Լևոն Երանոսյանի գործով դատական նիստին որպես տուժող ներկա է Ալեն Սիմոնյանը

24-02-2020 15:14

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթանում է 2018-ին ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում որպես տուժող ներկա է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, և  դատական նիստում ուսումնասիրվում են տեսաձայնագրությունները: Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Երանոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնասվածք:

Lragir.am,
24-02-2020 15:14