Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի. Փաստ

26-02-2020 08:14

«Փաստ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր գնումների պլանը, որն, ի դեպ, ներկայացման առաջին օրվանից ի վեր փոփոխվել է արդեն չորրորդ անգամ: Գնման պլանում մանրամասնորեն նշված է, թե քաղաքապետարանն ինչ ապրանքներ եւ ծառայություններ է մտադիր ձեռք բերել այս տարի: Ցանկից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը կգնի գրասենյակային եւ տնտեսական իրեր, օդորակիչներ, որոշակի գումար է նախատեսված մեքենաների նորոգման, ավտոպահեստամասերի գնման, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրամատակարարման, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի, ինտերնետի եւ փոստային ծառայությունների համար: Քաղաքապետարանը 19 մլն 115 հազար դրամ մտադիր է ծախսել համաքաղաքային միջոցառումների անցկացման, կես միլիոն դրամ՝ ծաղկեպսակների եւ ծաղիկների ձեռքբերման նպատակով: Շատ ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերումը միտված է քաղաքապետարանի բնականոն գործունեության ապահովմանը: Սա որեւէ մեկը չի վիճարկում, այլ հարց է, որ մշտապես հարցեր է առաջացնում գնման գործընթացների ժամանակ մրցույթների կազմակերպումը, խոսքն, ի դեպ, բոլոր ոլորտների գերատեսչությունների մասին է: Գյուղապետարանների եւ քաղաքապետարանների գնումների ցանկերում «Փաստի» ուշադրությունից չեն վրիպում այն ապրանքները, որոնք առաջին հայացքից վստահաբար անմիջական կապ չունեն գերատեսչության աշխատանքի հետ: Եվ այսպես՝ Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով: Ի դեպ, նշենք, որ մատանիների գնման «անհրաժեշտությունն» առաջացել է գնումների պլանում կատարված չորրորդ փոփոխության ժամանակ»:

Lragir.am,
26-02-2020 08:14