Իդլիբն ու ռուսական արգելակները

24-02-2020 18:48

Սիրիական բանակի ռազմավարական նշանակություն ունեցող տեղաշարժերը ոչ միայն գետնի վրա իրավիճակային փոփոխություն են առաջացրել, այլ նաեւ զգալիորեն փոխել են խաղի կանոնները: Սիրիական զինյալ ուժերը տարածքներ են մաքրազտում ահաբեկիչ տարրերից եւ ձգտում են Իդլիբի ամբողջական ազատագրմանը: Դամասկոս-Հալեպ մայրուղու թե Հալեպի օդանավակայանի վերահսկմամբ սիրիական պաշտոնական բանակը տիրական ներկայություն  է վերահաստատում այդ շրջանի կարեւորագույն կետերի վրա: Այս մաքրազտման զինարշավը, բնականաբար, հաշտ ընկալում չի ունեցել Անկարայի կողմից, որը այդ տարածքների վրա ուղղակի-անուղղակի ներկայություն պահելու հրամայական ուներ: Անուղղակին այս դեպքում զինյալ այն տարրերն են, որոնք իբրեւ խաղաթուղթ շահարկվում են Անկարայի կողմից, հատկապես իբրեւ հակակշիռ ուժ քրդական գործոնին: Այժմ թիրախն Իդլիբն է: Մինչեւ Իդլիբը, սակայն, այն բոլոր գործողությունները, որոնք ձեռնարկեց սիրիական բանակը եւ հատկանշական տեղաշարժեր արձանագրելով իրականացրեց որոշ մաքրազտման արշավ, չէին իրականանա առանց Մոսկվայի կանաչ լույսի, չասելու համար՝ նրա ներշնչանքի: Այս բոլորը պատճառ դարձան, որ խախտվի Մոսկվա-Անկարա կարճաժամկետ դրվածքով ձեւավորված ռազմավարական գործընկերությունը: Հիմա ռուսական արգելակներն սկսել են արդեն գործել թուրքական հարձակողապաշտության դեմ: Ոչ միայն հյուսիսային Սիրիայում Անկարային չհաջողվեց իրականացնել անվտանգության գոտու սահմանագծումը, որ հանկերգի նման հնչեցնում էր սիրիական պատերազմի առաջին օրից, այլ այժմ Իդլիբի ուղղությամբ եւս իր ռազմահենակետերը զիջելու հարկադրանքի տակ է փաստորեն: Մոսկվան պաշտոնապես հայտարարում է, որ ամբողջովին աջակից է Իդլիբի արմատական մաքրազտմանը եւ ազատագրմանը, մինչ Թուրքիան իր օդային տարածքն է փակում ՌԴ-ի դեմ եւ սպառնական պայմանաժամերով խոսում իր երբեմնի դաշնակցի հետ: Այս բոլորը` դերերի բաշխումով, իհարկե, որովհետեւ զուգահեռ` նախ երկկողմ, ապա եռակողմ, ներառելով Թեհրանը, աշխատում է  կայացնել Մոսկվա-Անկարա-Թեհրան եռակողմ հանդիպումը` վերահամաձայնությունների հանգելու համար: Այս առումով առաջադրում է միջազգային հանդիպում՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի մասնակցությամբ: Նպատակը՝ թուրքական դիտակետերի սահմանագծման միջազգային համաձայնություն ապահովելն է: Սպառնալիքները իրականությունում բառային տարողությունները չեն առարկայացնում: Եղածը սահմանափակ բախումներ են, վերահսկելիությունից դուրս չեկող: Հարձակումները չեն ծավալվում միշտ նկատի ունենալով գեթ ներկա պայմաններում ռուս-թուրքական զորքերի բախումը, թեկուզ երրորդ երկրի տարածքների վրա: Ռազմական ընդհարումների ձեւաչափը շարունակում է մնալ հիմնականում Անկարայի հովանավորած զինյալ խմբավորումներ-սիրիական բանակ ձեւաչափում: Անցում կա դեպի սիրիական եւ թուրքական բանակների միջեւ կայացող ընդհարումների հարթություն, առանց թեւակոխելու այլ սահմաններ: Անկարայի ձեռնարկած գործողություններն առավելաբար հետախուզական բնույթի սահմանափակ հարձակումներ են, ստուգելու համար հակադարձության տարողությունը: Թվում է, որ դրանք չեն հատում իրենց իսկ կողմից ճշտած սահմանը: Հայտնաբար Մոսկվան մտադիր չէ Անկարայի ցարդ ձեռք բերած վերահսկողությունից ավելիին համաձայնություն տալու: Ուժերի տեղաբաշխումից հետո, այժմ առաջադրվում է Իդլիբը թուրքական ուղղակի-անուղղակի տիրույթից դուրս բերելը: Այնտեղ գտնվող զինյալները, թեեւ վերանվանված եւ փոխակերպված, այդուհանդերձ, շարունակում են կրել թուրքական հովանավորությունը, ֆինանսավորումը: Այդ ռազմակայանը նաեւ վարձկան զինյալներ է արտադրում՝ Թուրքիայի համար այս անգամ Լիբիայում գործողություններ իրականացնելու համար: Իդլիբը Անկարայի համար տարածաշրջանային ռազմակայան է երրորդ տարածքների վրա պատերազմներ մղելու եւ թուրքական գոտիներ ձեւավորելու համար․ զինյալների արտադրամաս: Ռուս-թուրքական ապամերձեցումը աննկատ չի անցել Վաշինգտոնի կողմից, որը փորձում է վերագնահատելՆԱՏՕ-ի իր դաշնակցին: ԱՄՆ նախագահը հայտարարում էր, որ իր երկիրը պատրաստվում է խորհրդակցելու Անկարայի հետ Իդլիբի ճակատագրի շուրջ եւ բնականաբար պատրաստ է միասնաբար ելք գտնելու իրավիճակից: Այս հայտարարությունը հրապարակվում էր, երբ Մոսկվա-Անկարա-Թեհրան եռակողմ հանդիպման կայացումը անորոշության էր մատնվել: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եռակողմ հանդիպման առիթ կտրվի Իդլիբի ճակատագրի որոշումից հետո: Այս դեպքում` մաքրազտումից հետո: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Lragir.am,
24-02-2020 18:48