Ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն առաջին անգամ հանդես կգա Երևանում

24-02-2020 22:43

«WATERLAND» ատրակցիոն շոուն, որն աշխարհում հայտնի է նաև ջրային կրկես անվամբ, առաջին անգամ կներկայանա Հայաստանում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` ելույթները նախատեսվում են մարտի 6,7, 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «WATERLAND»-ի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, որոնք հանդես են գալիս տարբեր ժանրերում, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ: Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը: Շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով: Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները: «WATERLAND» ջրային կրկեսի գեղարվեստական ղեկավար Դենիս Միխայլենկոյի խոսքով՝ նմանատիպ ջրային հրավառություն-շոու անելը տարբեր բեմերում միշտ դժվար է, բայց բոլոր փորձությունները հաղթահարվում են: Հիմնական խնդիրն է ջրի ուժգնության կառավարումը և լողավազանի հատակի լուսային ձևավորումը: Դրա համար նախապես մասնագետները մանրակրկիտ հավաքում են լողավազանը, լույսերը, շատրվանները: Լուսային գեղեցիկ էֆեկտների համար հավաքվում է մոտ 150 լույս, 30 ջրամղիչ է տեղադրվում ջրի ճիշտ բաշխման համար: Սարքավորումները հատուկ մեքենաներով նախապես են բերվում, հավաքվում, որպեսզի շոուն իր կատարյալ ձևով հանդես գա: «WATERLAND» ջրային կրկես այցելողներին սպասվում է աննախադեպ հետաքրքիր և դինամիկ երեկո՝ լի հրաշքներով: Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

Lragir.am,
24-02-2020 22:43