Այդ ավտոբուսները պահվում են հենց կոլապսային իրավիճակներից խուսափելու համար. Հակոբ Կարապետյան

21-03-2020 14:43

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե Երևանի իշխանությունը որքանո՞վ է պատրաստ տրանսպորտի հնարավոր կոլապսին՝ հաշվի առնալով, որ շատ մասնավոր ընկերություններ այս օրերին հայտարարում են, որ վնասով են աշխատում և այսպես շարունակվելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը: «Կոլապսի հետ կապված՝ Աստված ոչ անի, եթե այդպիսի իրավիճակի հասնենք: Երևան քաղաքային համայնքի ենթակայությամբ գործող Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ունի ռեզերվային թվով ավտոբուսներ: Ինձ երբեմն հարց են տալիս՝ ինչո՞ւ այդ ավտոբուսները չեն գործարկվում, այդ ավտոբուսները պահվում են հենց կոլապսային իրավիճակներից խուսափելու համար: Մենք կարող ենք համարել, որ հիմա ունենք տրանսպորտի հետ կապված լարված վիճակ, բայց կոլապսից հեռու ենք»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Նա հավելեց՝ երբ մասնավոր փոխադրողները դադարեցնում են իրենց գործունեությունը, այդ ռեզերվի միջոցով իրավիճակը վերականգնվում է: Նա ասաց, որ տեղյակ է՝ շահագործող ընկերությունները նվազեցրել են օրվա հարկերը: «Նաև տեղյակ եմ, որ քաղաքապետարանը և կառավարական մարմինները քննարկումներ են անցկացնում՝ որոշակի այլ տուրքերի վերանայման հետ կապված»,- հավելեց Հակոբ Կարապետյանը:

Lragir.am,
21-03-2020 14:43