Ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի

Մեր զրուցակիցն է փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի նկարագրությունը կառուցված է միֆերի վրա: Որ միֆ է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է այդ ընտրություններում, «0038» գաղտնի հրամանն էլ այդ միֆերից մեկն է: Ինչպե՞ս եք գնահատում նրա մեկնաբանությունները և ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք գործի ընթացքի վրա: Դրանք ոչնչով չեն կարող ազդել գործի ընթացքի վրա: Իմ կարծիքով, դրանք ավելի շատ ուղղված են հանրության մեջ խուճապ գցելուն: Հանրությունը շատ լավ գիտի, որ «Մարտի 1»-ի գործով ոչ մի բան միֆ չէ, միֆն այն է, որ հանրապետության երկրորդ նախագահը նմանատիպ մեծածավալ, մեծամասշտաբ, համակարգային խառնաշփոթ ստեղծելով, ողբերգություն է սարքել մեր ժողովրդի համար: Բացի այն, որ «0038» հրաման կա, կան նաև ենթահրամաններ: Այդ հրամաններով ու ենթահրամաններով փետրվարի 23-ից սկսած սահմաններից անգամ զորք է բերվել քաղաք, որը մասնակցել է կոնկրետ գործողությունների և ամենատարբեր ուղղություններով կրակել է: Սա արդեն բավարար է արձանագրելու, որ «0038» հրամանը և կատարված գործողությունները միմյանց լրացնող են, և որևէ մեկը չունի դրան որևէ բան հակադրելու իրավական ու փաստական հիմք: Ինչ ասեմ, ամեն մարդ ինքն է իր պաշտպանությունը կազմակերպում: Գուցե իրենք միֆ են համարում Հայաստանի պատմության մեջ ՀՀ երկրորդ նախագահի դատվելու հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նախկինում երբեք որևէ նախագահ քրեական պատասխանատվության չի ենթարկվել իր կատարած ու չկատարած արարքների համար: Բայց նաև մենք գիտենք, որ որևէ նախագահ այդպես ռիսկով սեփական ժողովրդի դեմ զորք չի հանել: Մենք նաև գիտենք, որ այդպիսի արյունոտ կիրակի մեր կյանքում չենք ունեցել: Հետևաբար ոչ մի միֆ էլ չկա, սա փաստերի վրա հիմնված քրեական գործ է: Կհրապարակվի, ու դուք առիթ կունենանք տեսնելու, որ այն, ինչ այսօր նրանց կողմից ասվում է, ոչ մի կապ չունի «Մարտի 1»-ի գործի ապացույցների հետ: Տիկին Սաֆարյան, դատարանում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը կարծես փորձեց պատասխանատվությունը գցել այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի վրա՝ նշելով, որ ոստիկանությունը ենթակա է եղել վարչապետին, ոչ թե նախագահին: Ինչպե՞ս եք գնահատում այդ փորձը: Ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ ինչ արել է, լավ է արել, ճիշտ է արել: Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները փոխվել են, կամ մենք լսեցինք որևէ բան, որը հակառակի մասին վկայի: Նիկոլ Փաշինյանի խոսքը շահարկելը բացառապես ուրիշ նպատակ ունի: Եթե նկատել ենք, անընդհատ փորձում են դատավարությունը դիտարկել վրեժի ֆոնի վրա կատարված քննություն և այլն: Այնպես չի, որ իրենք չգիտեն, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող դատապարտվել, որովհետև իրականում դատապարտելի արարք չէր արել: Իրենք գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը զուտ քաղաքական հետապնդման է ենթարկվել, բայց քանի որ Եվրոպական դատարան դիմելու նպատակներ են որդեգրել և այդպիսի շրջանառվող լուրեր կան, ես հասկանում եմ, որ դատարանում դա հրապարակում են, որպեսզի հետագայում օգտագործեն: Բայց ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, որը ոչ զորք է ունեցել, ոչ զենք է ունեցել, ոչ զենք է կիրառել: Եթե Նիկոլ Փաշինյանի լեզուն ու խոսքը հանրահավաքի ժամանակ կարող էին փոխարինել Ռոբերտ Քոչարյանի արածին, ապա խնդրեմ, թող բերեն, համադրեն ու միֆային եզրահանգումների գան: Ալումյանը նաև հայտարարեց, որ մի բարձրաստիճան սպա Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին նախազգուշացրել է, որ ոստիկանությունը պետք է ստուգում անցկացնի: Նա նշել է, որ ցուցարարները ոչ միայն մոլոտովի կոկտեյլներ, մահակներ, «ոզնիներ» են ունեցել, այլև մարտական նռնակներ: Նորից շեշտադրումն անում են ցուցարարների վրա: Դե արդեն ուրիշ ելք չունեն, քանի որ Եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանի և մյուսների գործերով արձանագրել է, որ մարտի 1-ի առավոտյան գործողությունները, հետագայում նաև ոստիկանության կողմից ուժի գործադրումը եղել է ոչ համաչափ, որ կառավարությունը չի կարողացել իր տեսակետը հիմնավորող ապացույցներ ներկայացնել: Ժամանակին անվտանգության այսպես կոչված ենթադրվող օպերատիվ տվյալները ոստիկանությունը չի էլ ունեցել: Դրանք բոլորը հորինվել ու կեղծվել են, որոնց կապակցությամբ քրեական գործով կան ապացույցներ: Դրանց մասնակցել են շատ պաշտոնյաներ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին նախագահականում աշխատող պաշտոնյաներ: Հետևաբար, ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի: «Մարտի 1»-ի գործը որքանո՞վ է փակուղի մտել: Հավատացեք, գործը փակուղի չի մտել, Քոչարյանի պաշտպանությունն է փակուղի մտել: Մեկ ասում են՝ զորքը չի եկել, մեկ ասում են՝ զորքը եկել է այլ նպատակով, մեկ ասում են սահմանից չի եկել: Երբ որ քրեական գործով տեսնում ես, որ ցուցմունքներ կան, որ զորքը եկել է սահմանից, հիմա էլ ուրիշ կերպ են դա շահագործում, հետո դա էլ չի ստացվում: Չի ստացվում, որովհետև ճշմարտությունը մի երես ունի, և ինչքան էլ փորձեն մրոտել այդ երեսը, չի մրոտվում: Ժողովուրդը մարտի 1-ը տեսել է, այնպես չի, որ քննիչի սենյակում ինչ-որ մեկից ճշմարտությանը չհամապատասխանող ինչ-որ բան են վերցրել: Այսօր ինձ մոտ նորից եկել են մարդիկ, որոնք սպանությունների վերաբերյալ ցուցմունք են տվել, մանրամասն նկարագրել են սպանվածներից մեկի դրվագը: Ես խորհուրդ եմ տվել գնալ և ՀՔԾ-ում շարունակել այդ ցուցմունքներն այնտեղ տալ: Այսինքն մարդիկ այդ բոլորը տեսել են: Շատերը մարզերի բնակիչներ են, հիմա նոր գալիս են, ասում են: Տեսել են, թե ինչպես են իրենց կողքի մարդիկ խփվում և ընկնում աճուկային մասում: Ընդ որում, իրենք ասում են, որ 20 աստիճանի թեքության տակ էր, այսինքն ոչ միայն կասկածի տակ է դրվում դիպուկահարների կողմից խփելու հանգամանքը, այլև այն, թե արդյոք որևէ մեկի տնից կամ այդ հեռավորությունից նույնպես կրակոցներ չեն եղել: Ամբողջը, որ արվել է, արվել է մեկ մարդու նախաձեռնությամբ և շատ-շատ հենակետեր է ունեցել և ռազմական ասպարեզում, և դատական համակարգում, և իրավապահ համակարգում: Բոլոր համակարգերը փոխադարձաբար օժանդակել են, որպեսզի մարտի 1-ը սկսվի և ավարտվի այն սցենարով, ինչ սցենար նախատեսել են նախկին իշխանությունները:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
02-03-2020 11:18