Սերժ Սարգսյանը բոլորին հանեց փողոց. աննախադեպ իրավիճակ

Փետրվարի 25-ին Երեւանում մեկնարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարությունը: Այն ուղեկցվում է դատարանի դիմաց նրա համախոհների հավաքով: Չնայած ցուրտ եղանակին, բայց, համախոհները եկել են՝ նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, գործարարներ, այլ քաղաքացիներ: Նրանք իհարկե չէին կարող չգալ: Եվ ոչ այն պատճառով, թե ինչ պետք է աներ Սերժ Սարգսյանն առանց նրանց: Չէին կարող չգալ, որովհետեւ ի՞նչ պետք է անեին իրենք առանց Սերժ Սարգսյանի, ընդ որում թե հեղափոխությունից առաջ, թե հետո: 2018 թվականի ապրիլի 25-ին, հրաժարականից երեք օր անց Սերժ Սարգսյանից տարածվեց տեղեկություն, թե կոչ է անում ՀՀԿ-ին մնալ միասնական՝ ինչ դիրքորոշում էլ որ ունենան վարչապետի թեկնածության շուրջ, ու նաեւ հորդորել էր անդրադառնալ կուսակցության նոր նախագահի հարցին: Սակայն, շաբաթներ անց այդ հարցը դուրս եկավ օրակարգից, եւ Սերժ Սարգսյանը մնաց ՀՀԿ նախագահ, պահելով կորիզացած ՀՀԿ-ն: Սերժ Սարգսյանի որոշումն իհարկե պայմանավորված էր նախկին իշխող համակարգում հետհեղափոխական տրանսֆորմացիայով: Լքելով կուսակցությունը, նա ինքը գործնականում մնալու էր խաղից դուրս: Իսկ քանի որ Հայաստանին սպասում է թե ներքին, թե արտաքին բազմաշերտ ու բարդ խաղ, թերեւս որեւէ մեկն առնվազն այդ պահին Սերժ Սարգսյանից լավ չէր պատկերացնում: Մյուս կողմից, մնալով խաղի մեջ, նա դրա մեջ պահեց նաեւ ՀՀԿ-ն, որովհետեւ հակառակ պարագայում՝ մարտիմեկյան գործի մեղադրանքով քաղաքական խաղում աշխուժացված եւ այսպես ասած բացահայտված Ռոբերտ Քոչարյանը վերցնելու էր ամբողջ դաշտը: Իսկ դաշտը վերցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանն իհարկե առաջինը «դուրս էր գրելու» ՀՀԿ-ն: Ընդ որում, նույնն էր լինելու, եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնար առանց մեղադրական կարգավիճակի: Իսկ որ վերադառնալու էր, նա ինքը խոստովանեց մեղադրանքից հետո: Եվ Սերժ Սարգսյանն էլ թերեւս դա գիտեր դրանից առաջ: Այդպիսով, Սերժ Սարգսյանը իր համակիրներին, նախկին իշխանության իր գործընկերներին, ենթականերին դուրս բերեց փողոց, որտեղ սակայն նրանք ոչ թե Սարգսյանի համար են պայքարում, այլ իրենք իրենց, ու թերեւս դա աննախադեպ, նոր իրավիճակ է: Որովհետեւ մինչ այդ, լինելով կամ կազմելով Սերժ Սարգսյանի իշխանական քաղաքական թիմը, նրանք գործնականում հանգստանում էին Սերժ Սարգսյանի պատասխանատվության վրա: Հիմա հանգստանալու հերթը Սերժ Սարգսյանինն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25-02-2020 15:00