Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը

25-02-2020 23:26

Վավերագրական կինոյի մեծ վարպետ Միքայել Վարդանովի հիշատակին փետրվարի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվեց հեղինակի «Հայկական հողի գույնը» կինոնկարը, որում նկարահանվել են բազմաթիվ հայ արվեստագետներ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` խորհրդային շրջանում ստեղծված և հետագայում արգելված կինոժապավենը նկարիչներ Մինաս Ավետիսյանի առաջին և Մարտիրոս Սարյանի վերջին նկարահանումն էր կինոյում: Միքայել Վարդանովի որդին` Մարտիրոս Վարդանովը, որը Լոս Անջելեսի «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտի տնօրենն է, մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիլմը նկարահանվել է 51 տարի առաջ Խորհրդային Միությունում, բայց առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում: «Այս ժապավենում հայրս ներկայացրել է Փարաջանովին, Մինաս Ավետիսյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, Արտո Չաքմաքչյանին, Սարյանին և այլ մեծերի: Նկարիչներից շատերը մոդեռնիստներ էին, և խորհրդային ռեժիմը չէր ընդունում նրանց: Հորս հարցրել են, թե ինչու է նկարահանել մոդեռնիստներին և առաջարկել են անդրադառնալ կոմունիստ նկարիչների: Հայրս հանդիմանել է` հիշեցնելով, որ ֆիլմը կոչվում է «Հայկական հողի գույնը», իսկ այդ գույնը Փարաջանովն է, Մինասն է, Էլիբեկյանն է, Չաքմաքչյանն է և մյուսները: Միքայել Վարդանովին պատասխանել են, որ ֆիլմը ոչ մեկ չի տեսնի: Այդպես էլ եղավ»,-պատմեց Մարտիրոս Վարդանովը: 2012 թվականին «Հայկական հողի գույնը» ցուցադրվել է Բուսանի միջազգային կինոփառատոնում: Այն առաջին անգամ դիտել են կորեացիները: «Կինոնկարում չկա հեղինակի խոսք, միայն պատկերներ են և երաժշտություն, որը գրել է Տիգրան Մանսուրյանը: Եթե ֆիլմն իրապես լավն է ու հետաքրքիր, ապա այն հասկանում են բոլորը: Ցուցադրությունից հետո կորեացիները մոտենում էին ինձ, ողջագուրվում»,-հիշեց Վարդանովը: «Հայկական հողի գույնը» նկարահանելուց հետո Միքայել Վարդանովը  երկար տարիներ չի կարողացել հանգիստ աշխատել և միայն  1989 թվականին նկարահանել է «Մինաս. Ռեքվիեմ»-ը, իսկ հետո «Փարաջանով: Վերջին Գարուն»-ը, որի մասին հիացական խոսքեր են ասել Մարտին Սկորսեզեն, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և այլք: Մարտիրոս Վարդանովը խոստովանեց, որ շատ կցանկանա վերականգնել տրիլոգիայի բոլոր ֆիլմերը և լավ որակով դրանք ցուցադրել Հայաստանում: Միքայել Վարդանովը ռուսական կինոակադեմիայի գլխավոր մրցանակի, Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոնների դափնեկիր է: Նա Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերն էր և այդ պատճառով հետապնդվել է Խորհրդային իշխանությունների կողմից: Երկար տարիներ Վարդանովին ճանաչում էին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Հայկական հողի գույնը», Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» և Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմերում կատարած օպերատորական աշխատանքով: Փետրվարի 21-ին Վարդանովի ծննդյան օրն էր: Նա կդառնար 83 տարեկան:

Lragir.am,
25-02-2020 23:26