«Ցավալին այն է, որ մեր իրանցի բարեկամները, ցանկություն ունենալով, չեն կարողանալու Հայաստան այցելել»

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի հետ Հայաստանի ցամաքային սահմանի փակման հետևանքով զբոսաշրջային հոսքերի նվազեցմանը: «Սահմանի ժամանակավոր փակումը Հայաստանում հանրային առողջության ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունից բխող միջոցառում է: Եվ այստեղ առաջնային չէ խոսել այցելությունների վնասի մասին: Նման միջոցառմամբ մենք նաև ապահովում ենք մեր իմիջը՝ որպես հանրային առողջության տեսանկյունից անվտանգ երկիր: Խոսքն աշխարհի մյուս երկրներից զբոսաշրջային այցելությունների մասին է, որովհետև հակառակ դեպքում կարող էր նվազել ընդհանրապես ամբողջ աշխարհից դեպի Հայաստան այցելությունները, եթե մարդիկ վտանգ զգային Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության մասով»,- ասաց Ապրեսյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարիներին Նովրուզը նշելու համար յուրաքանչյուր տարի մարտ ամսին միջինը 20 հազար իրանցի է այցելել Հայաստան: «Այսինքն՝ միջինը մոտ 20 հազար այցելություն այս տարի կարող ենք չունենալ, մի փոքր ավելի, մի փոքր պակաս: Բայց սա անհրաժեշտ միջոցառում էր: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության այս քայլը հասկանալի կլինի թե մեր հանրության, թե մեր հարևան ու բարեկամ Իրանի համար»,- ասաց նա: Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ դեռ նկատելի չէ՝ աշխարհում կորոնավիրուսի տարածվածությամբ պայմանավորված զբոսաշրջային հոսքերի նվազում կա, թե ոչ: Ըստ նրա՝ մարդիկ շարունակում են տեղաշարժվել: «Անպայման կլինի մարդկանց մոտ զգուշություն, բայց այն երկրներ, որտեղ նման խնդիր չկա, զբոսաշրջիկները կայցելեն: Չմոռանանք, որ թռչնի գրիպի ժամանակ, շատ հետաքրքիր էր, բայց նույնիսկ այցելությունների աճ եղավ: Այսինքն՝ դա ժամանակավոր բնույթ կրեց և չխանգարեց այցելություններին: Այնպես որ, չպետք է մտածել, որ այցելությունների էական նվազումներ են լինելու: Կապրենք կտեսնենք, բայց հուսանք, որ Իրանի հետ սահմանի փակումն էլ ժամանակավոր բնույթ է կրում, և մինչև Նովրուզ իրավիճակը կկարգավորվի: Այստեղ ցավալին այն է, որ մեր իրանցի բարեկամները, ցանկություն ունենալով, չեն կարողանալու Հայաստան այցելել»,- հացվելեց մասնագետը: Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2019 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ: 2018-ի համեմատ աճը կազմել է 14.7 տոկոս:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
24-02-2020 19:27