Այսօր որոշում կկայացվի. Արսեն Թորոսյան

12-03-2020 13:16

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ հարցերին: Նա հայտարարեց, որ Հայաստանում իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները: Իտալիայից եկած վարակակիրների շրջանակը ճշտվում է, մեկուսացման աշխատանքներ են իրականացվում, ասաց նա: «Մենք երեք պացիենտների հետ անմիջական շփում ունեցող անձանց մեկուսացնում ենք: Նաև իրականացնում ենք այդ անձանց շրջանակները պարզելու գործընթացները: Մի դեպքում ունենք մեծ շրջանակ, գրեթե բոլորը հայտնի են, արդեն մենք իրենց իդենտիֆիկացրել ենք: Բացարձակ կապ չունի, թե այդ մեծ շրջանակն ինչ հանգամանքներում է իրար հետ շփվել, դա կարող է լինի  խանութում առևտուր, հարևանի հետ շփում, ինչ-որ միջոցառման մասնակցել կամ որևէ այլ հաստատություն այցելել: Շրջանակը հնարավոր է մինչև 50 հոգի դառնա, և այդ 50 հոգու համար մեկուսացվելու աշխատանքներ կտարվեն: Նաև Իտալիայի քաղաքացու շրջանակն է մի քիչ մեծ, որոնք բոլորը միանգամից մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում, չեն լքել իրենց բնակավայրը, դա առանձնացված շենք է, ուրիշ մարդիկ չեն բնակում այդ շենքում, և այդ ընտանիքներն ուղղակի երկու շաբաթ կմնան»,- ասաց Թորոսյանը: Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու որոշում չկա դադարեցնելու վարչապետի կողմից անդկացվող քարոզարշավն ու փակելու կրթական հաստատությունները: «Եկեք որոշումների առումով դեռ չշտապենք: Որոշումները կայացվում են օրական ռեժիմով, երբեմն ժամային, և հնարավոր է ցանակացած պահի այլ որոշում կայացվի: Ցանկացած երկիր իրականացնում է իրավիճակին համահունչ միջոցառումներ: Երբ մենք մեկ դեպքով դադարեցրեցինք դասերը, շատ պարզ բացատրություն կար այդ ամենին, հանրային վստահության համար որոշվեց հինգ օրանոց արձակուրդը տեղափոխել առաջ: Հիմա ունենք նոր իրավիճակ, և այսօր էլի որոշում կկայացվի այդ նոր իրավիկճակի վերաբերյալ: Որոշումն այս պահին դեռ կայացված չէ, թե չէ ես կհայտնեի: Սակայն չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված: Մենք բազմիցս նշել ենք, որ հանրային առոջղությունը և մեր քաղաքացիների առողջությունը ամենակարևորն է ՀՀ գործող կառավարության համար: Եվ որևէ քաղաքական դրդապատճառ մեզ հետ չի պահի նման որոշումներ կայացնելուց: Որոշումները կկայացվեն, և դրա մասին հանրությունը պատշաճ կտեղեկացվի»,- ասաց Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև անդրադարձավ Իտալիայից սպասվող չարթերային թռիչքին՝ նշելով, որ քննարկվում է այդ անձանց երկու շաբաթով հատուկ տեղում պահելու հնարավորությունը:

Lragir.am,
12-03-2020 13:16