Երևանյան բուհերը ներկայացնող քիմիկոսներն իրենց ուժերը փորձեցին առաջին ուսանողական մրցաշարում

24-02-2020 23:55

Երևանում տեղի ունեցավ Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված և «Կոնվերս բանկ»-ի աջակցությամբ իրականացված մրցաշարին մասնակցեցին Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայ-Ռուսական համալսարանը և մի շարք այլ բուհեր ներկայացնող ուսանողները: Մրցույթի ընթացքում ուսանողները բանավիճում էին իրենց նախապես առաջարկված թեմաների շուրջ, որոնք վերաբերում էին քիմիայի ոլորտի խնդիրներին: Հաղթող ճանաչվեց «PR» թիմը, որի կազմում Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն էին: Թիմի ավագ Համլետ Խաչատրյանը նշեց, որ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի հաղթող է դարձել նաև դպրոցական տարիներին: «14 տարեկանից սկսել եմ ուսումնասիրել քիմիան: Դեռ դպրոցական տարիքից մասնակցել եմ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարին, հաղթող եմ դարձել, նաև ընդգրկվել եմ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի ժյուրիի կազմում»,- ասաց Խաչատրյանը: Ժյուրիի նախագահ, Երևանի պետական համալսարանի Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ Նարինե Դուրգարյանն ուսանողների պատրաստվածության մակարդակը շատ լավ գնահատեց: «Ուսանողների պատրաստվածության մակարդակը կգնահատեմ շատ լավ: Ճիշտն ասած, մենք շատ վախենում էինք այս մրցույթը սկսելուց առաջ, որովհետև, ամեն դեպքում, մտածում էինք, որ առաջին փորձն է, և մեր սպասելիքները կարող են չարդարացվել: Բայց շատ ուրախ եմ, որ մեր ուսանողներն իրենց շատ լավ դրսևորեցին»,- նշեց Դուրգարյանը: Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարի հովանավորը «Կոնվերս բանկ» բանկն է: Բանկի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կրթության աջակցությանն ուղղված ծրագրերը միշտ հանդիսացել են «Կոնվերս բանկ»-ի կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը: «Այս ծրագրի շրջանակներում է նաև «Այբ» կրթական հիմնադրամի հետ հետ կրթության աջակցությանն ուղղված հերթական քիմիկոսների ուսանողական մրցաշարի հովանավորումը: Մենք նախկինում ունեցել ենք «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցության բավական հաջող փորձ, որի շրջանակներում «Կոնվերս բանկ»-ը հանդես է եկել պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի, որպես գլխավոր աջակից, ինչպես նաև Հայաստանի հավաքականը «Կոնվերս բանկ»-ի աջակցությամբ հնարավորություն է ունեցել մասնակցելու պատանի քիմիկոսների միջազգային մրցաշարին: Այս ծրագրի իրագործմամբ` մենք ակնկալում ենք, որ այն իր ուրույն տեղը կունենա ուսանողների շրջանում և կդառնա ամենասպասված կրթական միջոցառումը, ինչպես նաև կարծում ենք, որ սա լավ հարթակ է պոտենցիալ գործատուների և ուսանողների միջև կապը հաստատելու համար»,- ասաց Նահապետյանը: Մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի խոսքով` ուսանողական այս մրցույթը լավ հարթակ է քիմիայի ոլորտում գիտելիքների ցուցադրության համար: «Մենք առաջին անգամ «Այբ»-ի պատմության մեջ անում ենք մրցույթ, որին մասնակցում են ուսանողներ, որոնք քիմիայի հանդեպ սեր ունեն: Սա շատ հետաքրքիր ձևաչափով մրցույթ է, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, և ունի երեխաների ներուժը բացահայտելու մեծ պոտենցիալ: Այն կարող է ստեղծել հարթակ, որը ցույց կտա մասնակիցների հնարավորությունները գործատուին»,- նշեց Կոշեցյանը: Լուսինե Կոշեցյանը հավելեց, որ նման ձևաչափով մրցույթները շարունակական կլինեն:

Lragir.am,
24-02-2020 23:55