Զոհրաբ Մնացականյանը հայտնեց «Դարի գործարքի» և Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

24-02-2020 13:09

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ՝ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Վաշինգտոնի կողմից առաջարկված Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորման պլանին («Դարի գործարք»): «Հայաստանն առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, ինչը պայմանավորված է Սուրբ քաղաքում հայկական դարավոր ներկայությամբ, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է: Հայաստանը դիտում է Արևելյան Երուսաղեմը որպես 1967թ. գրավված տարածքների մի մաս և գտնում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում»,- ասաց Մնացականյանը: Նախարարը նշեց, որ Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի՝ երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերը: «Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրագործմամբ՝ անկախ պետության ստեղծման ձգտմանը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Lragir.am,
24-02-2020 13:09