Ինչքան էլ դժվար լինի այդ դղյակների տերերի համար, բայց դրանք կարելի է մանկապարտեզների, ծերանոցների, տուն-ինտերնատների վերածել

Lragir.am-ի հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը Պարոն Բաղդասարյան, օրերս վարչապետը բացահայտեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Երևանում կառուցված դղյակներն ապօրինի են: Այս դղյակների հարցը տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է եղել: Ինչպե՞ս պետք է լուծել այդ խնդիրը: Ես այդքան էլ «թավշյա» մարդ չեմ, գտնում եմ, որ առաջընթացի համար մի կարևոր նախապայման կա, որ ոչ թե պատժի մեջ խիստ լինես, այլ պատիժը լինի անխուսափելի: Սա ամենակարևոր բանն է: Այս խնդիրներն այս վարչապետի օրոք չեն ծագել, խորը արմատներ ունեն: Եվ երբ մենք մոտ 10 տարի առաջ բանակի խնդիրների մասին խոսում էինք, ես հասարակ օրինակ էի բերում, ասում  էի՝ նայեք գեներալների դղյակներին և հասկացեք, թե ինչ բանակ ունենք, վերջ: Մարդը եթե պատճառահետևանքային պրիմիտիվ կապը կարողանում է հասկանալ, ինքն այդ հաշվարկները կկարողանա անել: Ես մի ֆրանսիացի ընկեր ունեի, 1990-ականներին եկավ Հայաստան, թշվառ կյանքի օրոք փողոցում տեսավ շքեղ մեքենաներ, ասաց՝ երևում է, կյանքը ձեզ մոտ շատ վատ է: Այսինքն՝ նրա մոտ այդ մեքենաներն առաջացրեցին այդ պատճառահետևանքային կապը, որը ճշմարիտ էր: Ինչքան էլ դժվար լինի այդ դղյակների տերերի համար, բայց դրանք կարելի է մանկապարտեզների, ծերանոցների, տուն-ինտերնատների վերածել: Այո, բոլորը պետք է տեսնեն, որ անհնար է գողացածը վայելելը: Հակառակ դեպքում, մենք առաջընթաց չենք ունենա: Ես ներկա իշխանություններին էլ «պրիտենզիա» ունեմ, Օպերայի մոտի սրճարանների առաջին գիծը քանդեցիք, շատ լավ է, բայց ինչո՞ւ եք կանգ առնում Սամվել Ալեքսանյանի օբյեկտի մոտ: Ինչո՞ւ կանգ առաք, կիսատ չի կարելի թողնել: Ես որպես սովորական մահկանացու մտածում եմ, որ երևի Սամվել Ալեքսանյանն ակտիվություն է ցուցաբերել, մի բան արել է, «լեզու է գտել» իշխանությունների հետ: Այսինքն՝ պետք է այնպես անել, որ կասկածները բացառվե՞ն: Այո, եթե մաքրվում է, ուրեմն ամբողջ առաջին գիծը պետք է մաքրվի: Մեկ տարի ժամանակ եք տվել, աշխատատեղերի խնդիր կա, շատ լավ, բայց դա պետք է թափանցիկ լինի: Իսկ այդ դղյակներն անխնա պետք է վերադարձվեն ժողովրդին: Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Այսինքն՝ չպե՞տք է թույլ տալ, որ նրանք օրինականացնեն այդ կառույցները: Օրինակ՝ տեղեկություն կա, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է դատարանի միջոցով օրինականացնել իր առանձնատունը: Այն, որ Հովիկ Աբրահամյանը դատարան է դիմում, արդեն ծիծաղելի է: Հովիկ Աբրահամյանը ոչ թե պետք է դիմեր դատարան, այլ պետք է դատարանի առաջ կանգնած լիներ՝ մեղադրյալի աթոռին նստած: Ծիծաղելի է, բա ես ո՞ւմ դատի տամ, 30 տարի մեր կյանքից խլեցին, էս ժողովրդի երկու սերնդի ցույց տվեցին, որ արդար աշխատելով երբեք չես հարստանա, պիտի գողանաս միայն: Ահա թե ինչ են սերմանել սերմացու գողացող այդ մկները: Եվ դրա հետևանքն է, որ մենք այսօր ունենք այս վիճակը, այս խնդիրները խորքային արմատներ ունեն: Նրանք նշանակված միլիոնատերեր են եղել: Ես դեռ տարիներ առաջ եմ ասել՝ պետական ռեսուրսը ձեռքներից վերցնես, ամսական 1000 դոլար չեն կարողանա աշխատել, այդքան ընդունակություն չունեն: Պետական ռեսուրսներ են թալանել, մեկին գազի տրուբա են նվեր տվել, մյուսին՝ մեկ այլ ոլորտ, իրենց նշանակել են միլիոնատեր: Դուք հիմա ինձ առաջարկում եք, որ նրանց ներենք, անցնենք առաջ: Շատ լավ է, էլի անցնենք առաջ, բայց ժողովուրդը պետք է գոնե տեսնի, որ սա պատժվում է: Իսկ եթե սա պետք է դեկլարատիվ բնույթ կրի, եթե հանկարծ կես քայլ անեն կամ ասեն ու չանեն, ուրեմն այս իշխանություններն ավելի վատն են, քան նախկինները: Ես բացարձակ չեմ ուզում, որ որևէ մեկի արյունը թափվի, բայց պատիժը պետք է անխուսափելի լինի, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն: Այսինքն՝ դուք առաջարկում եք այդ առանձնատները վերցնել նրանցից ու տարբեր հաստատությունների՞ վերածել: Այո, շատ մտահղացումներ ունեմ ես, թող դիմեն, կասեմ: Այդ դղյակները մանկապարտեզներ, պատկերասրահներ կարող են լինել, կարող են հանվել աճուրդի, գումարը գնա պետական բյուջե: Եվ այդ դեպքում արդեն որևէ մեկն օրինական ձևով կգնի: Բայց, եթե դրանք պետական զբոսայգու վրա են կառուցված, ես կարծում եմ, այդ տարածքը նորից պետք է զբոսայգի դառնա: Վատ բան է տուն քանդելը, բայց 20 տարի ուրիշի տները քանդելն էլ է վատ բան: Չի կարող երկիրը լինի 50 ընտանիքի համար, նրանք հարստանան, հիմա էլ գնան դատարաններ, ասեն՝ օրինականացրեք, էս ի՞նչ եք անում: Ես բացահայտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ այս իշխանությունների թուլությունը կադրային քաղաքականությունն է: Թե ինչի հետևանք է դա, արդեն երկրորդային հարց է՝ վախի, չվստահելու, այլ կադրեր չունենալու և այլն: Եթե ես էլ լինեի, ես էլ կվախենայի, որովհետև յուրաքանչյուր գործողություն հակագործողություն է  առաջացնում, դու պետք է պատրաստ լինես դրան, կարողանաս դա անել, դա ինքնանպատակ չէ, դա պետք չէ անձնավորել՝ ինչքան ուզենամ, ոտք կսրբեմ վրան և այլն, դա պատժի անխուսափելիությունն է: Անգամ որոշ դեպքերում կարող է սիմվոլիկ լինել, բայց պատիժ է սա, անխուսափելի է պատիժը: Մենք սերունդ ենք մեծացնում, որին պետք է ցույց տանք, որ չի կարելի, պատիժը կարող է ուշանալ, բայց անխուսափելի է: Իսկ եթե անպատժելիության մթնոլորտ է, կներեք, այսպիսի պետություն ինձ պետք չէ:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
23-02-2020 22:47