Օրենքը սահմանում է հայ մարդու հայրենադարձվելու բացարձակ իրավունքը և պետության պարտականությունը հայրենադարձվողների նկատմամբ

Մեր զրուցակիցն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Պարոն Սինանյան, Հայրենադարձության մասին օրինագիծն է քննարկվում խորհրդարանում: Որքանո՞վ կարելի է այդ խնդիրը լուծել օրենքով: Մենք այդ քննարկմանը ներկայացրեցինք օրինագծի տարբերակներից մեկը և քննարկեցինք այն, ինչպես նաև այլ օրինագծեր: Բավական կարճ ժամկետներում նպատակ ունենք վերջնական համաձայնեցված տարբերակը ներկայացնել ԱԺ քննարկմանը: Աշխատանքային խմբում մի քանի մասնակիցներ կան, որոնցից մեկը մենք ենք, բայց մենք նաև ներգրավել ենք Սփյուռքի և Սփյուռքի քաղաքականության հետ առնչվող անձանց և, բնականաբար, բոլորի առաջարկները կլսվեն: Օրենքն ինքնին ոչ կստեղծի հայրենադարձություն, ոչ էլ կկանխի այն: Օրենքը զուտ բաղկացուցիչ մի մասն է այն ամբողջ համակարգի, որը մենք մտադիր ենք ստեղծել, որպեսզի հայրենադարձությունը տեղի ունենա: Այս օրենքն իրականում բարոյահոգեբանական առաջին և կարևոր քայլն է լինելու հայրենադարձության հետ կապված: Այն սահմանում է հայ մարդու հայրենադարձվելու բացարձակ իրավունքը և պետության պարտականությունը հայրենադարձվող մարդկանց նկատմամբ: Վերջին շրջանում դուք ավելի շատ ուղղություն եք վերցրել դեպի Ռուսաստան, երկու անգամ արդեն այցելել եք: Ի՞նչն է նման ընտրության պատճառը: Ես Ռուսաստան այցելել եմ նախորդ տարվա սեպտեմբերին և դրանից հետո 6 ամիս այնտեղ չեմ եղել: Այդ ընթացքում երեք անգամ այցելել եմ ԱՄՆ, 3 անգամ՝ Ուկրաինա, մեկ անգամ Վրաստան, մեկ անգամ Կիպրոս: Այսինքն իրականում ես չեմ կենտրոնացել Ռուսաստանի վրա: Մյուս կողմից, հաշվի առնելով Ռուսաստանում մեր Սփյուռքի թե քանակը, թե աշխարհագրական սփռվածությունը, անհնար է չկենտրոնանալ այդ Սփյուռքի վրա: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանում հայկական Սփյուռքը, պասիվություն նկատո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ խոսվում է այն մասին, որ հեղափոխությունից հետո հենց Ռուսաստանի սփյուռքն ինքն իրեն չի գտնում: Ոչ, ես չեմ նկատել պասիվություն: Պարզապես ուզում եմ ընդունել, որ մենք դեռևս ուղղությունները ցույց չենք տվել մեր ռուսաստանյան Սփյուռքին՝ առավել արդյունավետ և լիարժեք ներգրավվածության համար: Ցանկությունը կա, բարի կամքը կա, մնում է մենք այդ ձևաչափը գտնենք, թե ինչպես կարող ենք այնպես անել, որ ռուսաստանյան Սփյուռքն ավելի ակտիվ լինի: Հիմա մեխանիզմնե՞ր են մշակվում այդ ուղղությամբ, թե ինչպես գրավիչ դառնալ Ռուսաստանում ապրող հայերի համար: Այո, միանշանակ, բայց պետք չի կարծել, որ դա դյուրին է լինելու: Այն օգուտը, որ մենք որպես պետություն և ազգ կարող ենք քաղել, շատ մեծ է: Դուք շատ եք շրջում աշխարհի տարբեր երկրներում, հանդիպում տեղի հայերի հետ: Հայաստան վերադառնալ ցանկացողների բանակ ունե՞նք այսօր, թե ոչ: Մենք Հայաստան վերադառնալ ցանկացողների մի զանգված ունենք, որի հայրենադարձման իրագործումը շատ բանով կախված է մեզնից:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
26-02-2020 08:59