«Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը

26-02-2020 11:38

«Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմիավորեն իրենց ջանքերը՝ դասական երաժշտությունը առավել հասանելի դարձնելու համար: Երկու կողմի թիմերի մասնակցությամբ սկիզբ դրվեց երկարատև համագործակցությանը, որն ամրապնդվեց պաշտոնական հուշագրի ստորագրմամբ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից: Համագործակցության մեկնարկը նշանավորվեց նաև առաջին համատեղ՝ «Մարդիկ և սիմֆոնիա» նախագիծի մեկնարկով, որն ուղղված է «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերությունների ավելի քան 3000 աշխատակիցներին: Նախագծի շնորհիվ ընկերությունների խմբի բոլոր աշխատակիցները հնարավորություն ունեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի բոլոր համերգներին հրավիրատոմս ստանալ՝ այցելելու ընտանիքի անդամների, ընկերների ու սիրելիների հետ: «Գալաքսին» համախմբում է շուրջ 3000 տաղանդավոր մարդ, ովքեր ամեն օր ստեղծում են արժեքներ: Յուրաքանչյուր մարդ իր յուրովի ներդրումն ունի ընդհանուր գործի մեջ, որը մեզ համար շատ արժեքավոր է: Մեզ համար կարևոր է ոչ միայն այն, թե մարդիկ ինչպես են աշխատում, այլև նաև, թե ինչպես են կարողանում կազմակերպել իրենց հանգիստը», – նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը: Աշխատակիցներին ուղղված հրավերում նշված է. «դժվար է շնորհակալությունը «փոխանցել» տառերի միջոցով: Այդ պատճառով ուզում ենք, որ լսեք մեր շնորհակալությունը դասական երաժշտության հնչյունների ներքո»: Նախագծի հեղինակները լիահույս են, որ այս «շնորհակալության» նախաձեռնությունը կարող է սկիզբ դնել նոր կորպորատիվ մշակույթի ձևավորմանը և օրինակ ծառայել Հայաստանում գործող այլ ընկերությունների համար ևս: Հավելենք, որ համագործակցության արդյունքում «Գալաքսին» և Սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում են իրականացնել շարունակական այլ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե համայնքին, և թե լայն հանրությանը: «Այս համագործակցության մեկնակը անչափ կարևոր է նաև նվագախմբի համար, քանզի մեծ է ցանկությունը ձեզ հասցնել մեր ասելիքը: Հայտնի է, որ երաժշտությունը համամարդկային լեզու է, որը չի ճանաչում սահմաններ և կարող է հասնել բոլորի սրտերին՝ անկախ  ամեն ինչից: Հույսով ենք, որ ունկնդրելով դասական երաժշտություն նոր մոտիվացիաներ և նոր մտքեր, էմոցիաներ կառաջանան ձեզ մոտ», – նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ծրագրերի ղեկավար Աննա Գևորգյանը: Փետրվարի 25-ից մինչև հուլիսի 16-ը 12 համերգ է նախատեսված և յուրաքանչյուր համերգին ակնկալվում է 200-ից ավելի աշխատակիցների ներկայությունը: «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ հանդիսանալով ստեղծարար արվեստի մշտական աջակից, հավատացած է, որ  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի հետ համագործակցությունը նոր ու հետաքրքիր նախագծերի մեկնարկ են տալու: ——————————- «Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից: 20 տարվա գործունեւության արդյունքում «Գալաքսին» 30 հոգանոց թիմից կարողացել է դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն` ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան մեկ միլիոնի հասնող բաժանորդների և հաճախորդների թվով: Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խումբը ներկայացված է 3 երկրում՝ 10-ից ավելի ոլորտներում, իսկ «Գալաքսին» շարունակում է սոցիալական պատասխանատվության ծրագրեր իրականացնել, որն ուղղված է կրթության, նորարարության և արվեստների աջակցմանը՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրել է 2005թ-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նաև նվագախմբի գեղարվեստական ղեկվարն ու գլխավոր դիրիժորն է: Շուրջ 14 տարի է, ինչ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենում տարեկան ավելի քան 50 համերգով՝ լայն ճանաչում ունեցած և ժամանակակից հանճարեղ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններով հագեցած հետաքրքիր երաժշտացանկով:

Lragir.am,
26-02-2020 11:38