5 անգամ կրճատվել է մետրոյի ուղևորների քանակը: Նույնը ավտոբուսներում է. Երեւանի փոխքաղաքապետ

21-03-2020 14:25

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Երևանում տրանսպորտի խնդրին: Հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը 60 և ավելի տարիքի անձինք են, ովքեր այս օրերին տանն են, հետևաբար տրանսպորտի քանակը քչացել է: Փոխքաղաքապետը հաստատեց սա: «Այո, տրանսպորտի վարորդների մեծ մասը 60 և ավելի տարիքի են, և գաղտնիք չէ նաև, որ այսօր ուղևորների քանակն էլ է քիչ, բնականաբար, նաև տրանսպորտի շարժակազմն է քիչ: Եթե սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենն օրական ունենում էր շուրջ 75 հազար ուղևոր, այս պահին ունենում է շուրջ 15 հազար: Մոտավորապես 5 անգամ կրճատվել է մետրոյի ուղևորների քանակը: Նույնը ավտոբուսներում է. Նախկինում օրական 70 հազար էր, հիմա օրական 20 հազար է: Մինչ այս օրական 850-900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, այս պահին՝ 500 է դուրս գալիս: Բնական է, որ այն վարորդները, ովքեր պարետատան ու Առողջապահության նախարարության ցուցումով պարտադիր չէ, որ աշխատեն՝ 6-ն անց են կամ ունեն խրոնիկ հիվանդություններ, տանն են, չեն աշխատում»,- ասաց փոխքաղաքապետը: Սերգեյ Հարությունյանը նշեց, որ բոլոր շահագործվող տրանսպորտային միջոցները ախտահանվում են: Ըստ նրա՝ չկա մի թաղամաս, որտեղ չի գործում տրանսպորտ, պարզապես թիվն է նվազել, ինչը, այո, դժվարություններ է առաջացնում:

Lragir.am,
21-03-2020 14:25