Ռիսկը կա, բայց ավելորդ խուճապը բարդացնում է վերահսկողությունը

Մեր զրուցակիցն է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը Պարոն Զեյնալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ հայ-իրանական սահմանի դուռը ոչ թե փակ է, այլ կիսափակ է՝  հաշվի առնելով, որ բեռնափոխադրումներ կլինեն: Սա որքանո՞վ է վտանգ Հայաստանի համար: Մասնավորապես, նշվում է, որ սահմանին եթե նույնիսկ վերահսկողություն լինի, արդյունքը չի լինի նույնչափ, քան եթե ամբողջությամբ սահմանը փակվեր: Երբ Իրանում հայտնաբերվեց առաջին դեպքը, դրանից առաջ էլ վերահսկվում էր, վերլուծվում էր, տեղեկատվությունն ստանում էինք, թե որտեղ, քանի դեպք է եղել, ինչպես աճեց, բայց առաջին դեպքից հետո ավելի ինտենսիվացան տեղեկատվության ստացման հաճախականություն ու վերլուծությունը: Այդ պահից սահմանի փակման հարցն օրակարգում է եղել, ինչն էլ տեղի ունեցավ: Նաև ես եմ այդ թեմայով Տիգրան Ավինյանի և տեսչական մարմնի ղեկավարի հետ խոսել, և ի վերջո որոշում կայացվեց: Բեռնափոխադրումների մասով թույլ տալու առումով այդտեղ խոսքը եզակի մարդկանց մասին է՝ վարորդների, որոնց կարելի է լիովին վերահսկել: Իսկ եթե ամբողջապես է բաց սահմանը, ապա այդ դեպքում հազարավոր մարդկանց մասին է խոսքը լինելու, հատկապես հաշվի առնելով, որ առաջիկայում իրենց տոնն է՝ Նովրուզը, և ամեն տարվա նման բավականին մեծ հոսք է կանխատեսվում: Գնահատվել է նաև, որ գոնե բեռնափոխադրումները պետք է թույլ տալ՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ: Այսինքն այն աստիճան չէ, որ դա էլ փակենք: Այդ եզակի մարդկանց կարելի է վերահսկել, ինչը և արվում է սահմանին: Անցակետում կա տարածք, բժիշկը նստած է, տեսչական մարմնի ներկայացուցիչը նստած է: Եթե անհրաժեշտ լինի մեկուսացնել, այդ տարածքն էլ կա: Համացանցում տեսնում ենք գրառումներ, որ շատ ավելի մեծ է աղմուկը, քան իրականում պետք է վախենալ այս վիրուսից: Վիճակագրություն են բերում, որ H1N1-ից, որը Հայաստանում էլ տարածված էր, շատ ավելի շատ մահացության դեպքեր են գրանցվում, քան կորոնովիրուսից: Աղմո՞ւկն է ավելի շատ, թե՞ իսկապես վտանգ կա: Ռիսկը միշտ էլ կա, եթե կա վարակ, վարակի աղբյուր, դրա տարածվելու ռիսկը միշտ էլ կա, հատկապես եթե օդակաթիլային է: Բայց կարծում եմ, որ այն խուճապը, որ կա, տեղին չէ, որովհետև դա ավելի է բարդացնում վերահսկողությունը: Կարող է մի դեպք լինի հիվանդանոցում, որ մեկը տաքությունով դիմել է, միանգամից ասեն՝ դե որ դիմել է, ուրեմն կորոնավիրուս է: Մեկը հարցական ձևով ներկայացնում է, մյուսը արդեն հաստատում է, այդպես տարածվում է որպես ֆիքսված փաստ, ու խուճապը գնաց: Այսօր Հայաստանում կորոնավիրուսի գրանցման որևէ դեպք չկա: Հիմա հարբուխի սեզոն է, և մեծ թվով մարդիկ  ևս տաքություն են ունենում, հարբուխ են ունենում, որը եթե նայենք վիճակագրությանը, նախորդ տարիների չափ է, շատ ավել չի: Ու պետք չի սա վերագրել կորոնավիրուսին ու խուճապ առաջացնել: Բայց կրկնեմ, որ ռիսկը կա, և այս պահին արվում է առավելագույնը, որ այդ վիրուսը Հայաստան չներթափանցի: Ձեր կարծիքով, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայելու կոնորավիրուսին սարքավորումների, դեղորայքի, տարբեր այլ հարցերի առումով: Սարքավորումների հարց այստեղ չկա, վիրուսակիր կամ հիվանդ մարդուն հայտնաբերելու հարցն է, որ թեստի միջոցով է հայտնաբերվում, և մեկուսացնելու հարցն է: Մեկուսացումը զուտ մեխանիկական գործընթաց է, որը ցանկացած պահի, ցանկացած հիվանդանոցում կարելի է կազմակերպել՝ հաշվի առնելով վիրուսակրի տեղակայումը: Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա կոնկրետ կոնորավիրուսի դեմ դեղորայք չկա այս պահին: Կան փորձարկումներ վակցինայի տեսքով: Ըստ էության, այս պահին հակավիրուսային պրեպարատները շատ մեծ էֆեկտ չեն տալիս, թեև բնականաբար, որոշակի ազդեցություն տալիս են: Դրա մասին է խոսում առողջացածների բավական մեծ տոկոսը: Հիմնականում մահանում են առավել բարձր տարիքի մարդի՞կ: Այո, խրոնիկական հիվանդություններ, թույլ իմունիտետ ունեցողները, մեծ տարիքի մարդիկ: Իհարկե, լավացածների տոկոսը շատ ավելի մեծ է, քան մահերի դեպքը: Մահացածների, վարակակիրների ֆիքսված հարաբերակցությունը շատ-շատ ավելի ցածր է, քան H1N1-ի դեպքում: Մոտավորապես 2,7 տոկոս են կազմում մահվան դեպքերը: Բնականաբար, ռիսկը կա, բայց հավելյալ խուճապն ավելի է բարդացնում իրավիճակը: Խուճապն ինչո՞վ է պայմանավորված՝ հաշվի առնելով, որ այդքան տեղեկություններ են հաղորդվում: Մարդիկ վախենում են, լսում են տարբեր ռեպորտաժներ, գրառումներ, թե որ երկրում քանի մահվան դեպք է գրանցվել, մեկ օրում քանի հոգի ավելացավ և բնականաբար, առաջանում է նման խուճապ: Դա բնական ռեակցիա է, բայց կարծում եմ՝ նորմայից ավելի է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
25-02-2020 09:26