ԱՄԿ եւ ԵՄ աջակցությամբ ԱԱՏՄ աշխատակիցները վերապատրաստվում են

25-02-2020 23:40

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ գործակցության շրջանակներում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողներն անցնում են մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, դրանք կազմակերպվել են՝ նպատակ ունենալով լրջորեն պատրաստվել 2021 թ․ հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ լիազորությունների ընդլայնմանը: «Վերապատրաստում ձեռնարկությունում մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերաբերյալ» խորագրով դասընթացները լինելու են թե տեսական, թե գործնական՝ հիմնվելով աշխատատեղում աշխատանքի պայմանների գնահատման վերաբերյալ հայերեն թարգմանված մասնագիտական գրականության վրա: Գործնական վերապատրաստումներն ընթանալու են հայաստանյան մի շարք արտադրական կազմակերպություններում: ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը մեծապես կարեւորել է տեսչական մարմնի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված այս նախաձեռնությունը: «Աշխատանքային հարաբերությունների կարգավորման նոր լիազորությունների ստանձնումը «սարերի հետեւում» չէ: Նախկինում գործող աշխատանքի տեսչության գործառույթների վերականգնումը եւ դրանք ԱԱՏՄ-ին վերապահելը կարեւորագույն որոշում էր գործող կառավարության կողմից՝ աշխատողների իրավունքների պաշտպանության առումով: Ուստի մենք պետք է ըստ արժանվույն պատրաստ լինենք դրան՝ կադրերի վերապատրաստման, միջազգային փորձի ուսումնասիրման եւ տեխնիկական հագեցվածություն ապահովելու առումով»,-վերապատրաստման դասընթացների մեկնարկին նախորդած աշխատանքային հանդիպման ժամանակ շեշտել է Հակոբ Ավագյանը: ԱՄԿ Մոսկվայի գրասենյակի աշխատանքի վարչարարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության հարցերով ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն շեշտել է, որ վերապատրաստումները հնարավորություն կտան գնահատել՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ ԱՄԿ կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը: Ըստ այդմ՝ կլրացվեն բացերը, կհզորացվի ռեսուրսը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը հիշեցրել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրով ամրագրվել են միջազգային չափորոշիչներ, որոնց պահպանմամբ ՀՀ-ում աշխատանքային իրավունքները պետք է լինեն առավել պաշտպանված եւ պատշաճ մակարդակի: Ազարյանն ընդգծել է, որ ԱՄԿ ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ փորձ է արվում օժանդակել ԱԱՏՄ-ին՝ ունենալ մասնագիտական ուժեղ թիմ, փաստաթղթային բազա, համալրված ենթակառուցվածքներ: Վերապատրաստման դասընթացներին զեկույցներով ու խորհրդատվությամբ հանդես են գալիս ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն, ԱՄԿ փորձագետ Եկատերինա Կուզնեցովան: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը, ԱՄԿ ծրագրի օգնական Մարիաննա Ավդալյանը:

Lragir.am,
25-02-2020 23:40