Ասֆալտապատման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի ճանապարհին անհարթություն առաջացնող դիտահորերին

20-03-2020 22:30

Երևանի քաղաքապետարանը 2020 թ-ին իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքում առանձին ուշադրության կարժանացնի ճանապարհի վրա անհարթություն առաջացնող դիտահորերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «100 միլիոն դրամ է հատկացված Երևանի 2020-ի բյուջեում՝ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը: Ճանապարհի մակերևույթից ցածր կամ բարձր նիշի վրա գտնվող դիտահորերը այսօր երթևեկության համար խոչընդոտ են դառնում՝ երբեմն վթարային վիճակ ստեղծելով կամ վնասելով մեքենաները: Դրանք հիմա՝ ճանապարհների վերանորոգման ընթացքում կհավասարեցվեն ասֆալտի մակերևույթին»,- նշել է Կարապետյանը: Նա նշել է, որ դիտահորերի խնամքի համար ըստ էության, պատասխանատու են ջրմուղ-կոյուղու կամ կապի համապատասխան կազմակերպությունները, բայց քանի որ տարիներ շարունակ գործող կարգավորումներով խնդիրը չի լուծվում, քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը:

Lragir.am,
20-03-2020 22:30