Հասարակության ու իշխանության ամենամեծ պրոբլեմը

Մեր զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը Պարոն Նեդոլյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես սահմանադրական հանրաքվեն: Որքանո՞վ իսկապես այս հանրաքվեով կամբողջականանա հեղափոխությունը: Կարծում եմ, ՍԴ մասին հանրաքվեն իր մեծ կամ փոքր իմաստը կստանա կախված ապագայից՝ նախատեսվո՞ւմ են արդյոք ապագայում այն խոշոր ու վճռական բարեփոխումները, որոնց կարող էր խոչընդոտել ՍԴ ներկայիս կազմը: Դա դեռ մնում է հնարավոր: Ոլորտային փոփոխությունները կարծես թե նախատեսվում են՝ դեռ լսել ենք ոստիկանության կառուցվածքային բարեփոխման մասին, հնարավոր է, դրան հաջորդեն այլ փոփոխություններ: Դժվար է ասել, կամբողջացնեն դրանք հեղափոխությունը, թե ոչ, բայց այս հանրաքվեում մենք, ավելի շուտ, հայտնում ենք քաղաքացիական մեր պատրաստությունը նման փոփոխություններին, ևս մի մանդատ գործող իշխանությանը: Իսկ եթե ծավալուն փոփոխություններ չեն սպասվում՝ ապա գոնե վնասազերծվում է ՍԴ կոչված ականը՝ տեսականորեն զորեղ իշխանական մի ինստիտուտ, որը մնում է նախկին անօրեն իշխանության ձեռքում: Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում նշեց, որ, ըստ էության, հաջորդ սահմանադրական հանրաքվեն կլինի հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ նույն ժամանակ: Ավելին՝ նշեց, որ կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում: Այնուամենայնիվ, մեզ պետք է նոր Սահմանադրությո՞ւն, թե՞ սահմանադրական վերափոխումներ: Իմ մոտեցումն է՝ ֆիքսել իրավական դաշտում որևէ փոփոխություն միայն այն բանից հետո, երբ այն տեղի կունենա կյանքում, վարվող քաղաքականությունում: Սկզբից օրենք, հետո քաղաքականություն մոդելը իմ կարծիքով թերի է: Ես կտեսնեի այսպես՝ սկզբից քաղաքական գաղափար, հայեցակարգ, ծրագիր, հետո բուն ինքը բարեփոխումը, և վերջում միայն՝ այդ ամենի ֆիքսումը օրենքում, կամ Սահմանադրությունում: Մենք մոտ երեսուն տարի ունենք ոչ վատ օրենքներ ու Սահմանադրության տարբերակներ, պակասում էր միշտ օրենքը, Սահմանադրությունը կատարելու կամքն ու պրակտիկան, սահմանադրական մշակույթը: Այնպես որ, հակված եմ ավելի գնահատել քաղաքական գործողությունը, և ոչ օրենքներ ստեղծելը: Հեղափոխությունից հետո ի՞նչ վիճակում է ընդդիմությունը: Տարօրինակ չէ՞, որ «ՈՉ»-ի շտաբ քաղաքական ուժերի կողմից չձևավորվեց: Ընդդիմություն, իբրև քաղաքական տարբերվող գաղափարների կրող, ես դեռ չեմ նկատում: Իշխանական դիրքը կորցրածների վրդովմունքը, կարծում եմ՝ առհասարակ քաղաքական չէ, և ընդդիմություն կոչվել չի կարող: Ընդդիմությունը ապագայի մասին է, ոչ անցյալի: Ապագայի ձևակերպված տարբերակ դեռևս չի ներկայացվում: Իշխող կուսակցությունը, լինելով գաղափարապես կենտրոնամետ, «իզմերից» խուսափող /ինչպես ասաց վարչապետը/, ապագայի ձևակերպված իր տարբերակը դեռևս չներկայացնող, կարծես թե լայն հնարավորություն է ընձեռել ալտերնատիվ, ավելի կտրուկ ու որոշակի, գաղափարացված տարբերակների ասպարեզ գալու հարցում: Կա որոշ վստահություն, որ իշխանությունը կապահովի այդ բոլոր այլընտրանքներին ամենակարևորը՝ օրինական պաշտպանվածության մթնոլորտ, որի մեջ մտնում են խոսքի, մտքի, քարոզչության ազատության երաշխիքը, քաղաքական բռնաճնշումների բացակայությունը, օրինական, ազատ ու արդար ընտրությունները, որով այլընտրանքը կարող է գալ իշխանության կամ գոնե կազմել ազդեցիկ խորհրդարանական ուժ: Նման բարենպաստ պայմաններ քաղաքական գործունեության համար շատ վաղուց չեն եղել Հայաստանում: Բայց դրանցից օգտվել ցանկացող քաղաքական սուբյեկտը դեռևս չի երևում: Հետհեղափոխական Հայաստանում անընդհատ խոսվում է հին իշխանություններից եկող վտանգների մասին և որ պետք չէ թերագնահատել դրանք: Դուք այդպիսի վտանգ տեսնո՞ւմ եք, թե ոչ: Կարծում եմ, որ կոնկրետ այն մարդիկ, որոնք անհատապես մարմնավորում են հին իշխանությունը, վարկաբեկված են հիմնովին և քաղաքական ապագա այլևս չունեն հանգամանքների ոչ մի դասավորման պարագայում: Այլ բան, որ ավազակապետությունը, նույն ինքը օլիգարխիկ իշխանությունը, կարող է վերադասավորվել, պոպուլիզմ սովորել, նոր դեմքեր բերել քաղաքական բեմ և, խաբելով ժողովրդին այս կամ այն դեմագոգիայի միջոցով, սպառնալ նորից գալ իշխանության: Նման մի բան տեղի ունեցավ օրինակ Վրաստանում: Իսկ եթե օլիգարխիան, որն անշուշտ առկա է և ազդեցիկ, խաղադրույքը դնի մեզ հայտնի հին քաղաքական դեմքերի վրա, ապա դա կթուլացնի իրենց երկուսին էլ՝ և դեմքերին, և օլիգարխիային, և կբացառի նրանց իշխանական ռևանշը: Երբ նախորդ իշխանության ներկայացուցիչն ասում է, որ այսօրվա իշխանությանը մի գեղեցիկ օր պառկեցնելու է ասֆալտին, ոտքերը սրբի իրենց վրա, սա խոսո՞ւմ է արդյոք այն մասին, որ արդարադատությունը նրա նկատմամբ և նրանցից շատերի նկատմամբ չի կիրառվել, որ կան թերացումներ: Իհարկե խոսում է: Արդարադատությունը պետք է կատարվի ոչ թե վրեժխնդրությունից ելնելով, և ոչ անգամ պրոֆիլակտիկայի համար՝ որ հանկարծ մի օր չգան իշխանության, այլ առաջին հերթին օրինականության հաստատման համար: Կան կուտակված բացահայտ և գաղտնի հանցագործություններ, եթե հասարակությունը օրինական է՝ դրանք պետք է բացահայտվեն ու պատժվեն: Մենք տեսնում ենք ու զգում ենք, որ բացահայտվել ու պատժվել է հանցագործությունների փոքր տոկոսը դեռևս, թեև այդ աշխատանքը տարվում է: Բայց այն պետք է կտրուկ ակտիվացվի, որովհետև վաղեմության գործոնն է շուտով առաջ գալու, և հանցագործությունները կարող է մնան չբացահայտված, վնասները՝ տուժողներին չփոխհատուցված ու հանցագործները՝ չպատժված: Որքանո՞վ իշխանությունը թերացավ կամ դանդաղկոտություն ցուցաբերեց դատական համակարգի վերափոխման հարցում: Եվ ո՞րն է այս իշխանության ամենամեծ պրոբլեմը: Դատական համակարգի շուտափույթ կայացումը արդարացիորեն համարվում է բռնակալությունից ժողովրդավարության անցման համար մեկ գործիքը: Իհարկե, այդ հարցում կա դանդաղկոտություն և իհարկե դա շատ բացասական է: Բայց գոնե այն բաներից է, որ թեև դանդաղ, բայց արվում է, գտնվում է իշխանության ուշադրության տեսադաշտում: Ամենամեծ պրոբլեմը՝ որ մնացած շատ և շատ բաները այդ տեսադաշտում կարծես թե չեն գտնվում: Կարելի է, ինչ-որ չափով թույլատրելի է ասել, որ դա ոչ միայն իշխանության, այլև ամբողջ հասարակության պրոբլեմն է: Բանն այն է, որ հասարակության /և իշխանության/ կողմից բավականաչափ հստակ չի գիտակցվում, թե ինչքան մեծ է Հայաստանի հետամնացությունը, կամ չկայացվածությունը շատ և շատ ոլորտներում: Եվ դա միայն դատարանը և ոստիկանությունը չեն, դա առաջին հերթին բանակն է, որին անհրաժեշտ է լուրջ ռեֆորմ, դա կրթությունն է, դա տնտեսությունն է փաստացի բացակայող արդյունաբերությունով, դա սոցիալական բաշխման առավել բարբարոսական մոդելներից մեկն է, որ կա աշխարհում՝ երբ աշխատողը ստանում է ստեղծված արժեքի նվաստացուցիչ փոքր մասը: Այդ պայմաններում քանի տոկոս ուզում է աճի տնտեսությունը՝ աշխատողի, առավել մասսայական ՀՀ քաղաքացու վրա դա դրական անդրադարձ չի ունենա: Խայտառակ վիճակում է տրանսպորտը, քաղաքաշինությունը, շրջակա միջավայրը… Կարելի է երկար թվարկել: Պարզ է, որ որոշ բարեփոխումները դժվար են, տևական, թանկ, բայց՝ չկա դրանց մեկնարկի, զանգվածային, համակարգային մեկնարկի տպավորությունը, գոնե նախնական փուլի վկայությունները, խնդրի խորության գիտակցման զգացումը: Փոքրիկ օրինակ՝ մետրոյում արգելվում է լուսանկարել և այն աշխատում է մինչև տասնմեկը: Եվ առաջինը, և երկրորդը պարզապես վայրենություն է, աշխարհում չկա նման բան: Եվ երկու հարցն էլ լուծվում են մեկ ադմինիստրատիվ կարգադրումով, մեկ օրում: Եթե լինեն, մի կողմից՝ նման փոքր, բայց խիստ օգտակար քայլեր, համատարած, բոլոր ոլորտներում և, մյուս կողմից՝ խոշոր կարևոր բարեփոխումների նախապատրաստում, հանրային քննարկում ՝ այդ ժամանակ մենք կկարողանանք ասել, որ հեղափոխությունը գնում է առաջ, ընթացքի մեջ է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
24-02-2020 23:17