Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել. Սուրեն Պապիկյան

26-02-2020 11:23

Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչության փուլն ակտիվ մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը ներառյալ, այսօր լրագրողներին ասաց «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: «Գործադիրի անդամները, ովքեր կմեկնեն արձակուրդ, կմասնակցեն քարոզչությանը, ինչպես նաև աշխատանքային ժամերից հետո: Նաև պատգամավորներին է դա վերաբերում, մասնավորապես, մարզերից ընտրված մեր գործընկերներն իրենց ընտրված վայրերում իրականացնելու են քարոզչությունը: Նպատակը՝ հանրությանը ներկայացնել բոլոր այն կարևոր կետերը, որը շարժառիթ է հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար և, իհարկե, դրա կարևորությունը Հայաստանի հետագա բարեփոխումների իրականացման համար: Ես հիմա արձակուրդում եմ, որպեզի նախարարության աշխատանքը չտուժի, մեկնելու եմ Վրաստան, այնուհետև կվերադառնամ ու արձակուրդս կշարունակվի մինչև քարոզչության ավարտը»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես, ըստ Պապիկյանի, պատրաստվում է մասնակցել քարոզարշավին և անհրաժեշտ օրերին նա նույնպես կինի արձակուրդում: «Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել: Սա պրոցես է, և մենք Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ենք ընձեռել, որ ինքը որոշի, թե ինչպիսի ընթացք է ուզում, որ ունենա մեր երկրը: Սա սկսված է 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխությունից: Այսինքն՝ այդ իրավունքը ՀՀ քաղաքացին ձեռք է բերել: Եվ այդ իրավունքն իր անօտարելի իրավունքն է, մենք հիմա հերթական անգամ այն իրացնելու հնարավորություն ենք ընձեռել: Չկա ավելի ժողովրդավարական պրոցես, քան կարող է լինել հանրաքվեն: Դա ՀՀ քաղաքացիների, իրական տերերի ձայնի ու կամքի արտացոլումն է լինելու, եթե քաղաքացին այլ բան կորոշի, մենք հաշվի կնստենք դրա հետ: Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին մասնակցել, և մեր ակնկալիքն է, որ նրանք կողմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Պապիկյանը:

Lragir.am,
26-02-2020 11:23