Պարոնայք, ոչ թե ամաչում եք ձեր հայ լինելու համար, այլ կրակն եք ընկել ձեր ազգանունների և ձեր էթնիկ արմատների ձեռքը

24-02-2020 22:07

Սուգ ու շվար է Մոսկվայում: Ավելի ճշգրիտ` Մոսկվայի ьян վերջավորությամբ անձանց շրջանակներում: Նրանք, ինչպես կասեր Բորիս Ելցինը, понимаешь, ամաչում են, որ հայ են: Այս անգամ արդեն ամաչում են Մյունխենում կայացած Փաշինյանի և Ալիևի միջև բանավեճը դիտելուց հետո: Հետաքրքիր է, այդ ումից են ամաչում այդ ամոթով-նամուսով մարդիկ: Ընդունենք մի պահ, ենթադրաբար, որ Հայաստանի վարչապետը այդ բանավեճում դրսևորեց իրեն որպես հարցերից անտեղյակ մի անձնավորություն: Եվ, որպես երկրի ղեկավար ու քաղաքական գործիչ ամբողջ աշխարհի առաջ երևան եկավ նրա «ֆիասկոն»: Բայց ձեզ ինչ` պարոնայք, господа-товарищи: Հայաստան պետության ղեկավարի հաջողությունը դա, նախևառաջ, Հայաստան պետության քաղաքացու հաջողությունն է, իսկ այդ նույն ղեկավարի անհաջողությունը` նախևառաջ Հայաստան պետության քաղաքացու անհաջողությունն է: Եվ ամաչելու առիթ էլ չեն տեսնում: Այ, եթե անգամ անհաջողություն էլ պատահի, եզրակացություն կանեն կատարվածից և կձեռնարկեն ամեն հնարավորը, որ անհաջողությունը չվերածվի պարտության: Իսկ դուք այդ ամենի մեջ ով եք, ինչ դերակատարում և ֆունկցիա կարող եք ունենալ: Բացի բացասականից` և ոչ մի այլ դերակատարում: Քանզի, դուք ոչ միայն` իրավաբանորեն և իրականում, որևիցե կապ և առնչություն չունեք Հայաստան երկրի հետ, այլ դուք խորը ատում եք Հայաստանը, հայությունը և հայկականությունը, առհասարակ: Եվ երբ հնչեցնում եք մետրոպոլիայի կենտրոնում հայտնված հավակնոտ գավառացու պրիմիտիվ մտակաղապարը, թե ամաչում եմ, որ հայ եմ, դա իրականում ոչ թե ինչ-որ անհասկանալի ամոթն է խոսում, այլ միանգամայն այլ բան: Իրոք, դուք այլ պետության հպատակ, այլ պետության շահերն առաջ մղող անձինք, այդ ինչու հանկարծ պետք է ամաչեք մեկ այլ պետության ղեկավարի անհաջող ելույթի համար: Հետաքրքիր է, եթե ասենք Մյունխենում ամեն ինչ ընթանար այնպես, որ Ալիևը ստիպված փախչեր հարթակից, դուք ինչ է, Հայաստանի դրոշներով Կարմիր հրապարա՞կ էիք դուրս գալու: Ասել ենք քանիցս` դուք, պարոնայք, ոչ թե ամաչում եք ձեր հայ լինելու համար, այլ կրակն եք ընկել ձեր ազգանունների` թեկուզև աղավաղված, և ձեր էթնիկ արմատների ձեռքը: Որովհետև, նույն այդ պետության քաղաքացիների պարտականությունները կատարելուց բացի, այդ բարդույթներից բխող բավական անշնորհակալ և անմաքուր պարտականությունների մի բեռ եք ստանձնել` Հայաստանն ու հայությունը որպես քաղաքական ինքնիշխան սուբյեկտ սևացնելու սուրբ պարտականությունը: Ինչն էլ կատարում եք` արդեն առանց ամաչելու: ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր

Lragir.am,
24-02-2020 22:07