Լարսի ռուսական կողմում կուտակված է 483 բեռնատար ավտոմեքենա

26-02-2020 09:39

ՀՀ տարածքում փետրվարի 26-ի ժամը 08:40-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Lragir.am,
26-02-2020 09:39