Ինչ խնդիրներ վեր հանեց հեռավար կրթության անցնելը

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Պարոն Հովհաննիսյան, անցել ենք հեռավար ուսուցման և տեսնում ենք, թե ինչ է կատարվում ֆեյսբուք սոցիալական ցանցում. սա ապացուցում է մի բան,  որ մեր մանկավարժական, դասախոսական կազմը դեռևս պատրա՞ստ չէր հեռավար կրթությանը: Բնական է, որ պատրաստ չէր լինելու, քանի որ շատ արագ կատարվեց այս ամբողջը: Շատ շատերը տեխնոլոգիաներն օգտագործելու հետ կապված խնդիրներ ունեն, շատերը դեռևս այդ ինտերակտիվ միջավայրը ստեղծելու խնդիր ունեն, ուր մնաց սոցիալական ցանցերում: Բայց ելնելով ստեղծված իրավիճակից՝ արվում է առավելագույնը թե՛ հեռուստատեսությամբ, որտեղ լավագույն մասնագետներն են ներգրավված, թե՛  ուսուցման  հարթակներում, թե՛ դպրոցներում շատ երեխաներ նստած դաս են անում: Բայց բնականաբար ակտիվ լսարանային միջավայրն այլ բան է, հեռավար կրթությունը՝ այլ բան: Որքա՞ն է լինելու դրա արդյունավետությունը: Նշվում է, որ այն մեծ արդյունք չի տալու և ի վերջո այնպես չի լինելու, որ կարողանանք արձանագրել՝ երեխաները չկտրվեցին դասապրոցեսից: Բնականաբար, որոշակի իմաստով կտրվելու են, բայց այստեղ բավականին մեծ է ծնողների պատասխանատվությունը և ծնողների՝ երեխաների դասերին հետևելու պատրաստակամությունը, քանի որ պետք է թե՛ ստիպեն, թե՛ խրախուսեն իրենց երեխաներին, որպեսզի դասապրոցեսը կարողանան անել: Բնականաբար, էլի եմ կրկնում, չի կարող դա փոխարինել ակտիվ լսարանային միջավայրին, որովհետև այդ KPI կոչվածները, վերջնարդյունքները չափելու գործիքները որպես էդպիսին ձևակերպված չեն: Սա ուղղակի ակտիվ մթնոլորտը պահելու և դասերից չկտրվելու խնդիր է լուծում այս պահին: Իսկ իրականում հեռավար կրթությունը իր մեջ ներառում է վերջնարդյունքները չափելու տարբեր գործիքներ, այսինքն միայն զուտ դասը այսպես փոխանցելը չի, փոխանցելու ընթացքում նաև պետք է չափել, թե դասի արդյունքն ինչ եղավ: Իսկ այդ իմաստով դեռևս անելիքներ կան: Ինչպե՞ս են անցնում Ձեր դասերը հեռավար եղանակով: Իմ դասերն անցնում են Zoom հարթակով: Ուսումնական պլանը (syllabus) հստակ է: Ամերիկյան համալսարանում, այս շաբաթ նաև պետական համալսարանում կանեմ Zoom-ով: Ուսանողների հետ կապվել եմ, որ բոլորը պատրաստ լինեն: Իսկ Ամերիկյանը բավականին լավ հարթակ է․ կարողանում ես թե՛ սլայդշոու (slideshow), թե՛ վիդեոներ ինտեգրել այդ հարթակի մեջ: Եթե այդ պահին հարց են ունենում, միացնում են միկրոֆոնը, ձեռք են բարձրացնում, որն էլեկտրոնային երևույթ է, և տալիս են իրենց հարցը, օնլայն տարբերակով քննարկում է ծավալվում: Մի խնդիր կա․ ուսանողը կարող է իր վիդեոն անջատել՝ դեռևս մնալով օնլայն, և դու չգիտես՝ ինքը լսում է դասը, թե ոչ: Այս խնդիրը կա, որը դժվարացնում է վերահսկումը: Հիմա մտածում եմ մի բան անել, բոլորին ասել, որ միացրած պահեն վիդեոները: Չնայած չգիտեմ՝ հնարավոր է դա անել, թե ոչ: Մի խնդիր կա, որ տարիներ շարունակ քննարկվում է և լուծում չի գտնում: Դա հայատառ գրելու խնդիրն է: Աշակերտներից, ինչպես նաև ուսանողներից շատերը նշում են, որ դասախոսները շարունակում են չաթերում լատինատառ գրել: Կարծում եմ՝ բոլորը պետք է հասկանան, որ չպետք է լատինատառ գրել, պետք է անցնել հայատառ գրելուն: Եթե խոսում ենք ուսուցման, կրթության որակի բարձրացման մասին, թեկուզ հեռավար եղանակով, ապա պետք է բոլորը պարտադիր անցնեն հայատառ գրագրության: Կորոնավիրուսի պատճառով այս ժամանակավոր դադարը կրթության համակարգում ի՞նչ խնդիրներ վեր հանեց: Ես նշել եմ, Չինաստանում Սի Ծինփինի մակարդակով նույնպես ասվում է, որ սա հնարավորության պատուհան է բացում չարվածը արագ անելու, էլէկտրոնային գործիքներ զարգացնելու, տարբեր էլէկետրոնային հարթակներ ակտիվացնելու համար: Այդ իմաստով սա լավ հնարավորություն է կրթության համար մի հատ, այսպես ասած,  ռեսթարթ անելու համար և հետագայում ավելի լավ արդյունքներ գրանցելու համար: ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվեցին: Մինչ այդ նշվում է, որ իշխանությունն ունի ցանկալի թեկնածու, արդեն առաջադրումներ կային: Հիմա ի՞նչ է լինելու: Ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ, որ իշխանությունը ունի ցանկալի թեկնածու, բայց նաև գիտեմ, որ կապված այս իրավիճակի հետ՝ ապրիլի մեկից դադարելու են գործող հոգաբարձուների խորհրդի լիազորությունները, և թե ինչ լուծումներ կգտնեն, կերևա արտակարգ դրության ավարտից հետո: Այսինքն, դրանից հետո նոր հոգաբարձուների խորհուրդ միգուցե կլինի, կամ օրենքը մինչ այդ  կընդունվի արդեն, նշանակովիության սկզբունքը կգործի: Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե ինչ գործընթաց կարող է ծավալվել արտակարգ դրությունից հետո:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
22-03-2020 19:24