Ով ուզում էր կողքից մտնի տենդեր, կամ ծեծում էին, կամ վախեցնում. Հայկ Մարության

19-03-2020 15:50

«Գլուխն եմ կտրելու էն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նախորդ ժամանակաշրջանում ծրագրերի թերակատարմանը: Ըստ քաղաքապետի՝ ՀՀ-ն ու Երևանը վերջին մեկ ու կես տարում ապրում են նոր իրողությունում: «Այդ իրողությունը հետևյալն է, որ այլևս չկան մշտական շահող ընկերություններ, որ մշտական իրենք էին անում՝ էս մի գործը էս մարդն է անում, էս գործն՝ էս մարդը: Ով ուզում ա կողքից մտնի տենդեր, կամ ծեծում էին, կամ վախեցնում, կամ մի բան անում էին, սիրուն խելոք գնում էր: Այլևս դա չկա: Ի՞նչ է կատարվել անցած տարի քաղաքապետարանում՝ եկել է նոր իշխանություն և ասել է, որ այսուհետ մրցույթները պետք է լինեն ազնիվ, թափանցիկ, բոլորի համար: Ի՞նչ է դրա համար պետք անել՝ տեխնիկական բնութագիր գրել: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ գրեթե բոլոր վարչություններում չկային մարդիկ, ովքեր կարող էին տեխնիկական բնութագրեր գրել: Ինչո՞ւ, պատասխանը բնական է, որովհետև դրա կարիքը չի եղել, ի՞նչ մրցույթի ու տեխնիկական բնութագրի մասին է խոսքը, էս մարդն է կրելու, մշտական ունի 10 տարվա: Անցած տարի մենք վերջ տվեցինք էդ ամենի ինչին: Հերիք չի մշտական ունեին, նաև իրենց ոչ ոք չէր ստուգում: Իրենք խելոք այդ ատկատ կոչվածը տանում տալիս էին և դրա համար գերշահույթ ունեն՝ անգամ ցածր գին առաջարկելով: Եվ մենք տեսնում ենք այդ որակ չստուգելու արդյունքներն ամեն տեղ»,- ասաց Հայկ Մարությանը: Ըստ նրա՝ տեղի ունեցավ այլ երևույթ, շուկան բացվեց, շատ ընկերություններ եկան, որոնք տեղյակ չէին շուկայից, սկսեցին անհիմն ցածր գներ տալ, մրցույթները շահեցին, բայց հետագայում չկարողացան տակից դուրս գալ: «Այո, մենք տվեցինք տույժ-տուգանքը, սև ցուցակը, բայց ի վերջո ունեցանք չկատարված աշխատանք: Բայց այդպես են տեղի ունենում փոփոխությունները: Առակներից մեկն ասում է՝ Աստված ոչ անի ապրել փոփոխությունների ժամանակ: Եվ, այո, մենք ապրում ենք բարդ ու դժվար ժամանակներ: Եվ մենք անելու ենք այդ փոփոխությունները, ոչ թե վախենալու ենք, որ մի քիչ տոկոսը ցածր կամ բարձր լինի, մենք անելու ենք համակարգային փոփոխություն: Մենք գնալու ենք 100 տոկոսանոց թափանցիկությանը, 100 տոկոսանոց ազնվությանը, որ յուրաքնաչյուր մարդ կարողանա գա ու մասնակցի մրցույթին»,- հավելեց նա: Ըստ քաղաքագետի՝ որոշ ծրագրերի թերակատարումը հենց նրանով է պայմանավորված, որ քաղաքապետարանը չի ընդունել անորակ աշխատանքները: Ըստ նրա՝ գումարը ծախսվելու է միայն նորմալ 100 տոկոսանոց որակյալ աշխատանքներն ընդունելուց հետո: «Քանի ես քաղաքապետ եմ, ես գարանտ եմ այստեղ, որ այդ համակարգային փոփոխություններն արվելու են, երաշխավորն եմ նրա, որ սա արվելու է 100 տոկոսով ազնիվ, թափանցիկ, արդար, առանց կոռուպցիայի: Գլուխն եմ կտրելու էն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու: Կներեք, որ այսպես կոպիտ եմ ասում: ՀՀ ժողովուրդը վստահել է մեզ՝ նոր իշխանություններին, և եթե մեկն իր մտքով կարող է անցկացնել, որ կարող է դավաճանել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու ժողովրդի, իմ կողմից: Ամեն ինչ լինելու է ազնիվ, որովհետև ժողովուրդը դա է մեզնից սպասում, և արդյունք է լինելու»,- հավելեց Հայկ Մարությանը:

Lragir.am,
19-03-2020 15:50