Ինչ վիճակ է Գյումրու ռազմակայանում. Մնացականյան-Լավրով հանդիպում

Ժնեւում տեղի է ունեցել Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարների հանդիպումը: Ռուսական ՏԱՍՍ-ը այդ առնչությամբ հաղորդագրության մեջ տալիս է հետաքրքիր ձեւակերպում, որ Հայաստանի նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել մի քանի «հիմնարար հարցերի» վերաբերյալ քննարկման հնարավորության համար: ՏԱՍՍ-ն ընդգծում է, որ նախարարների վերջին հանդիպումը եղել էր 2019 թվականի նոյեմբերին՝ Երեւան Լավրովի պաշտոնական այցի ընթացքում: Մնացականյանն ու Լավրովը Ժնեւում են ՄԱԿ մարդու իրավունքների հարցերի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը եռամսյա դադարից հետո տեղի է ունենում միջազգային նոր իրավիճակում: Բանն այն է, որ վստահորեն հնարավոր է ասել՝ միջազգային հարաբերությունների առումով մի իրավիճակ էր մինչեւ 2020 թվականի հունվարի 3-ը, եւ այլ իրավիճակ է դրանից հետո: Մնացականյան-Լավրով հանդիպումը փաստորեն առաջինն է նոր իրավիճակում, որի առանցքային դրսեւորումներից մեկն առնչվում է Ռուսաստանին: Մոսկվան Սիրիայում բախման մեջ է իր վերջին տարիների «հույսի եւ ապավենի»՝ Թուրքիայի հետ: Իդլիբում կողմերը գրեթե պատերազմական իրավիճակում են: Այդ համատեքստում հատկանշական է, որ Լավրով-Մնացականյան հանդիպումը տեղի է ունենում Բաքվում Էրդողան-Ալիեւ հանդիպմանը զուգահեռ: Ռուս-թուրքական հարաբերության որեւէ բնույթի ազդեցության առաջնային գոտին բնականաբար Կովկասն է, եւ իհարկե Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը: Ի՞նչ ազդեցություն կլինի ներկայիս իրողության հետեւանքով: Մնացականյան-Լավրով հանդիպումը Երեւանի համար անշուշտ ունի իրավիճակի ճշգրտման նշանակություն, մի կողմից փոխանցելու, որ Երեւանը թույլ չի տա «լավրովյան պլանի» վերագործարկում՝ ինչի մասին Մյունխենում ակնարկել էր Ալիեւը, եւ ինչին թերեւս դեմ չի լինի նաեւ Էրդողանը, եւ մյուս կողմից հասկանալու, թե Ռուսաստանը որքանով է ունակ դիմակայել Թուրքիային: Ընդ որում, խոսքը լոկ Իդլիբի, Սիրիայի մասին չէ: Երեւանի համար առարկայական հարց է, թե Ռուսաստանը որքանով է ունակ դիմակայել Թուրքիային Ադրբեջանում, Վրաստանում, եւ Հայաստանում՝ Գյումրու 102-րդ ռազմակայանում, որտեղ վերահսկողության խնդիրը գործնականում ստացել է չափազանց կարեւոր նշանակություն, սադրանքի «խոպան» չդառնալու համար: Ընդ որում, Երեւանն այդ հարցում պետք է ունենա նաեւ անվտանգության պատկերացումների վերաբերյալ իր առաջարկները:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25-02-2020 22:32