Մարդը Իրավատեր է. Արցախում իրավիճակ է փոխվել

Արցախում այսօր մեկնարկում է նախընտրական քարոզչությունը, թեկուզ ոչ պաշտոնապես այն ընթանում է արդեն վաղուց: Փետրվարի 25-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի 14 թեկնածու, եւ 12 կուսակցություն եւ դաշինք, որոնք հավակնում են խորհրդարանական մանդատների: Նման բազմազանությունն ու առատությունն ինքնին վկայում է, որ ընտրությունները լինելու են ազատ եւ անկաշկանդ: Իրավիճակ է փոխվել. երկու կին նախագահի թեկնածու, ոչ մի ներկա կամ նախկին նախագահ, Երեւանի հետ ուղղահայաց կապի բացակայություն, միեւնույն ժամանակ՝ Հայաստանի հանձնառություն՝ թույլ չտալ շեղում ժողովրդավարական ուղուց: Նախընտրական շրջանը սկսվել էր “ավանդական” ձեւով՝ թեկնածուներից մեկի կողմից շռայլ խոստումներով, պարտքերի մարումով եւ մարդկանց գրպանային երախտագիտությունը մուրալով: Դա համեմվում էր “ականջին հասած” տեղեկություններով, որ “Նիկոլը մեր կողքին ա”՝ մեծն կոմբինատորի ոճի մեջ: Թվում էր, որ այդ ամենն արդեն կանխորոշել է ընտրությունների ընթացքը, սակայն մի պահ ամեն ինչ փոխվեց: Դժվար է նույնիսկ ասել, ինչից հետո, բայց 13 տարվա այն կպչուն, սառը քրտինքի պես զզվելի մեգը միանգամից ցրվեց, մարդիկ իրար տեսան, շոշափեցին, եւ պարզվեց՝ ոչ մի վախենալու բան էլ չկա: Մեգը ցրվեց, եւ դրա առաջին դետոնատորը դարձավ Ալեքս Քանանյանի հացադուլը՝ Թարթառ գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի դեմ: Նրա արդար բողոքին անսպասելիորեն միացան քարվաճառցիները, դպրոցականները, եւ դա ստիպեց ոչ միայն կանգնեցնել ՀԷԿ-երի կառուցման գործընթացն, այլեւ գիտակցել, որ քաղաքացին Իրավատեր է: Եթե Սահմանադրությամբ ազգային բարիքները պատկանում են ժողովրդին, ինչո՞ւ տերը չգիտի, թե ով է օգտվում այդ բարիքներից: Դեր է խաղացել նաեւ այն, որ նախագահ Բակո Սահակյանը մի կողմ է քաշվել եւ ստանձնել միայն ընտրությունների անվտանգ ընթացքը ապահովելու դերը: Իրավիճակը փոխվեց նաեւ Սամվել Բաբայանի աջակցությունը Մասիս Մայիլյանին: Արցախում մտավախություն կար, որ Բաբայանը, լուսանցքում մնալով, կարող է անցանկալի զարգացումներ հրահրել: Սակայն նշված քաղաքական ակտը դուրս բերեց Բաբայանին լուսանցքից եւ թույլ տվեց գործել բաց քաղաքական դաշտում: Դեռ որոշ ուժեր փորձում են ապացուցել, որ “մեր ժամանակ ավելի լավ էր”, հատկապես բանակում: Բայց երբ Մարդ իրեն Իրավատեր է զգում, 30 արծաթով ու շանտաժով նրանից չես կարող խլել իրավունքը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
26-02-2020 11:07