Հայաստանի հեռուստադիտողի ինչի՞ն է պետք ռուսական քարոզչությունը

24-02-2020 14:55

Հայաստանի հանրային մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու ՌԴ դեսպանության միջև հեռակա բանավեճի ֆոնին հատկապես կարևոր են դառնում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մեդիա մոնիտորինգի արդյունքները՝ միտված եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները բացահայտելուն: Չխորանալով քանակական ցուցանիշների մանրամասների մեջ՝  նշենք միայն, որ Հայաստանում հեռարձակվողներից ամենից շատ հակաեվրոպական բովանդակություն է արձանագրվել ռուսական «РТР-Планета» ալիքի լրատվական և հասարակական-քաղաքական ծրագրերում: Այստեղ այդ «բարիքը» նշանակալիորեն ավելի շատ է, քան հայկական բոլոր հեռուստաընկերություններում միասին վերցրած: Սակայն գլխավորը նույնիսկ քանակը չէ, այլ բուն բովանդակությունը, որում մանիպուլյացիաները, թշնամանքն ու ատելությունն այն աստիճանի են, որ ակամա հարց է առաջանում՝ իսկ այս ամենը Հայաստանի հեռուստադիտողի, ընդհանրապես ցանկացած դիտողի ինչի՞ն է պետք: Օրինակ, «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» թոք-շոուի ընթացքում մարդիկ հասնում են նրան, որ ֆաշիզմը ներկայացնում են իբրեւ եվրոպական մշակույթի մաս: Իսկ վարողն էլ ոչ միայն չի փորձում նրանց պատշաճության կոչել, այլև ինքն է նույն թեմայով մանիպուլյացիայի դիմում: Այսպես, խոսելով ֆաշիզմի և զանգվածային սպանությունների մասին, Սոլովյովը մեղքը բարդում է ողջ Եվրոպայի վրա. «… Դա թույլ տվեց քաղաքակիրթ Եվրոպան, որը ուրախությամբ սպանությունների ուղարկեց իր քաղաքացիներին… Եվրոպան դրա համար զղջացե՞լ է: Ո՛չ» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2020 թ. փետրվարի 12-ի թողարկում): Նույն հաղորդման ժամանակ Սոլովյովի բարձրաձայն մտորումներն ավարտվում են խտրականության ակնհայտ դրսևորմամբ. « … Ապստամբության ընդունակ էին միայն Խորհրդային Միության մարդիկ և հրեաները, Արևմուտքի մարդիկ կոտրվեցին… նրանք անմիջապես հանձնվեցին: Իսկ խորհրդային մարդիկ և հրեաները ընդունակ էին դիմադրության»: Իհարկե, միամտություն կլինի ենթադրել, թե Սոլովյովը չգիտի ֆրանսիական դիմադրության, գերմանական հակաֆաշիստական շարժումների, մյուս ժողովուրդների պարտիզանական պայքարի մասին: Բայց դրանք հիշելը նրան պետք չէ, նրա խնդիրը Եվրոպան և եվրոպացիներին սևացնելն է, նրանց վարկաբեկելը: Ընդհանրապես, ֆաշիզմը Սոլովյովի սիրած թեման է: Եվ այս առումով, այլ փորձագետների թվում, նրա ֆավորիտը Իսրայելից հասարակական գործիչ Յակով Կեդմին է, որը պնդում է. «Մայն կամպֆ», ահա սա է եվրոպական արժեքը: Նացիզմը եվրոպական արժեքների բուն էությունն է, որը Եվրոպան իր պատմության ընթացքում արմատավորել է ամբողջ աշխարհում» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2019 թ. նոյեմբերի 20-ի թողարկում): Չգիտեմ՝ հեռուստադիտողն ինչ մտածեց, բայց այս մանիպուլյացիան Սոլովյովին, կարծես, այնքան դուր եկավ, որ նա մեկ շաբաթ անց դարձյալ Կեդմիին հրավիրեց ստուդիա, եւ այս անգամ էլ իսրայելցի գործիչը հայտարարեց. «Ես կրկնում եմ և կկրկնեմ. նացիզմը ժողովուրդների անհավասարության վրա հիմնված եվրոպական քաղաքակրթության ծնունդ է» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2019 թ. նոյեմբերի 26-ի թողարկում): Կարելի է բերել ուրիշ թեմաներով ևս բազմաթիվ նման օրինակներ, որ Սոլովյովն ու «РТР-Планета»-ի այլ ծրագրերի նրա գործընկերները մատուցում են հեռուստադիտողին:  Սակայն, հավանաբար, սա էլ բավական է պատկերացնելու համար, թե ինչպես են ռուսական քարոզչության առաջամարտիկները կիսաճշմարտություններ և բացահայտ սուտ, ատելության խոսք և զանազան մանիպուլյացիաներ տարածում: Եթե այդ ամենը նախատեսված լիներ բացառապես ռուսական լսարանի համար, ապա դա մեզ համար օրախնդիր չէր լինի: Սակայն «РТР-Планета»-ն հեռարձակվում է Հայաստանում միակ հանրային մուլտիպլեքսով և հասանելի է ողջ երկրի հեռուստադիտողներին, ընդ որում՝ բացարձակապես անվճար: Ընդսմին, ռուսական հեռուստաընկերությունների վրա չեն տարածվում ոչ տեղական օրենքները, ոչ էլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավորիչ գործառույթները. «РТР-Планета»-ն մեզ մոտ հեռարձակվում է միջպետական պայմանագրի հիման վրա: Հասկանալի է, որ Ռուսաստանը Արևմուտքի հետ դիմակայությունում իր քարոզչական խնդիրները լուծում է, ցավոք, ոչ միայն երկրի ներսում: Սակայն նորից հարցնենք. ինչո՞ւ պետք է հայ հեռուստադիտողը ենթարկվի ռուսական հեռարձակողների «մշակմանը» և դառնա տարբեր անվանարկումների զոհը: Չէ՞ որ նույն միջպետական պայմանագիրը, անշուշտ, չի ենթադրում, որ «РТР-Планета»-ն իր լրատվական և հասարակական-քաղաքական ծրագրերով պետք է հայկական լսարանին ապատեղեկացնի, մոլորեցնի, նրա մոտ իրադարձությունների, երևույթների, երկրների և ժողովուրդների մասին խեղաթյուրված կարծիք ձևավորի: Կարող են առարկել՝ ասելով. թող չնայեն եթե դուր չի գալիս: Սակայն հայտնի բան է՝ քարոզչությունը նման է աներես ճանճի. քշում ես, մեկ է՝ շարունակում է տզզալ ականջիդ տակ: Եվ այս պատճառով պետք է փնտրել լուրջ որոշումներ, հնարավոր է՝ անգամ միջպետական մակարդակում: Աշոտ Մելիքյան, Մեդիա փորձագետ

Lragir.am,
24-02-2020 14:55