Հայ-ռուսական հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստը

24-02-2020 20:52

Ռոբերտ Ղևոնդյան Քաղաքական գիտությունների թեկնածու, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է համընկնող շահերի բազմազանությամբ, ինչը, սակայն, չի բացառում հակադարձ շահերի գոյությունը: Համագործակցային ներուժը բավականին մեծ է, իսկ իրականացվող համատեղ ծրագրերն ընդգրկում են ռազմական ու տնտեսական մեծածավալ նախաձեռնություններից մինչև երկու երկրների արտաքին ու ներքին քաղաքական գործընթացների վրա ազդեցության ողջ միջակայքը: Ընդ որում, ինչպես Ռուսաստանն ունի Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականության վրա ազդեցության հնարավորություններ, այնպես էլ Հայաստանն է տիրապետում ազդեցության մի շարք լծակների, որոնցից է հայկական հոծ համայնքը Ռուսաստանում: Այնուամենայնիվ, այս լծակն ունի նաև հակառակ ազդեցությունը՝ համայնքի շատ անդամների ֆինանսական միջոցները, անձնական հեղինակությունը, կապերը և այլն օգտագործվում են Հայաստանում ռուսական գործոնի ակտիվացման նկատառումներով: Ի թիվս այլ միջոցների՝ Ռուսաստանի վրա ազդեցության լծակներից է նաև, որքան էլ որ պարադոքսալ չթվա, Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի ձևավորած տարածաշրջանային նախաձեռնություններում: Ռուսական ներկա իշխանությունների աշխարհաքաղաքական «կայսերական» պատկերացումները փոխպայմանավորում են ՌԴ արտաքին քաղաքականության բաղադրիչները, որոնց շարքում առանցքային են նշված տարածաշրջանային բազմակողմանի ծրագրերը: Այնուամենայնիվ, այդ նախաձեռնությունները սովորաբար ներկայացնում են երկկողմ հարաբերությունների համախումբ, որտեղ ամեն մի պետություն ընդհանուր ձևաչափում գործում է ՌԴ-ի հետ իր փոխհարաբերությունների տրամաբանության շրջանակներում: Այդ կազմակերպությունների մյուս անդամների միջև փոխհարաբերություններն ածանցվում են վերոնշյալ տրամաբանությունից: Բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ Ռուսական աշխարհաքաղաքական ժամանակակից միտքն իր արմատներն է ձգում դեռևս դեպի 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ, երբ առաջին սլավոնաֆիլներ Սեմյոնով Տյան-Շանսկին[1] և Իվան Դուսինսկին ձևակերպեցին Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Մասնավորապես Դուսինսկին, վերլուծելով ժամանակի միջազգային իրավիճակն ու ռուսական իրականությունը, նշում է. «Մեր արտաքին քաղաքականության ազգային խնդիրները հանգում են ռուսական ժողովրդական-պետական օրգանիզմի քաղաքական (տարածքային-ազգագրական) և տնտեսական աճին»[2]: 20-րդ դարի ընթացքում Ն. Տրուբեցկոյի[3], Պ. Սավիցկու[4] և մի շարք ուրիշների մոտեցումները եվրասիականության յուրօրինակության ու բացառիկության վերաբերյալ դարավերջին ընդհանրացրեց Լև Գումիլյովը: Նա Եվրասիա է անվանում Եվրոպա և Ասիա մայրցամաքների միջև ընկած բնական լանդշաֆտով առանձնացող հատվածը, որտեղ բնակվում են «եվրասիական» ազգությունները: Գումիլյովը գտնում է, որ այդ տարածքը ներկայումս գտնվում է «վելիկոռուսական» տիրապետության ներքո: Ընդ որում, այս տերմինն ընդգրկում է բազմաթիվ էթնիկական միավորներ. «Վելիկոռոսիյան, որպես էթնիկական տերմին, նշանակում է էթնոսի բարդ ազգագրական կազմ, որն ընդգրկում է շատ հարևանների, այս դեպքում՝ սլավոնների, ուգրո-ֆինների, թյուրք-կումանների, յակուտների, բուրյատների, արևելյան բալթերի և մոնղոլ-թաթարների, որոնց մեծ մասը լուծվել է գերակայող էթնոսում, իսկ փոքրը պահպանվել է որպես մասունք»[5]: Գումիլյովը շատ ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, որ թաթար-մոնղոլական լուծն իրականում «վելիկոռուսական» կամ ռուս-թուրանական՝ «եվրասիական» էթնոինքնության բյուրեղացման կարևորագույն գործոն է եղել, ինչը, այդպիսով, հնարավորություն չի տալիս իրադարձությունները բնութագրել որպես «լուծ», այլ միայն փոխհարստացման պատմական դրական գործընթաց[6]: Թեև այս մոտեցումը սուր քննադատությունների արժանացավ, սակայն մինչ օրս դեռևս արդիական է որոշակի գիտական և, հատկապես, քաղաքական շրջանակներում:  Փաստորեն Գումիլյովը պատկերացնում էր մի իրավիճակ, որի դեպքում «Եվրասիականությունը», որպես ուրույն քաղաքակրթություն, ներառելով սլավոնական և մերձսլավոնական շրջանակները, կարող է և պետք է հակադրվի «Արևմտյան» քաղաքակրթությանը՝ այսպիսով առաջարկելով գլոբալ զարգացման այլընտրանքային դիպաշար: Պետք է նշել, որ այս մոտեցումը Սառը պատերազմի պայմաններում որոշակի գաղափարական հիմնավորում ուներ: Հետխորհրդային սկզբնական շրջանում, սակայն, Ռուսաստանի աշխարհաքաղական կողմնորոշումն այլ էր: Նախագահ Բ. Ելցինը տեսնում էր Ռուսաստանը որպես եվրոպական ընտանիքի մաս, ինչի մասին նա բազմիցս արտահայտվել է[7]: Այնուամենայնիվ, 2000 թվականից սկսած, երբ Ելցինին փոխարինեց Վ. Պուտինը, ՌԴ աշխարհաքաղաքական կողմնորոշումը ստացավ ընդգծված «եվրասիականության» երանգներ: Արագորեն սառեցնելով ներքին՝ Չեչնիայի խնդիրը՝ Վ. Պուտինը նախանշեց այն տարածությունը, որը ՌԴ ազդեցության գոտին է, իսկ դրան հարող հատվածները սահմանային են «ցամաք-ծով» աշխարհաքաղաքական հակամարտության ենթատեքստում: Ռուսաստանը «ցամաքային» քաղաքակրթություն առաջնորդող ուժն է, այն դեպքում, երբ տարածաշրջանի մնացած պետությունները, անկախ սեփական քաղաքական կշռից, ընդգրկվում են «աշխարհաքաղաքական ճամբարում»՝ ընդամենը որպես երկրորդական դեր ունեցող մասնակիցներ: Այս կողմնորոշման արդյունքում հետխորհրդային տարածությունում Ռուսաստանն ակտիվ կերպով սկսեց պրոպագանդել և իրականացնել ինտեգրացիոն նախագծեր: Եվ եթե ԱՊՀ-ն որպես կառույց որևէ վճռական դերակատարում չունի գլոբալ համատեքստում, ապա ՀԱՊԿ և ԵՏՄ նախագծերը մասնակից պետությունների ներքին ու արտաքին քաղաքական կյանքի առանցքային կողմնորոշիչներն են ամփոփում: ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ. ՀԱՊԿ ԵՎ ԵԱՏՄ Թեև «Եվրասիական տնտեսական միությունն» առաջին հայացքից զուտ տնտեսական նախագիծ է, սակայն իրավացիորեն նշում է պրոֆեսոր Հ. Ադոմեյթը. «Դրա առաջնային նպատակները, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական են, որոնք մեծ մասամբ պետք է իրականացվեն տնտեսական ճանապարհով»[8]: Այս առումով պետք է նշել, որ «եվրասիականության» տրամաբանությամբ այս նախագծերը միավորում են «ցամաքային» ճամբարի որոշակի հատվածը՝ հակադրվելով աշխարհաքաղաքական «ծովային» ճամբարին: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի համար այս նախագծերում Ուկրաինայի, Վրաստանի և մի շարք այլ «սեփական ազդեցության գոտու երկրների» բացակայությունն ընկալվում է որպես ռուսական աշխարհաքաղաքական շահերի խախտում: Ավելին, նշված պետությունների ձգտումը դեպի այլ տարածաշրջանային նախագծեր  (օրինակ ԵՄ) համարվում է հակառակորդ ճամբարի կողմից ուղղակի ոտնձգություն սեփական «բնական» իրավունքների հանդեպ: Ինչպես «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը» (ՀԱՊԿ), որը միջազգային տարածաշրջանային կազմակերպության  կարգավիճակ ստացավ 2002թ․, այնպես էլ ԵԱՏՄ-ն աստղակերպ կազմակերպություններ են, որտեղ առանցքում կա մեկ գլխավոր պետություն, որին հարում են տարածաշրջանի այլ պետություններ: Այդ պետությունը, ըստ «Եվրասիականության» տեսության, Ռուսաստանն է, որը համախմբում է «ցամաքային» տերություններին տարբեր ոլորտային նախագծերում: Սա ի վերջո հանգում է «եվրասիական» ընդհանուր «ցամաքային» ուժի ձևավորմանը՝ ի հակադրություն «ծովային» («արևմտյան») ուժի: Այս տրամաբանության շրջանակներում պետք է դիտարկել նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը՝ ռազմավարական գործընկերությունից մինչև «մաքսային միությանը» և ԵԱՏՄ անդամակցությունը: Ռուսաստանի ճնշումն այս կազմակերպություններին անդամակցության հարցում ուներ ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական դրդապատճառներ: Հետևաբար «Անվտանգության հարցը վճռորոշ էր Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության օգտին ընտրություն կատարելու հարցում»[9] հայտարարությունը ենթադրում է, որ հակառակ դիրքավորման դեպքում ՀՀ-ը կարող էր հայտնվել հակասող աշխարհաքաղաքական շահերի կիզակետում, ինչից չէր հապաղի օգտվել մասնավորապես Ադրբեջանը: Այլ հարց է, որ անվտանգության սպառնալիքների չեզոքացման գործում այդ ժամանակվա ՀՀ իշխանությունը չկարողացավ ձևավորել կամ նախապես կանխամտածված չձևավորեց այլընտրանքային հնարավորություններ: Այդ հնարավորությունների բացակայությունը հնարավորություն տվեց Ռուսաստանին, իր աշխարհաքաղաքական շահերին համահունչ, ներգրավել Հայաստանի Հանրապետությանը ևս, ինչը, ինչպես նշեցինք, համապատասխանում էր ՀՀ անվտանգային շահերին, սակայն հակոտնյա էր ՀՀ տնտեսական շահերին: Հարկ է ընդգծել, որ որոշ այլ ուղղություններով, մասնավորապես Ուկրաինայի անդամակցության դեպքում, Ռուսաստանը ձախողվեց: Այս իրողությունը բավականին լուրջ ազդեցություն է ունեցել ռուսական քաղաքական մտքի վրա: Ի թիվս այլոց՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վ. Եվսեևը նշում է, որ ԵԱՏՄ-ում Ուկրաինայի բացակայությունը «հարվածում է Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների շահերին»[10]: Թեև Ռուսաստանի անունը չի հնչում, սակայն ակնհայտ է, որ հիմնական տուժողն այդ երկիրն է, քանի որ աշխարհաքաղաքական առումով «ցամաքային» առանցքը չի կարող լիարժեքորեն ձևավորված լինել, առանց էական բաղադրիչի՝ Ուկրաինայի մասնակցության: «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ Սկսած 2013թ․ սեպտեմբերից, երբ ՀՀ նախագահը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցության մասին, ներքին և արտաքին տարբեր բազմաչափ տարածություններում Հայաստանի քաղաքական ինքնիշխանության գնահատականը բազմակի նվազեց՝ ի օգուտ Ռուսաստանի կողմից տոտալ կառավարման: Թեև ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրն ու 2017թ․ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումն առերևույթ շեղում էր ենթադրում «եվրասիական» ուղուց, սակայն Ռուսաստանի վերահսկողության ներքո իրականացվող այդ քայլերն ավելի շուտ որպես երկու աշխարհաքաղաքական կենտրոնների համագործակցության հնարավորություն էին դիտարկվում: Մյուս կողմից էլ Եվրամիության համար սեփական սահմաններին կայունության և կանխատեսելիության մթնոլորտ ստանալու հնարավորություն էր: Այդ իսկ պատճառով 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մեծ անհանգստությամբ ընդունվեցին առաջին հերթին Ռուսաստանի կողմից: Հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժը, թեև հայտարարում էր, որ արտաքին քաղաքական փոփոխությունների օրակարգ չունի, սակայն արժեքային դաշտի վերձևումն ինքնին բևեռի հավասարակշռման ենթատեքստ ուներ, ինչը ցանկալի չէր: Որպես «եվրասիական» արժեհամակարգի միավորներ Ուկրաինայի և Վրաստանի կորստի փորձից ելնելով՝ Ռուսաստանը գործեց առավել խելամիտ: Չմիջամտելով հեղափոխության ընթացքին՝ ռուսական իշխանություններն անմիջապես սկսեցին զգուշորեն զարգացնել միջպետական հարաբերությունները ՀՀ նոր իշխանությունների հետ: Ընդ որում, ՀՀ ռազմավարական գործընկերը հաշտվեց արտաքին քաղաքական բևեռի որոշակի հավասարակշռման փաստի հետ, ինչն անխուսափելի էր արժեքային դաշտի փոփոխության պատճառով: Սակայն, ի տարբերություն ուկրաինական և վրացական դիպաշարերի, հետհեղափոխական Հայաստանը շարունակեց մնալ «եվրասիականության» աշխարհաքաղաքական ենթատեքստում, ինչը ռուսական իշխանությունների քաղաքական շահերի առաջնահերթություն է: Այստեղ հարկ է հաշվի առնել հայ-ռուսական հարաբերությունների մի շարք վերանայումներ, որոնք փոխադարձ ընդունելի համարվեցին: ՀՀ ներքին ինքնուրույնության հետ կապված շատ հարցեր, որոնք նախկինում գտնվում էին ռուսական վերահսկողության տիրույթում, վերադարձվեցին ՀՀ նոր իշխանություններին, ինչն արտաքին դաշտում փոխլրացվեց ռուսական քաղաքակրթական կողմնորոշման անխախտելիությամբ: Այսպես, նախկին իշխանությունների նկատմամբ քրեական հետապնդումը, ավտորիտար համակարգի կազմաքանդումը, կոռուպցիոն համակարգի փլուզումը, ռուսական ազդեցությունն ապահովող տնտեսական ձեռնարկությունների նկատմամբ իրավական ընթացակարգերի ձեռնարկումը երկկողմ հարաբերություններում անորոշությունների ծնունդ տվեցին: Այդ իրավիճակի հիման վրա ՀՀ ներքաղաքական դաշտում բազմակողմ շահարկումների փորձեր արվեցին, ինչը  ՀՀ վարչապետը բնորոշեց որպես Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ»[11]: Ընդ որում, ռուսական քաղաքական դաշտի բազմաշերտությունը ևս ամեն կերպ օգտագործվեց: Սակայն արտաքին օրակարգի հիմնական հարցերում ռուսական գծի պահպանումը հնարավորություն տվեց չեզոքացնել ներքաղաքական հարցերում ինքնուրույնության վերականգնման և ռուսական տոտալ վերահսկողության կազմաքանդման բացասական ընկալման ազդեցությունը: Արտաքին դաշտում էլ, թեև Հայաստանի որոշ քայլեր, ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչն ու քրեական գործի հարուցումը, որոշակի դժգոհություն առաջ բերեցին, սակայն մյուս կողմից ՀԱՊԿ և ԵԱՏՄ կազմակերպությունների արդյունավետության ավելացմանը, ներքին խնդիրների լուծմանը միտվածությունն ակնհայտորեն բխում էր Ռուսաստանի ռազմավարական շահերից: 2019թ․ նոյեմբերին արդեն ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը հայտարարեց. «ՀՀ նոր իշխանությունները երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դրսևորել են երկու պետությունների փոխհարաբերությունների ամրապնդման տրամադրվածություն»[12]: Սա ակնհայտ աջակցություն էր ՀՀ նոր իշխանություններին: ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ Ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացի վրա մեծ ազդեցություն ունեն ինչպես իշխանության լեգիտիմության տարբերությունը, այնպես էլ ժողովրդավարության որակի փոփոխությունը: Հարկ է ընդգծել, որ նախկինում ՀՀ իշխանությունը ներքին չափազանց ցածր լեգիտիմությունը փոխհատուցում էր հիմնականում արտաքին սնուցման աղբյուրներից՝ ի դեմս Ռուսաստանի: Այս իրողությունը նշանակում էր, որ «եվրասիական» տարածությունում Հայաստանի «ժողովրդավարական» կամ «ավտորիտար» գնահատականների տատանումները հիմնականում գտնվում էին Ռուսաստանի հետ նույն միջակայքում, ինչը բավարար կառավարելի էր համարվում Մոսկվայի կողմից: Ի թիվս այլ գնահատականների՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանը համարվում էին հիբրիդային ժողովրդավարություններ՝ «մրցակցային ավտորիտար» կառավարման համակարգով: Այս համակարգի առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն ամբողջապես ավտորիտար համակարգերի, ժողովրդավարական ինստիտուտներն իրականում գոյություն ունեն, գործում են և հնարավորություն են տալիս ընդդիմությանը պայքար ծավալել իշխանության համար: Մյուս կողմից, սակայն, իշխանության ռեսուրսներն ակնհայտորեն գերազանցում են, և ուժերն այնքան անհավասար են, որ նվազագույնի է հասցված այդ պայքարում ընդդիմության հաջողության հավանականությունը[13]: Ինչպես կարող ենք տեսնել, Հայաստանում իշխանության փոփոխություն հնարավոր դարձավ միայն «Թավշյա հեղափոխության» միջոցով, իսկ ընտրությունների միջոցով իշխանությունն անընդհատ վերարտադրվում էր: 2018թ. Ռուսաստանի նախագահական ընտրությունները ևս ցույց տվեցին, որ շարունակում է գործել «մրցակցային ավտորիտար» քաղաքական համակարգը: Հայաստանում հաստատված նման հիբրիդային ժողովրդավարական համակարգն ամբողջապես տեղավորվում էր «եվրասիական»  պետությունների համագործակցության ռուսական տրամաբանությունում. «Տարածաշրջանային քաղաքական և կրոնական էլիտաների միջև 1000 տարիների ընթացքում այնքան ամուր կապեր են ստեղծվել, որ ներկայումs նրանք աջակցում են միմյանց լեգիտիմության, գաղափարաբանական և տնտեսական առումով»[14]: Մոսկվայի կողմից Հայաստանը համարվում էր «սեփական ազդեցության գոտի՝ բավարար վերահսկողության լծակներով»: Փաստորեն ՀՀ նախկին իշխանությունը, աշխարհաքաղաքական առումով գիտակցաբար խաղում էր ռուսական կանոններով՝ ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը չեզոքացնելու համար, ինչը երբեմն գերադասվում էր նույնիսկ ազգային շահի նկատմամբ: Իսկ հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարական կառավարման համակարգը դուրս է եկել «մրցակցային ավտորիտար» բնորոշումից, ինչի մասին վկայում է «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության 2019 թ. զեկույցը: Հայաստանի գործակիցը բարձրացել է 45-ից մինչև 51, ինչը հիմնականում քաղաքական ազատությունների հաշվին է գրանցվել[15]: Իսկ Ռուսաստանի գործակիցը մնում է 20, ինչը դասում է այդ պետությունը «ոչ ազատների» շարքին: Ավելին, եթե այսօր Ռուսաստանի իշխանության ներքին լեգիտիմության հիմնական և, թերևս, միակ աղբյուրը մնացել է արևմտյան քաղաքակրթությունների քննադատությունը, ապա ՀՀ իշխանությունները կարիք չունեն լեգիտիմության արտաքին աղբյուրներ փնտրել կամ ձևավորել: Ի տարբերություն «եվրասիական» տարածությունում ընդգրկված այլ պետությունների՝ մեզ մոտ իշխանությունների նկատմամբ վստահությունը հնարավորություն է տալիս ընդունել քաղաքական որոշումներ, որոնք մեծ հավանականությամբ իրականացման փուլում գեներացնում են հասարակության դրական արձագանք: Սա նոր իրավիճակ է հատկապես Ռուսաստանի համար, որտեղ բյուրոկրատական ապարատի նկատմամբ հանրային  անվստահությունից բացի խնդրահարույց է նաև ընդունված որոշումների իրականացման փուլում մանր ու խոշոր պաշտոնյաների կողմից մեկնաբանումների շահարկումը[16]: Վերոնշյալից պարզ է դառնում, որ երկկողմ հարաբերություններում առկա է որոշակի անվստահության մթնոլորտ: Այդ անվստահության արդյունքում ՌԴ տարբեր շրջանակների մոտեցումները հայ-ռուսական հարաբերություններին գտնվում են բազմազան, երբեմն միմյանցից տրամագծորեն տարբեր տիրույթներում: Նույնիսկ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ու իշխանական լրատվամիջոցներ հաճախ հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ խիստ քննադատական հայտարարություններով, թեև պաշտոնական ամենաբարձր մակարդակում գործընթացները շարունակվում են բնութագրվել որպես «դարավոր պատմությամբ ամրապնդված ռազմավարական փոխհարաբերություններ»[17]: Ի պատասխան քննադատությունների՝ ՀՀ իշխանությունը մատնանշում է ներքաղաքական հիբրիդային գործողություններում ռուսական որոշ շրջանակների աջակցության հետքը: ԱՄՓՈՓՈՒՄ Չնայած նման հակասություններին՝ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բավական բարձր մակարդակում, կայուն զարգանում են և ընդլայնվում: Սա առաջին հերթին տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ խնդիրների շուրջ երկու պետությունների ընդհանուր շահերի գոյության հետևանք է: Ռուսաստանի համար գերակա՝ աշխարհաքաղաքական ենթատեքստում Հայաստանը շարունակում է լինել սահմանային, հիմնականում վերահսկելի պետություն, որը հնարավորություն է տալիս իր շահերը ներկայացնել մերձավորարևելյան ուղղությամբ: Հայաստանի համար Ռուսաստանն ապահովում է անվտանգային կայունությունը հիմնական հակառակորդի՝ Թուրքիայի սպառնալիքի նկատմամբ, որն ամենևին էլ աչքի չի ընկնում հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններով (ադրբեջանական սպառնալիքի չեզոքացումն իրականացվում է հայկական զինված ուժերի կողմից ուժերի հարաբերական հավասարության շնորհիվ): Տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությունն արդեն ածանցվում է այս գերակայություններից, իսկ առկա որոշ անորոշությունները կա՛մ հարթվում են պայմանավորվածությունների միջոցով, կա՛մ անտեսվում են: Փոխհարաբերությունների զարգացման կանխատեսումները ևս դրական են՝ հաշվի առնելով ՀՀ նոր իշխանությունների որդեգրած ռազմավարությունն արտաքին քաղաքականության հարցում, այն է՝ ընդլայնել համագործակցությունը բոլոր ուղղություններով՝ առանց վնասելու այլ կենտրոնների հետ արդյունավետ գործակցությունը: Այս առումով Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման գործընթացն ուղեկցվում է այլ քաղաքակրթական կենտրոնների հետ ՀՀ փոխհարաբերությունների վերագործարկմամբ, ինչը որոշակի անհանգստություն է առաջ բերում ռուսական կողմում: Սակայն ՀՀ իշխանություններին դեռևս հաջողվում է պաշտպանել հայկական շահերը՝ դրանք հստակորեն ներկայացնելով երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում: Այդ իսկ պատճառով հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ արդիականացման հարացույցը ենթադրում է փոխադարձ համադրելի շահերի հիման վրա զգուշավոր  զարգացում միմյանց ինքնուրույնության հանդեպ հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում: Միայն այս պայմանների հարատևությունը կարող է երաշխավորել ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական փոխշահավետ ամրապնդումը: ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ Բալասանյան Գ., Հայաստանի Եվրասիական ընտրության քաղաքակրթական և քաղաքատնտեսական հիմքը, «Բանբեր Երևանի համալսարանի. միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն», 2008, N1. էջ 27-34: Հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ. այդ գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկաներով» քայլեն. վարչապետ Армяно-российские стратегические отношения скреплены многовековой историей взаимоотношений Была ли орда игом?/беседа с Шамилем Фаттаховым Гумилев Л., Ритмы Евряазии: Эпохи и цивилизации, М, 2008. Дусинский И., Геополитика России, М., Лавров отметил настрой новых властей Армении укреплять отношения с Россией Макаренко В. П., Русская власть и бюрократическое государство, часть 1: монография. – Ростов-на-Дону: “Март”, 2013. Савицкий П., Евразийство как исторический замысел Трубецкой Н., Евразийство: избранное: монография, М., 2019. Тян-Шанский С., О могущественном территориальном владении применительно к России. Очерк о политической географии/Пространственная экономика, 2008, н. 2, сс. 140-160․ Украина мешает ЕАЭС Adomeit H., Putin’s “Eurasian Union: Russia’s integration project and policies on Post-Soviet space” Foxall A., Russia used to see itself as part of Europe. Here’s why that changed Freedom in the world: Armenia 2019 Levitsky S., Way L., Competitive authoritarianism: The Origins and Dynamics of Hybrid Regimes in the Post-Cold War Era Russian Strategic Intentions   «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED) Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ) ———————————————————– [1] Тян-Шанский С., О могущественном территориальном владении применительно к России. Очерк о политической географии/Пространственная экономика, 2008, н. 2, сс. 140-160. [2] Дусинский И., Геополитика России, М.: 2003, с. 121. [3] Трубецкой Н., Евразийство: избранное: монография, М., 2019. [4] Савицкий П., Евразийство как исторический замысел [5] Гумилев Л., Ритмы Евряазии: Эпохи и цивилизации, М, 2008. [6] Была ли орда игом?/беседа с Шамилем Фаттаховым [7] Foxall A., Russia used to see itself as part of Europe. Here’s why that changed [8] Adomeit H., Putin’s “Eurasian Union: Russia’s integration project and policies on Post-Soviet space” [9] Բալասանյան Գ․, Հայաստանի Եվրասիական ընտրության քաղաքակրթական և քաղաքատնտեսական հիմքը, «Բանբեր Երևանի համալսարանի․ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն», 2008, N1, էջ 29: [10] Украина мешает ЕАЭС [11] Հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ. այդ գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկաներով» քայլեն. վարչապետ [12] Лавров отметил настрой новых властей Армении укреплять отношения с Россией [13] Levitsky S., Way L., Competitive authoritarianism: The Origins and Dynamics of Hybrid Regimes in the Post-Cold War Era [14] Russian Strategic Intentions [15] Freedom in the world: Armenia 2019 [16] Макаренко В. П., Русская власть и бюрократическое государство, часть 1: монография. – Ростов-на-Дону: “Март”, 2013. [17] Армяно-российские стратегические отношения скреплены многовековой историей взаимоотношений

Lragir.am,
24-02-2020 20:52