Ինչ է կատարվել շինարարության ոլորտում 2018-2019 թթ.

24-02-2020 11:48

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է շինարարության դինամիկային 2018-2019թթ.-ին: 2019թ.-ին շինարարության ծավալները կազմել են 434.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ աճը 2018թ.-ի համեմատ` 4.6%: Շինարարության ծավալների 42%-ը իրականացվել է ընկերությունների միջոցների հաշվին, որոնց ծավալները 2018թ.-ի համեմատ աճել են 1.4%-ով (տե՛ս գծապատկեր 1): Ընկերությունների միջոցների հաշվին իրականացված շինարարության կառուցվածքում 12.3%-ը իրականացվել է  օտարերկրյա ներդրողների կողմից, որոնց ծավալները ևս աճել են՝ 10.5%-ով: Սա նշանակում է, որ օտարերկրյա կապիտալով ընկերությունների կողմից իրականացված շինարարության ծավալներն ավելի արագ են աճել, քան տեղական ընկերությունների միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները: Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալները 2019թ.-ին կազմել են ոլորտի ծավալների 29.6%-ը, իսկ աճը 2018թ.-ին կազմել է 8.9%: Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալների 59.9%-ը իրականացվել է միջազգային վարկային միջոցների հաշվին, որոնց ծավալները 2018թ.-ի համեմատ կրճատվել են 4.4%-ով: Ուստի կարող ենք փաստել, որ 2019թ.-ին բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալներն ավելի արագ են աճել, քան միջազգային վարկային միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքները: Գծապատկեր 1. Շինարարության ծավալներն 2019թ.-ին՝ ըստ  ֆինանսավորման աղբյուրների (%)   Միջազգաին վարկային միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալների 25.7%-ը իրականացվել են ՌԴ-ից ստացված վարկային միջոցների հաշվին, որոնց ծավալներն աճել են 32.7%-ով (Մեծամորի ԱԷԿ-ի հիմնանորոգում իրականացնելու նպատակով): Ասիական զարգացման բանկից ստացված միջոցների հաշվին իրականացվել են վարկային միջոցների հաշվին կատարվող շինարարական աշխատանքների շուրջ 21%-ը, իսկ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցների հաշվին՝ շուրջ 18.1%-ը, որոնց ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են համապատասխանաբար՝ 19.3 և 35.8  տոկոսով: Բնակչության միջոցների հաշվին կատարված շինարարության ծավալները 2019թ.-ի կազմել են շինարարության ծավալների 25.2%, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 6.1%-ով:  Այս աճին  նպաստել է նաև այն հանգամանքը, որ  2019թ.-ին նախորդ տարվա համեմատ 7.5 անգամ ավելացել են առևտրային բանկերի կողմից տրամադրվող անշարժ գույքի կառուցապատման համար նախատեսված վարկերը՝ կազմելով 6.2 մլրդ ՀՀ դրամ: Շինարարության ծավալների 52.9%-ը իրականացվել է ք. Երևանում՝ արձանագրելով 4.6% աճ: Երևանի ծավալներին հաջորդել են Արմավիրում իրականացված շինարարության ծավալները՝ 8.7%, ինչը պայմանավորված է նաև Մեծամորի ԱԷԿ-ով, որի շնորհիվ մարզում իրականացված շինարարության ծավալները 6.5% աճ են արձանագրել: Այսպիսով՝ 2019թ.-ին շինարարության ծավալների աճը պայմանավորված է եղել ընկերությունների, բնակչության, ինչպես նաև բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալների աճով, մինչդեռ միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են: 2020թ.-ի բյուջեի ուղերձով նախատեսված նոր միջազգային վարկերի ներգրավումը, բյուջեով նախատեսված շինարարական աշխատանքների ծավալները, ինչպես նաև կառավարության կողմից հիփոթեքային վարկավորման մատչելիությունն ապահովող ծրագրերը և բնաչության եկամուտների աճը կպայմանավորեն շինարաության աճի տեմպը 2020թ.-ին:

Lragir.am,
24-02-2020 11:48