Պոպլավոկը: Այնտեղ մի գիժ կա՝ Մստո անունով: Ես սիրում եմ նրան: Այն օրերին, այն հեռավոր օրերին, երբ դեռ հավաքվում էինք Պոպլավոկում, երբ մոտենում էր Մստոն՝ սիգարեթ հաջողացնելու, կատակով հարցնում էինք. «Մստո՞, հիմա ի՛նչ անենք»: Սուրճի բաժակները հավաքելով, նա պատասխանում էր. «Լահմաջոյի արանքը պուճուր պիստալետ դրեք, կերեք»: Այն օրերի պայքարը Պայքար անունով կնքեց Պոպլավոկի ամենահին աշխատողներից մեկին: Այն օրերի շարժումը պատահական մարդկանց չէր ընտրում, որովհետև շարժումը ժողովուրդն էր: Պայքար տատը, հոգնած, առավոտից գիշեր աշխատող այս կինը երբեք պատահական մարդ չի կարող համարվել: Նա կա՝ Պոպլավոկի հիշողության պես: Մեր հիշողությունները շարունակ ավելանում են: Մենք դրանցից չենք կարող փախչել  և ինքներս մեզանից չենք կարող փախչել: Գուցե պետք է գտնե՞լ այն պուճուր պիստալետը, որ կարելի է դնել լահմաջոյի մեջ և ուտել: Կամ՝ այն մեծ ատրճանակը, որ իր ծանրությամբ, միմիայն զենքին հատուկ ծանրությամբ կհիշեցնի. «Ես մսով հացի արանքը դրվելու համար չեմ: Օգտագործիր ինձ տղամարդու պես»: Սմբատ Բունիաթյան Հ.Գ. Կինս բերեց «Հայք» թերթից մնացած մի պատառիկ ու ասաց. «Տես ինչ ես գրել: Հիշո՞ւմ ես այս օրերը»: Իսկ դուք հիշո՞ւմ եք:

Lragir.am,
23-02-2020 19:50