ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվելու է ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությամբ

18-03-2020 18:40

Աշխարհում COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ մեծացել են տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վերաբերյալ անորոշությունները, որի հետևանքով ավելացել են նաև մակրոտնտեսական կայունության ապահովման մարտահրավերները: Այս իրավիճակում, ՀՀ կենտրոնական բանկը, կարգավորողի և վերահսկողի իր գործառույթներն իրականացնելիս, առաջնորդվելու է հիմնական նպատակ հանդիսացող ֆինանսական կայունության ապահովման, ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման անհրաժեշտությամբ՝ միաժամանակ հավասարակշռելով իր գործողությունները տնտեսական ակտիվության պահպանման համատեքստում: Նշված նպատակների համար ՀՀ կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի (իրացվելիության տրամադրման գործիքներ, մակրոպրուդենցիալ և տնտեսական նորմատիվներ), որոնք ըստ անհրաժեշտության կիրառվում են Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական համակարգի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները  կլանելու կամ մեղմելու համար: Իրադարձությունների հետագա ընթացքի տարբեր փուլերում Կենտրոնական բանկը դիտարկում է նաև բոլոր կողմերի շահերը հավասարակշռող մոտեցումների կիրառում: Իրականացվող քաղաքականության արդյունավետության համար Կենտրոնական բանկը մշտապես հաղորդակցվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ, ինչպես նաև կարևորում վերջիններիս սերտ և թափանցիկ հաղորդակցումը իրենց հաճախորդների հետ: Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպությունների սերտ համագործակցության և օպերատիվ գործողությունների արդյունքում բոլոր այն քաղաքացիները, ովքեր տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրների առջև են կանգնել, հնարավորություն ունեն դիմել իրենց սպասարկող կազմակերպությանը իրենց վարկային պարտավորությունների համար անհատական մոտեցում կիրառելու նպատակով: Արդյունքում՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդի դրամական հոսքերի գնահատման հիման վրա կարող է ձեռք բերվել երկկողմ համաձայնություն, այնպես որ հաճախորդի վարկային բեռը կտրուկ չավելանա և ժամանակավոր դժվարությունները բացասաբար չանդրադառնան վերջինիս վարկային պատմության վրա: Միևնույն ժամանակ, նպատակահարմար ենք համարում հնարավորության դեպքում ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև հաղորդակցումն իրականացնել հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով, ինչպես նաև հորդորում ենք քաղաքացիներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս հնարավորինս օգտվել բանկային էլեկտրոնային ծառայություններից (վճարային հավելվածներ, առցանց բանկային ծառայություններ): ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Lragir.am,
18-03-2020 18:40