Նյու Դելիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 20-ի

26-02-2020 10:38

Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է 20-ի: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 150 մարդ, տուժածների թվում կան երեխաներ: Ավելի վաղ «Գուրու Թեգ Բահադուր» հիվանդանոցի ներկայացուցիչները, ուր հասցնում են տուժածներին, հայտնել էին 17 զոհվածի մասին: Նյու Դելիի՝ անկարգություններով բռնված հյուսիսարեւելյան շրջաններում իշխանություններն արգելել են բոլոր զանգվածային միջոցառումներն ու ժողովները, փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարաններ: Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել է գործել, նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում: Օրենքը հարուցել է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում Է Սահմանադրությունը, որը հավասարություն Է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ցույցեր են անցկացնում ամբողջ երկրում:

Lragir.am,
26-02-2020 10:38