Զոհրաբ Մնացականյանը բացատրել է Մյունխենյան սկզբունքները

24-02-2020 13:41

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ օգտագործեց «Մյունխենյան սկզբունքներ» ձևակերպումը: Նա նշեց, որ այդ սկզբունքներն արտահայտում են այն դիրքորոշումները, որոնք ձևավորված են Հայաստանի կողմից և որոնց շուրջ Հայաստանն աշխատում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: «Մյունխենյան սկզբունքները՝ վարչապետի կողմից արտահայտված, ավելի համապարփակ կերպով արտահայտում է այն, ինչ խոսվեց Մյունխենում: Դրանք համալրում են մեր այդ մոտեցումները, որովհետև Մյունխենյան սկզբունքների մեջ չի արտահայտվում որևէ բան, որը վերափոխում է, վերաձևավորում է մեր դիրքորոշումը, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ»,- ասաց Մնացականյանը: Անդրադառնալով Մյունխենում կայացած Ալիև-Փաշինյան դեբատին, որի ձևաչափը քննադատությունների ենթարկվեց, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ղեկավարներն են որոշել, թե ինչպես կուզեն ներգրավվել այս ձևաչափի մեջ: Երևույթն, ըստ Մնացականյանի, դրական է, քանի որ ղեկավարների մակարդակով բաց զրույցում քննարկվում են հարցեր: «Այստեղ կա մտահոգիչ խնդիր, որը վերաբերում է միգուցե մեր համակարգերի տարբերությանը, որովհետև այն մեկնաբանությունները, որոնք ես տեսա ադրբեջանական մամուլում ու տարբեր պաշտոնյաների կողմից, որոնք պրոպագանդիստական ծայրահեղ մակարդակի էին հասցված, դրանք մեղմ ասած՝ օգտակար չեն և անընդունելի են»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ հայ հասարակության մեջ ունենք ավելի բաց քննարկում: «Հարց եղավ՝ արդյոք կարգավիճակի հարցն անտեսվո՞ւմ է, ոչ, չի անտեսվել ու չի կարող անտեսվել, անտրամաբանական է նման կերպ գնահատել: Մեր դիրքրոշումը մնում է կայուն, այն արտահայտված է տարբեր ձևաչափերով, Մյունխենյան սկզբունքների արտահայտությունը նաև համալրումն է այն մոտեցումների, որոնք կայուն են և ունեն իրենց արտահայտությունը բոլոր հնարավոր ձևաչափերով: Հայաստանը եղել ու մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ այդ շրջանակներում մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, որոնք վարչապետ Փաշինյանն արտահայտեց նաև Մյունխենյան սկզբունքներում: Լուծումներ, որոնք ընդունելի են բոլոր կողմերի, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզիջում: Իսկ փոխզիջումը նշանակում է ճանապարհ, որն ունի երկու ուղղություն, և միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել: Այդ առումով մեզ համար ամենասուր հարցերը եղել և մնում են ԼՂ մեր հայրենակիցների ռեալ, իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի հարցը»,- ասաց նախարարը:

Lragir.am,
24-02-2020 13:41