Չի կարելի անցյալում ապրել. Փոփոխությունները հնարավոր չէ կանգնեցնել

29-02-2020 19:58

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Հռիփսիմե Հովհաննիսյանի: Հարցազրույցներն անցկացվում են  Լոֆթում: Մեր զրուցակիցն է «Թեդեքս Երևանի» հիմնադիր Քրիստինե Սարգսյանը, ով մասնագիտությամբ փոփոխությունների կառավարման խորհրդատու է: Քրիստինե, հայրենիք, թե մայրենիք, և ինչո՞ւ: Տարբերություն չկա, պայմանականություններ են: Վաղուց արդեն սիրով մեծ հաշտություն եմ կնքել «հայրենիք» հասկացության հետ, ինձ համար շատ ավելի կարևոր է էությունը, իսկ ձևակերպումները, փաթեթավորումները շատ մեծ պայմանականություններ և սահմանափակումներ են դնում: Դրա համար նույնիսկ չէի քննարկի, իրականում էությունը սերն է, միասնականությունը: Եվ եթե նայենք հայրենիքի իմաստը որն է, ինձ համար միասնականությունն է, արժանապատիվ կյանք ունենալն է, անկախությունը, որակյալ մարդկային արժեքների հավաքականությունը: Որտեղի՞ց եք սերում արմատներով, և որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը: Հայրիկիս կողմից արմատներս Արևմտյան Հայաստանից են, մայրիկիս կողմից՝ Արևելյան Հայաստանից: Արմատները շատ կարևոր են, բայց արմատներից կառչել չի կարելի, դա վտանագավոր բան է: Մեր ինքնագիտակցության համար շատ կարևոր է հասկանալ մեր արմատները, բայց կառչած մնալ արմատներից՝ սահմանափակող մոտեցումներով, շատ վտանգավոր է զարգացման, փոփոխության, աճի էքսպերիմենտալության առումով: Դրա համար, քաջ գիտակցելով, թե որտեղից ես գալիս, երբեք չի կարելի անցյալում ապրել, չի կարելի ամեն ինչ անցյալի, քո արմատների ֆիլտրով ֆիլտրել, որովհետև աշխարհն ու մարդկությունը շատ բազմազան են, բազմաստիճան: Եվ շատ կարևոր է բաց լինել՝ ընդունելու համար այն, ինչ կա և միանշանակ չընդունելու համար այն, ինչ չես ուզում ընդունել: Եթե մի քիչ փիլիսոփայորեն մոտենանք այս ամենին, այո, արմատները շատ կարևոր են, միանշանակ հարկավոր է իմանալ որտեղից ես սերում, որն է քո պատմությունը, ինչի միջով են անցել քո նախնիները, բայց դա ապագայի լոզունգ դարձնելը և միայն դրանով առաջնորդվելը հեռու չի տանում: Աշխարհն այլևս շատ-շատ է փոխվել: Այն բոլոր տեխնոլոգիական, աշխարհքաղաքական, սոցիալական, տնտեսական տրանսֆորմացիաները, որոնք տեղի են ունենում, պետք է մեզ շատ զգուշավոր ու շատ ավելի իմաստուն դարձնեն այն առումով, թե մենք ինչպես պետք է այլևս առաջ շարժվենք: Կներկայացնե՞ք ինչպես է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը: Մանկությունս, պատանեկությունս, երիտասարդությունս շատ վառ գույներով են անցել: Չնայած որ ես մեծացել եմ պատերազմի, երկրաշարժի, մութ ու ցուրտ տարիներին, բայց ամենավառ հիշողությունը մանկությունից այն էր, որ չնայած դաժան տարիներ էին, ես չեմ ունեցել այդպիսի գիտակցում, որ մենք զուրկ կյանքով ենք ապրել: Ավելի հասուն տարիքում եմ միայն հասկացել դա, որովհետև մեր ընտանիքում երբեք չեն տրտնջացել, չի եղել լաց ու կոծ: Հակառակը, ես հիշում եմ, որ երբ լույս չկար, մայրիկս մոմեր էր վառում, քույրս դաշնամուր էր նվագում, ես Սևակ էի արտասանում, մենք ունեինք մեր փոքրիկ համայնքի ինտելեկտուալ հյուրերը, ովքեր իրենք էլ միանում էին մեզ, քննարկումներ էին լինում: Ես շատ վառ հիշում եմ՝ հորաքույրս, մայրս ու հայրս ինչ-որ գրքեր կարդալիս ու բանավիճելիս, այդպես եմ հիշում իմ մանկությունը: Եվ, իհարկե, դպրոցի տարիներն էին շատ հետաքրքիր: Առաջին էքսպերիմենտալ դպրոցներից մեկում էի սովորում Աշտարակ քաղաքում, դա այն առաջին վարժարան-դպրոցներից էր, որի տված արդյունքն այն էր, որ ֆիզիկա ու մաթեմատիկա առարկաներից երեխաները հարցազրույցով ընդունվում էին բուհեր: Մենք 10-րդ դասարանում նաև պարսկերեն էինք սովորում, բացի երկրորդ օտար լեզվից, որն անգլերենն էր, տրամաբանություն, հոգեբանություն, ոճաբանություն և արտասահմանյան գրականություն էինք ուսանում: Շատ վառ ու ուրախ մանկություն, պատանեկություն ու երիտասարդություն եմ ունեցել: Իմ երիտասարդությունը լեցուն է եղել ամենատարբեր հեղինակների, փիլիսոփաների, նկարիչների, գրողների, խորհրդատուների աշխատություններն ուսումնասիրելով: Ես միշտ կարդում էի միջազգային խորհրդատուների բանավեճերի հիմքերը, ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչու են մարդիկ այսպես մտածում և ինչու են վիճաբանում տարբեր տեսակետների շուրջ: Եվ միտքը ճկելու շատ լավ վարժանք էր դա: Ես հիմա Հայաստանի Արմերիկյան համալսարանում եմ դասավանդում և միշտ խորհուրդ եմ տալիս իմ ուսանողներին՝ բացահայտել իրենց մտածողության հենքի կազմությունը և բովանդակությունը: Շատ կարևոր է հասկանալ՝ ինչն է մեր ճանաչողության՝ իմացության ձևավորման վրա ազդեցություն ունեցել: Քանի որ, որքան հարուստ և բազմազան է աշխարհի մասին մեր իմացությունը, այնքան ավելի հզոր ենք մենք հետագայում մեր նորարարությունների, մտքերի ու որոշումների առումով: Ո՞րն է ձեր կյանքի կարևոր դասը կամ դասերը, որոնք քաղել եք:  Գիտեք, մի քանիսն են: Ամենակարևոր դասերից մեկն այն է, որ անկախ ամեն ինչից երբեք հնարավոր չի լինի աշխարհը պահել այնպիսին, ինչպիսին ներկա պահին կա: Միևնույն է, աշխարհը կփոխվի, մարդիկ կփոխվեն: Պետք է հանգիստ վերաբերվել փոփոխությանը, պետք է բաց լինել, ընդունել, զարգանալ ու առաջ վազել: Պետք է լինել փոփոխության հենքը, հիմքը, որովհետև երբեք հնարավոր չի լինի դա կանգնեցնել: Եվ առաջին կարևոր դասերից մեկը ինձ համար դա է եղել: Երբ մի քանի անգամ փորձառությունների արդյունքում դա հասկանում ես, այլևս սկսում ես առաջ նայել, նույնիսկ առաջատար լինել շատ հարցերում: Մյուս կարևոր դասն այն է, որ, չեմ ուզում կոպիտ ասել, բայց անփոխարինելի մարդիկ չկան: Ինձ համար ամենալավ դասերից մեկն այն է եղել, որ՝ դու, Քրիստինե, անփոխարինելի չես: Միշտ կգան ավելի խելացի մարդիկ, ավելի լավ ու փորձառու: Եվ պետք է ուրախ լինել դրա համար, պետք է իրենց արագ գտնել, որ քեզ փոխարինեն, որ դու հնարավորություն ունենաս աճելու: Երբ դու կառչում ես ինչ-որ բանից, դա զարգացման մահն է: Մյուս կարևոր դասն ինձ համար այն է, որ անհատի մտքի ինքնորոշման ինքնագիտակցումը  կարևորագույն մարդկային իրավունքներից և արժանապատիվ գոյության սկզբունքներից մեկն է: Դա նշանակում է հետևյալը՝ մենք շատ հաճախ ենք խոսում, թե ինչքանով ենք կախված ու անկախ: Անկախ մարդ լինելու համար կարևորագույն բան է, որ հասկանանք, թե ինչպես ենք մտածում: Շատ կարևոր է հասկանալ, թե ոնց է քո ուղեղն աշխատում, ոնց է մարդ էակն աշխատում, մոտիվները, շարժառիթները, շարժիչ ուժը: Եթե ինքնագիտակցման, ինքնաբացահայտման ու ինքնակրթության աշխատանք չենք արել, ոչ Հարվարդը, ոչ Օքսֆորդը, կամ որևէ այլ բան մեզ չի փրկելու: Անկախ մտածողության հիմքը ինքնաճանաչողությունն է, հատկապես մեր մտածողության պրոցեսների ձևավորման կենսաբանական հիմքն ուղեղի առումով հասկանալը: Ես արդեն 8 տարի է՝ աշխատում եմ մի գրքի վրա, որի անունն անընդհատ փոխում եմ: Սկզբում անվանել էի՝ «Ուղեղ բոլորի համար», հիմա այն կոչվում է «Ուխտագնացություն դեպի ուղեղ»: Դա գիրք է ուղեղի մասին, որը մեր երեխաների, ուսուցիչների, ծնողների համար է՝ շատ հասկանալի ու մատչելի լեզվով գրված: Այն ավարտվել է, այս տարի երևի կհասցնենք հրապարակել: Մեծագույն նպատակն այն է, որ հնարավորինս շուտ կրթենք մեր երիտասարդությանը, երեխաներին այն ուղղությամբ, թե մեր միտքը ոնց է աշխատում, հատկապես մեր ուղեղը ոնց է աշխատում, որ մեր մտածողության կենսաբանական հիմքը հասկանանք: Մնացած ամեն ինչը դրա բազայի վրա է ծագում: Հատկապես չորրորդ ինդուստրիալ հեղափոխության մեջ, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման գործընկերությամբ, եթե մենք չգիտենք, թե մեր ուղեղը ոնց է աշխատում, վտանգավոր ինքնախաբեության մեջ ենք բոլորս համատարած: Բայց դաշտ է մեր ուղեղը, ամեն վայրկյան ազդեցության ենք ենթարկվում, և եթե տեղյակ չենք, չենք հասկանում ինչպես, չգիտեմ, թե հետո ոնց ենք լեզու գտնելու մեզ սպասվելիք տեխնոլոգիական քաոսի հետ: Կարծում եմ՝ լավ է լինելու, միանշանակ դրական եմ վերաբերվում տեխնոլոգիաներին, շատ ուրախ եմ դրանցով, որովհետև մեզ ձերբազատելու են շատ տեխնիկական սահմանափակումներից: Մտավախություններ կան, որ ապագայում ռոբոտներն են փոխարինելու մարդանց: Իրականում ռոբոտների շնորհիվ կրեատիվության, նորարարության, մտքի էքսպերիմենտալության առումով շատ ավելի մեծ տիրույթ է բացվում, ես շատ ուրախ եմ դրա համար: Գիտեք, իմ մտավախությունն ուրիշ տեղ է, այնտեղ է, որ մենք առանց մեզ ճանաչելու, առանց հասկանալու, թե ոնց ենք աշխատում մեր բանականության ու ուղեղի առումով, մենք շատ բան պատվիրակելու ենք ռոբոտներին: Փակ աչքերով գնալու մտնել ենք ինքնախաբեության մի դաշտ, որտեղ արհեստական ինտելեկտը մեզնից շատ ավելի արագ կարող է սովորել ու էքսպերիմենտներ անել, չգիտեմ, կարծում եմ՝ մի քիչ դմբոյություն է: Իրականում այս ամենին զուգահեռ մենք մեր կրթության հենքը պետք է փոխենք: Մենք կրթության ոլորտում կարևորության ու առաջնայնությունների այլ շեշտադրումներ պետք է դնենք: Հաջորդ հարցը հենց կրթական համակարգին է վերաբերում, որո՞նք են մեր կրթական համակարգի խնդիրները, ինչպե՞ս լուծել դրանք: Մենք շատ հաճախ համեմատություններ ենք անում, բայց ես չէի ուզենա համեմատել հայկական կրթական համակարգն արտասահմանյան կրթական համակարգի հետ: Դրանք երկուսն էլ իրենց դրական ու բացասական կողմերն ունեն: Այստեղ միևնույն է հիմքը մնում է անկախ մտածող մարդ զարգացնելը: Եթե էվոլյուցիոն առումով նայենք կրթության հիմքը, թե կրթությունն ինչպիսի գործիք է և ինչու է ձևավորվել, իմ սիրելի փիլիսոփաներից մեկը՝ Չամսկին նշում էր, որ շատ զգուշավոր պետք է լինել, միշտ չէ, որ լավագույն կրթություն ունեցող մարդիկ ամենախելացիներն են: Ինչո՞ւ էր դա ասում, որովհետև մենք շատ զգոն պետք է լինենք, թե մեզ ով է կրթում, ինչ է կրթում և ինչպես է կրթում, որն է դրա նպատակը: Եթե էվոլյուցիոն նպատակներին նայենք, մեծ առումով կրթությունը գործիք է դարձել շատ հաճախ էլիտիստ քաղաքական էլիտայի ձեռքին՝ դաստիարակելու և վերարտադրելու այնպիսի հասարակություն, որը միշտ իրենց կընտրի և ինքնախաբեության մեջ շատ ուրախ կապրի: Եթե հիշենք Սովետական միությունը, կտեսնենք, թե մենք ինչքան հպարտ էինք մեր կրթությամբ, կրթությունը, գիտությունը, դա պետության փրկությունն էր: Բայց ես չեմ հիշում այդ ժամանակաշրջանում, որ մենք հաճախ քննարկեինք տնտեսական անկախությունը: Եվ իզուր չէր դա, այո, գիտությունը մեր բոլոր մտածողներին տանում էր Սովետական միությունում՝ Մոսկվա: Հայաստանում գիտնականները սովետական միության պարծանքը համարվող ստրուկներ էին, ովքեր տեղյակ չէին, որ իրենց ստրկացրել են: Ասածս հետևյալն է՝ ընդհանրապես կրթական համակարգն այսօր այդ ճգնաժամն է ապրում, և այդ ճգնաժամն էլի կապված է մտքի ինքնորոշման գիտակցման և իրավունքի սպառման հետ: Եթե մենք զգոն չենք, տեղյակ չենք և անհանգստացած չենք այդ հարցերով, որպեսզի հասկանանք, թե կրթության արդյունքը որն է և ինչ ենք մենք ուզում, որքանով դա մեզ արժանապատիվ կյանքով ու անկախ մտածողությամբ և գործունեությամբ կապահովի, էլի եմ ասում՝ կույր ենք և ինքնախաբեության մեջ: Դրա համար և հայկական, և համաշխարհային կրթական համակարգերը մեծ ճգնաժամ դեռ ունեն ապրելու: Իզուր չէ, որ այսօր արդեն շատ մեծ կորպորացիաներ չեն նայում՝ դու ինչ աստիճան ունես կամ ընդհանրապես որևէ համալսարան ավարտել ես, թե ոչ: Google-ը, Ֆեյսբուքը և այլ ընկերություններ բազմիցս հայտարարել են, որ իրենց համար դա կարևոր չէ, որովհետև իրենք շատ հաճախ ամենատաղանդավոր ինժեներներին գտնում են ոչ թե ամենահայտնի համալսարաններում կամ դպրոցներում, այլ ինքնակրթության արդյունքում ձևավորված մասնագետների մեջ: Դրա համար անհամբեր սպասում եմ այդ փուլին և ուզում եմ տեսնել, թե ինչ նոր կրթական թրենդներ դուրս կգան և ինչպիսի կրթական օջախներ կստեղծվեն: Ճիշտ չէ քննարկել կրթությունն իր կլասիկ փաթեթավորմամբ և ուրախանալ ինչ-որ աստիճաններով: Մենք մեր նախկին կառավարությունում տեսել ենք, թե ինչպիսի ինտելեկտուալներ կային, ինչ բուհեր ավարտած, բայց մինչև կոկորդը թաթախված էին կոռուպցիայի մեջ: Ես չեմ ուզում պիտակավորել, բայց լավագույն կրթություն ստանալը խելացի, ազնիվ ու անկախ մարդու չափանիշ չէ դեռ: Դրա համար շատ կարևոր է ինքնագիտակցումը, ինքնակրթությունը, ինքնաճանաչումը և էքսպերիմենտալությունը: Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք այն: Մենք բավական հետաքրքիր հասարակություն ունենք: Ես շատ եմ սիրում Հայաստանը, ամենատարբեր միջազգային փորձառությունների արդյունքում, միևնույն է, որոշումս միանշանակ եղել է ապրել ու ստեղծագործել Հայաստանում: Եվ դրանում իր տեղն ունի մեր հասարակությունը՝ իր հետաքրքիր կողմերով: Իհարկե, թերություններ էլ կան, բայց ես շատ սիրում եմ մեր մարդկային կողմը: Մի օրինակ բերեմ, TED համաժողովներից մեկը Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում էր անցկացվում: Ես ընդմիջմանը որոշեցի թանգարանում պտտվել: Կողքի սրահում մեր հայրենակից Հագոբ Կեվորկյանի կողմից Միջին Արևելքի պատմությանը վերաբերող հուշարձանների բացահայտման հավաքածու էր ներկայացվում: Եվ ես նայում էի ու մտածում, որ ես՝ հայս եկել եմ Նյու Յորք՝ TED կոնֆերանսին մասնակցելու, որտեղ աշխարհի ամենախելացի մարդիկ են հավաքվում, իրենց գաղափարներն են ներկայացնում, բայց արի ու տես, որ իմ կողքի սրահում իմ հայրենակիցը մարդկության մշակույթի պատմության մի ամբողջ կտոր է փրկել ու մի ամբողջ հավաքածու է ցուցադրում, որից ամբողջ աշխարհն է կրթվում: Կարծում եմ՝ հայկական ֆենոմենններից մեկն է դա, մեր մարդասիրությունը: Ֆենոմենալ մարդասեր ազգ ենք, այդ բարության հիմքը, փաթեթավորումը, համն ու հոտը, մարդ մնալու հատկությունը… Մի փիլիսոփայություն կա, որ կոչվում է ուբունտու: Ըստ դրա պետք չէ, որ քեզ հատուկ շնորհակալություններ հայտնեն քեզ մարդավարի պահելու համար, քանի որ ենթադրվում է, որ եթե մարդ ես, քեզ մարդասեր ու մարդավայել պիտի պահես: Մենք յուրահատուկ ուբունտու համ ու հոտ ունենք՝ որպես մարդկային ժողովուրդ: Եվ մեր հանրությունը դեռ այդ հատկությունը չի կորցրել: Մեր հասարակությունը միայն մեկ խնդիր ունի՝ մենք սիրում ենք օգնել ու աջակցել միայն  այն դեպքում, երբ մարդիկ թշվառ վիճակում են: Մենք վազում ենք օգնելու, բայց երբ մարդիկ հաղթական դիրքում են, չենք սիրում իրենց, չենք ուզում իրենց կողքին կանգնել ու միասին հաջորդ հաղթանակին անցնել: Հեղափոխության արդյունքում հաջողության հասանք, բայց հիմա մարդիկ փնովում են կառավարությանը: Վերցրեք, յուրաքանչյուրդ ինչ կարող եք, արեք, անընդհատ չպետք է սպասել, որ կառավարությունը կանի: Մենք այդ խնդիրն ունենք և չենք սիրում հաղթողի կողքին կանգնել, որովհետև մենք ինչ-որ առումով ինդիվիդուալիստ ենք: Սովորաբար առողջացման համար լավ ախտորոշում է անհրաժեշտ, ըստ ձեզ՝ո՞րն է հայ հասարակության «դիագնոզը»: Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև որպես փոփոխությունների կառավարման խորհրդատու, իմ աշխատանքի հիմքում ընկած է իրավիճակի դիագնոզ անելը: Գործը միշտ սկսվում է իրավիճակը դիագնոզ անելուց: Մենք ախտորոշումը այն է, որ մենք որակյալ միտք ճանաչելու խնդիր ունենք: Մենք հանգիստ թողնում ենք, որ գնան շատ տաղանդավոր մարդիկ, նախկին ու ներկա ենք անում, սրա հետ են աշխատել, նրա հետ են աշխատել: Մենք պետք է հասկանանք, որ որպես ազգ գոյատևման համար այլևս որակյալ մտածող տեսակը դարձել է համեմատական առավելություն աշխարհում: Արագ սովորելուն, ճկուն մտածելուն, նորարարություններ անելուն զուգահեռ, եթե մենք աջ ու ձախ շպրտենք մեր եղած մարդկային կապիտալը, լավ չի լինի: Պետք է կոնսոլիդացվել, շատ ավելի մեծ նպատակներ դնել և բոլորին ծառայեցնել դրա համար: Փոքր նպատակների համար մենք միշտ աջ ու ձախ ենք անում մեր եղածը, տարանջատումներ ենք դնում: Բայց մեծ, գլոբալ, հսկայական նպատակների համար մենք ստիպված ենք բոլորին հավաքել և ծառայեցնել այդ մեծ նպատակների իրականացմանը: Մենք հաղթող, հզոր ու խելացի ազգին բնորոշ հատկանիշները պետք է որդեգրենք: Որո՞նք են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, ի՞նչ պետք է անել դրանց լուծման համար և ինչպե՞ս անել:  Դրանք նույնն են, ինչ միշտ եղել են՝ տնտեսական աճ, կրթություն, գիտություն, պատերազմ, տնտեսական անկախություն, կոռուպցիա: Դրանց չափաբաժինները, երանգները, իրավիճակները փոխվում են, բայց դրանք միշտ առկա են: Ինչպես պետք է լուծենք, էլի եմ ասում՝ ինչքան էլ փոքր ենք, պետք է շատ ավելի մեծ ու հզոր ազգի մտածողություն որդեգրենք, ավելի լուրջ խաղացողի դիրքերում հայտնվենք: Այլևս չպետք է մեծ խաղացողների ձեռքին «զինվորի» դեր ունենանք: Մենք դիրքով ու չափով գուցե «զինվոր» ենք, բայց թագուհի դառնալու ամբիցիաներ պետք է ունենանք: Երբ ամբիցիաներն այդպիսին լինեն, մտածողությունը և ռազմավարությունն այդպիսին լինի, կա հնարավորություն, որ մեզ հետ հաշվի կնստեն: Անհատներ, թե՞ ինստիտուտներ, որը զարգացնել: Անհատներ, ովքեր շատ լավ ինստիտուտներ են ստեղծում: Հենքը, հիմքը միևնույն է անհատն է, մենք դրանից չենք կարող խուսափել: Անհատ, որն անպայման շատ լավ ինստիտուտներ կհիմնի: Անհատն ինքնին զարգացման մի լեվլում է որոշակի հաջողություններ ունենում, բայց թիմային, ինստիտուցիոնալ և համաշխարհային լեվլներ կան, պետք է ձգտել ու հասնել դրանց: Այո, անհատ, բայց լուրջ  ինստիտուտներ կառուցող: Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ: Ամենակարևորը մեր երեխաների ու երիտասարդության աչքերը բացելն է: Ես ինքս համարում եմ, որ իմ ամբողջ կարիերայի ընթացքում դրանով եմ զբաղված: Հաջորդ սերունդներին մենք պետք է ինքնախաբեությունից հանենք, անկախ մտածող սերունդ կրթենք և նաև պետք է պահպանենք այն միջավայրը, որը կա, որովհետև դա մերը չէ, մենք պետք է շատ զգոն լինենք, որ այսօր այլևս այն, ինչ կա, մեր երեխաներին է պատկանում: Իրենք ավելի երկար են այս հողի վրա ապրելու, քան մենք և մենք չպետք է սպառողի հոգեբանությաբ վերաբերվենք դրան: Հակառակ դեպքում, մեր երեխաներին թողնել միայն գաղափարախոսություն և սկզբունքներ, որոնք որդեգրել ենք սովետական ժանակաշրջանից, անթույլատրելի է: Ի՞նչ եք անում դուք ամեն օր կամ պարբերաբար՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար: Անկախ մտածող սերունդ կրթելու համար ես «Թեդեքս Երևան» եմ անում, ուղեղի մասին գիրք եմ գրել և կրթական ծրագրերում եմ ներգրավված: Վերջին տասը տարիներին դասավանդել եմ նախ Թումոյում, հիմա Ամերիկյան համալսարանում, այլ կրթական ծրագրերում եմ ներգրավվում, որքանով կարող եմ: Ես փորձում եմ այդպիսով ավելի լավը դարձնել Հայաստանը և ինչ-որ մի բան փոխել երիտասարդության համար: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի  ձեր կոնցեպտը:  Տեսեք ինչ հետաքրքիր է, մենք եկանք ու հանգեցինք Տիգրան Մեծին՝ այդ մեծ խաղացողին: Մեծ մտածողություն ունեցող քաղաքական այդ գործիչն այնպիսի մտածողություն ու ռազմավարություն էր կիրառում, որի արդյունքում հզոր պետականություն ունեինք և ամբողջականություն: Հենքը միացումն էր: Ամեն ինչ միացնում էր իրար Տիգրան Մեծը, ուրիշներին էլ էր մեզ միացնում: Ես կարծում եմ՝ բանաձևը միացումն է, հիշենք Արցախյան շարժման լոզունգները՝ «Միացում»: Եվ վերջին հեղափոխության ժամանակ նորից կրկնվում էր դա՝ միացումը: Միայնակ հեռու չես գնա: Մենք պետք է շատ ավելի իմաստուն լինենք այդ առումով, մենք բոլորս՝ որպես ազգ ու պետություն պետք է իմաստուն լինենք: Այս պահին կուզենայի, որ հասարակությունն իսկապես շատ ավելի միահամուռ լիներ՝ մեր հաջողությունը մյուս աստիճանի հասցնելու համար: Ի՞նչ լսել կամ դիտել այս հարցազրույցը կարդալուց հետո, մի հղում տվեք: Առաջարկում եմ լսել Գիսանե Պալյանի «Մայր բնություն» երգը, որի խոսքերի համահեղինակը ես եմ: Սա երգ է այն մասին, որ մեր երեխաների ու մեր բնության միջև կապը կարևոր է, և մենք պիտի պահպանենք մեր բնությունը, որպեսզի մեր երեխաները կարողանան վայելել այն: https://www.youtube.com/watch?v=8r4GbWzDQpc Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում

Lragir.am,
29-02-2020 19:58