Մեկամսյա ժամկետում ID Bank-ի հաճախորդները կարող են վարկային մարումները կատարել ցանկացած ժամանակ

17-03-2020 16:27

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ երկրում ստեղծված իրավիճակն ու հոգ տանելով հաճախորդների մասին, IDBank-ը որոշում է կայացրել ս․թ․ մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձ իր հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն  իրականացնել ազատ գրաֆիկով՝ իրենց հարմար ժամանակ: Նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուի նկատմամբ , տույժ և տուգանք չի կիրառվի, վարկը չի դասակարգվի, իսկ վարկառուի վարկային պատմությունը չի տուժի: Այն իրավաբանական անձանց նկատմամբ, ում գործունեությունը կապված է հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտների հետ և ովքեր կորոնավիրուսով պայմանավորված կունենան վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ, Բանկը կցուցաբերի անհատական մոտեցում: Վարկերի մարումներն իրականացնելու խնդիրների դեպքում իրավաբանական անձ հանդիսացող մեր հաճախորդներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ փոստի հասցեով, նամակի subject տողում նշելով «Վարկային մարումների հետաձգում», իսկ նամակում մանրամասն նկարագրելով կորոնավիրուսով պայմանավորված Ձեր անվճարունակության հետ կապված իրավիճակը: Մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: Միաժամանակ այն հաճախորդներին, որոնք ունեն ֆինանսական մուտքեր և հնարավորություն,  հորդորում ենք վարկային պարտավորությունները կատարել ժամանակին, հետագա վարկային բեռը չծանրացնելու նպատակով՝ օգտվելով հեռահար սպասարկումից՝ IDBanking.am հարթակի, Idram հավելվածի, ինչպես նաև IDBanking 24/7 տերմինալների միջոցով, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Վարակի կանխարգելման նպատակով վճարումները խանութներում և սպասարկման կետերում իրականացնել անկանխիկ եղանակով, քանի որ թղթադրամները կարող են վիրուսի փոխանցման աղբյուր հանդիսանալ: Այդ մասին նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram վճարային տերմինալներից: Այնուամենայնիվ Բանկի մասնաճյուղերը գործում են բնականոն գրաֆիկով, խստորեն պահպանվում են Առողջապահության նախարարության բոլոր ցուցումները:

Lragir.am,
17-03-2020 16:27