Արցախ-Նախիջեւան. Պուտինն ու Էրդողանը շտապում են

25-02-2020 23:42

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը Պարոն Գաբրիելյան, Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: Մոսկվան և Անկարան մրցակցելո՞ւ են Ադրբեջանի համար: Ադրբեջանի շուրջ որոշակի մրցակցություն շարունակ եղել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, ինչն առաջիկայում կարող է թեժանալ: Իմ կարծիքով՝ Թուրքիայի ուշադրությունը գնալով ավելի է բևեռվելու Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ կապված նրա հետ, որ Թուրքիան, ըստ ամենայնի, հասել է Սիրիային առնչվող իր նպատակներին (կամ էլ առնվազն դրանց մեծ մասին): Ադրբեջանի հետ կապված՝ Թուրքիայի հիմնական առաջնահերթությունը լինելու է Նախիջևանին տիրելը, և նա ձգտելու է դրան հասնել՝ օգտագործելով Արցախյան հիմնախնդիրը: Թուրքիան հասկանում է, որ այդ համատեքստում անհրաժեշտ է երկխոսել Ռուսաստանի հետ և շարունակ փորձեր է ձեռնարկում նրան ներքաշելու համապատասխան գործարքի մեջ: Նկատի ունեմ Էրդողանի ու Չավուշօղլուի այն հայտարարությունները, որ ցանկության դեպքում Ռուսաստանը «կարող է լուծում տալ» Արցախյան հիմնախնդրին: Ընդգծեմ, որ թուրքական կողմի նման հայտարարությունները շատ ավելի վտանգավոր են, քան սոսկ ադրբեջանամետ հայտարարությունները (ասենք, «Ղարաբաղը ադրբեջանական տարածք է», «Ղարաբաղը Թուրքիայի ու Ադրբեջանի արյունածոր վերքն է» և այլն): Հարավային Կովկասում ռուս-թուրքական համագործակցության սցենարները բազմազան են՝ սկսած ապաէսկալացիոն գոտիներ ձևավորելու, դրանցում համատեղ պարեկություն կատարելու («խաղաղապահներ» տեղակայելու) փորձերից մինչև ազդեցության գոտիների փոխանակում (ասենք, «Նախիջևանը Թուրքիային», «Արցախը՝ Ռուսաստանին»): Էրդողանն ու Պուտինն այստեղ շտապելու կարիք ունեն, քանի որ նրանք վաղուց են գտնվում իրենց երկրների իշխանության ղեկին և նրանց հեռանալով՝ շատ բան կարող է փոխվել Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում: Այս ամենին գումարենք նաև այն, որ թե Պուտինը, թե Էրդողանը քաջ գիտակցում են, որ Հայաստանի ներկայիս լեգիտիմ իշխանության դիրքերը թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում միայն ամրապնդվելու են հետագայում, ինչի համար նույնպես նրանք շտապելու կարիք ունեն: Մենք պետք է պատրաստ լինենք Հարավային Կովկասի շուրջ ռուս-թուրքական «Աստանայի ձևաչափի» ստեղծման հնարավորությանը, որը կողմերը կարող են ստեղծել ի հակակշիռ Մինսկի խմբի ձևաչափի և, ինչպես Սիրիայի դեպքում է, փորձեն ցույց տալ, որ «տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային երկրների կողմից»: Թուրքիայի և Ադրբեջանի միջև ինչպիսի՞ ռազմական համաձայնագրեր կան: Երկու երկրների միջև կան ռազմական մի շարք պայմանագրեր, որոնցից կցանկանայի առանձնացնել 2010թ. օգոստոսի 16-ին Բաքվում ստորագրված համաձայնագիրը, ըստ որի՝ երկու երկրները պարտավորվում են ռազմական հարձակման կամ ագրեսիայի ենթարկվելու դեպքում իրենց բոլոր հնարավորություններով ու միջոցներով աջակցել միմյանց: Ակնկալվում է, որ Էրդողանի ներկայիս ադրբեջանական այցի ժամանակ նույնպես կստորագրվի ռազմական բնույթի համաձայնագիր:

Lragir.am,
25-02-2020 23:42