Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

25-02-2020 14:48

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային, հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի» ներքո ստանձնած պարտավորությունների իրականացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված՝ «Կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի» կիրառման, դրա շրջանակներում հետագա համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը նախարար Գրիգորյանը մասնավորաբար նշել է․ «Հայաստանի կողմից մշակված նորարարական ֆինանսական մեխանիզմի ներդրման միջոցով զարգացած երկրները կարող են աջակցել զարգացող երկրներին՝ միաժամանակ իրականացնելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները: Այս մեխանիզմը կարող է կիրառվել նաև այլ զարգացող և զարգացած երկրների միջև համագործակցության համար՝ նվազեցնելով զարգացող երկրների արտաքին պարտքը՝ այդ միջոցներն ուղղելով կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելուն և հարմարվողականությունը բարձրացնելուն: Նախարար Գրիգորյանը նշել է նաև, որ մեխանիզմի շուրջ բանակցություններ են ընթանում մի շարք այլ երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի Հանրապետության հետ: Մեխանիզմը ներկայացվել է նաև Ռուսաստանի Դաշնությանը և Գերմանիայի Դաշնությանը: Դեսպան Յամադան կարևորել է կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված լայնածավալ աշխատանքները: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել նախարարության կողմից փոխանցված փաստաթուղթն ու հետագայում շարունակել քննարկումները: Կողմերը խոսել են նաև Սևանա լճի հիմնախնդիրների, ոլորտում ճապոնական փորձի և այն հայկական կողմի հետ կիսելու հնարավորությունների մասին: Դեսպան Յամադան առաջարկել է դիտարկել ճապոնացի մասնագետների և ճապոնական հիմնադրամների հետ համագործակցության հնարավորությունները և փոխանցել «Միջազգային լճերի բնապահպանական կոմիտե» հիմնադրամի վերաբերյալ տվյալները: Ճապոնական կողմը պատրաստակամ է համագործակցել նաև Սևանա լճի խնդիրների լուծման շրջանակներում: Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դեսպան Յամադային է նվիրել «Մատենադարան, թաքնված գանձ» գիրքը, որտեղ զետեղված են հայկական ձեռագրերի լավագույն նմուշները: Նախարար Գրիգորյանը դեսպանին է ներկայացրել Որդան կարմիր միջատի պատմությունը և կիսվել Շրջակա միջավայրի նախարարության «Որդան Կարմիր արգելավայրի» վերաբերյալ տեղեկատվությամբ:

Lragir.am,
25-02-2020 14:48