Զորացրված սպաները բողոքի ակցիա են անում բնակարանային խնդրի կապակցությամբ

12-03-2020 13:46

Կառավարության շենքի  մոտ այսօր բողոքի ակցիա էին անում զորացրված սպաները՝ պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները: «Մենք ուզում ենք մեր խոսքը հասանելի լինի վարչապետին, որ այսօր Պաշտպանության նախարարության բնակհանձնաժողովն անգործություն է դրսևորում: Արդեն չորս-հինգ ամիս է  շրջանների ժողովրդի փաստաղթղթերը թարմացվել են, և ոչ մի նիստ չի իրականացվում: Այս արհեստական նիստեր չանցկացնելը մենք չգիտենք, թե ինչ հետևանքներ կունենա»,- ասացին ակցիայի մասնակիցներից պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը: Նրանց խոսքով՝ ընդհանուր հերթագրված զինվորական թոշակառուների թիվը կազմում է մոտ հազար մարդ: «Իրենք երեք մարզերի հետ կապված հանձնաժողով են կազմել, սերտիֆիկատներ են տրամադրել 120 հոգու, բայց 120-ից ընդամենը 30 հոգին է, որ կարողացել է բնակարան ձեռք բերել: Արդեն վեց ամիս անցել է, մնացած 90 հոգին չեն կարողանում բնակարան ձեռք բերել: Իսկ պատճառը բնակարանների թանկ լինելն է: Իրենք հատկացնում են կադաստրային արժեքին համապատասխան, բայց այսօր շուկան ու կադաստրային արժեքը մոտավորապես 30 տոկոսի տարբերություն է տալիս: Մեր պահանջն առաջնարհերթ այն է, որ թող նիստեր անցկացնեն, մարդկանց հատկացնեն, մարդիկ հասկանան՝ կարողանում են գնել, թե չեն կարողանում գնել, նոր արդեն երկրորդ հարցն է՝ գումարը պակասեցնեն, թե ավելացնեն»,- ասաց Կարեն Հակոբյանը:

Lragir.am,
12-03-2020 13:46